Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը տագնապ է առաջացնում. Տիգրան Աբրահամյան

Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության պաշտոնական կայքում տեղադրվել է ՀՀ բանակի կերպափոխման հայեցակարգը: ՀՀ պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ տարածաշրջանում վերջին տարիներին տեղի ունեցած ակտիվ ռազմական գործողությունների արդյունքները և դրանց հաջորդած զարգացումները վկայում են, որ ՀՀ զինված ուժերի՝ նախկին խորհրդային չափանիշների հիման վրա հետագա զարգացման և ՀՀ պաշտպանության կազմակերպման գործում դրանց ադապտացման հնարավորությունները սպառել են:

Այսինքն, ռազմական պլանավորման և պատերազմավարման ներկայումս գործող ձևերի և եղանակների հետագա կիրառման դեպքում ՀՀ զինված ուժերը տեսանելի հեռանկարում չեն կարողանա ապահովել իրենց առջև դրված խնդիրների կատարումը, ուստի անհրաժեշտ է արմատապես վերանայել զինված ուժերի և դրանց հետագա զարգացման վերաբերյալ մոտեցումները:

Ըստ այդմ, Բանակի կերպափոխման հայեցակարգում առաջարկվում է ԶՈւ ղեկավարման և կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում, պատերազմական ձևերի ու եղանակների (ռազմավարական, մարտավարական, օպերատիվ օղակներում), սպառազինության և ռազմական տեխնիկայի, մարտական և օպերատիվ պատրաստության վերանայում, ռազմական պլանավորման նոր սկզբունքների որդեգրում, հրամանատարական պատրաստության և ղեկավարման ու կառավարման նոր սկզբունքների ներդրում, զորաշարժային մարտական գործողություններ վարելու ունակ կազմավորումների ձևավորում և այլն:

168.am-ն անդրադարձել է Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարության մշակած Բանակի կերպափոխման հայեցակարգին` ընդգծելով, որ այն չի հստակեցնում Հայաստանի դեմ սպառնալիքները, դրանց ուղղություններն ու երկրները, նաև չի ենթադրում սանձահարման/զսպման հստակ համակարգ։ 

Կարդացեք նաև

Նշված թեմայի շուրջ և ոչ միայն 168.am-ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ:

– Նախ՝ այդ հայեցակարգի ընդունմանը չի նախորդել մասնագիտական, ինչո՞ւ չէ, նաև՝ քաղաքացիական հասարակության ոլորտային մասնագետների ակտիվ քննակումներ տարբեր ֆորմատներով: Եվ պաշտպանության նախարարությունն իր պատկերացումների շրջանակում հայեցակարգ է հրապարակել: Սա՝ առաջին: Երկրորդ, ինչ վերաբերում է նոր պատերազմներին կամ ժամանակակից պատերազմի պայմաններում նախկին մեթոդներին, մարտի վարման կանոններին, ղեկավարման փոփոխություններին, անշուշտ, դժվար է որևէ ձևով բացառել, որ ցանկացած ժամանակահատված իր հետ բերում է նոր փոփոխություններ, նոր սպառնալիքներ և մոտեցումներ, և, բնականաբար, յուրաքանչյուր երկիր, հատկապես՝ պատերազմի մեջ գտնվող երկրները, պետք է իրենց զինված ուժերն արագ ադապտացնեն: Բայց տպավորություն կա, որ 2020թ. 44-օրյա պատերազմը, Հայաստանի նկատմամբ 2021, 2022 թվականի ադրբեջանական հարձակումները, ՀՀ իշխանությունները փորձում են արդարացնել նրանով, թե իբր բանակում գործել են ոչ ժամանակակից մոտեցումներ, և դա է պատճառը, որ փաստացի ունենք այն, ինչ ունենք՝ օկուպացված ՀՀ տարածքներ, զավթված Արցախ և այլն:

Կրկնում եմ, իհարկե, ժամանակակից պատերազմները և անգամ վերջին 4 տարվա պատերազմները, այդ թվում՝ 44-օրյա պատերազմը, դրա վարման ձևերը, կիրառվող զինատեսակները ցույց տվեցին, որ իսկապես բավականին փոփոխության կարիք կա: Սակայն հայեցակարգը որքան էլ որոշակի սահմանում է, թե ո՞ր ուղղություններով պետք է շարժվել, դրանով որևէ ձևով ուրվագծված չեն այն նոր մեթոդները, որոնք պետք է արտացոլված լինեն ԶՈՒ նոր մոդելում, այսինքն՝ մոդելային, խորքային առաջնահերթությունները սահմանված չեն, իսկ այն, ինչ սահմանված է, ցանկացած մոդելի դեպքում էլ կարող են առաջնահերթություն լինել։ Իհարկե, կան սահմանված ուղղություններ, որոնք ՆԱՏՕ-ական բանակին համապատասխանող չափանիշներ են ենթադրում, բայց մեկ բան է սահմանումը, մեկ այլ՝ իրագործումը, տեղայնացումը հայկական զինված ուժերում, ինչպես դրանք գործում են ՆԱՏՕ-ական երկրների բանակներում:

Այսօր շեշտը դրվում է ինժեներական կառույցների վրա, որի հետ կապված վերապահումներ ունեն և՛ Սեյրան Օհանյանը, և՛ Մովսես Հակոբյանը: Մյուս կողմից, դիրքային մարտերի ժամանակներն անցնում են, և դասական առաջնագիծը, ստատիկ պաշտպանությունը պիտի փոխարինվի տեխնիկական նոր միջոցներով, որի մասին խոսվում է, բայց ամրոցներն իրենց ձևի մեջ էլի ստատիկ պաշտպանություն են: Ի՞նչ է պետք ՀՀ-ին այսօրվա ժամանակակից պատերազմների պարագայում և ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրի պայմաններում:

– Ամրաշինական կառույցների ստեղծումը մի կողմից՝ պետք է հնարավորություն ստեղծի պաշտպանական մարտերի համար, մյուս կողմից՝ հակահարձակողական և հարձակողական: Բայց ինժեներական այդ ողջ կառույցները՝ իրենց ամրաշինական էլեմենտներով, պետք է լինեն ընդհանուր համակարգի մաս, իրար հետ փոխկապակցված, համակցված, և միայն դրա ամբողջությունը հնարավորություն կտա տարբեր իրադրության պայմաններում արդյունավետ մարտ վարել:

Հիմա մի կողմից անհասկանալի է, թե ինչու է դրոշակ դարձվում առաջնագծում և դրանից դուրս մարտական հերթապահության կամ մարտական խնդիրների համար անհրաժեշտ տարբեր կառույցների ստեղծումը։ Ի վերջո, երբ խոսում ենք մարտական խնդիրների մասին, դրանք ենթադրում են ամրաշինական կառույցներ, ինչի իրականացումը ԶՈՒ գործունեության մի մասն է կազմում: Եվ ցույց տալ, որ իշխանությունը միջոցներ է հատկացնում ամրաշինական կառույցների համար և դա ներկայացնել որպես մեծ հաղթանակ՝ տարակուսելի է:

Կամ՝ չկան էական փոփոխություններ, որոնք իշխանությունները կարող են ներկայացնել, և հիմնական շեշտը դրվում է նրա վրա, որ առհասարակ առաջնագծում, երկրորդ գծում կան ամրաշինական կառույցներ: Այս ամենը գովազդային արշավ է հիշեցնում, ընդ որում, այնտեղ հիմնականում տարվում են անձինք, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որոնք կայացել են իրենց ոլորտներում, կարող են վերլուծություններ անել, բայց դրանք խիստ մասնագիտական կառույցներ են, և դրանց կարևորությունը, արդյունավետությունը, ընդհանուր համակարգի մաս կազմելը կարող են գնահատել միայն նեղ մասնագետները:

– ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վերջերս ԱԺում ակնարկեց, որ պետք է քաղաքական հայացքները մի կողմ դնել և տեսնել նաև արված լավ ծրագրերը։ Այս հայեցակարգում լավ ծրագրեր և նպատակներ կան, այլ հարց է՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը հաստատ ուժեղ բանակ ունենալուն չի տանում, որը կարող է իրենից գործոն ներկայացնել:

– Այն ինչը դրական է, նախագծերին քվեարկություններով արտահայտվում է: Սակայն լավն ու դրականն առաջին հերթին պետք է երևա զինված ուժերում և նրա վրա առհասարակ: Չի կարող պետությունը մի ձեռքով դրական ծրագիր նախաձեռնել, մյուս կողմից՝ այդ նույն իշխանության առաջին դեմքը կամ դեմքերը կասկածի տակ առնեն զինված ուժերի ներուժը և հարվածի տակ դնեն մեր զինծառայողներին: Բոլոր ծրագրերը փոխկապակցված են, և ՀՀ այս իշխանությունների օրոք դժվար է ակնկալել, որ զինված ուժերը կբերվեն այնպիսի մակարդակի, որը հնարավորություն կտա հաղթահարել ՀՀ առաջ առկա մարտահրավերները:

– Ի դեպ, օրերս ԱԺ ամբիոնից պաշտպանության նախարարն անդրադառնալով զորակոչի խնդիրներին, հայտարարել է լյուստրացիա սկսելու անհրաժեշտության մասին, քանի որ ՀՀ քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի չծառայի, և, որ պետական պաշտոնյան պիտի իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլև իր մերձավոր շրջապատի, հարազատների զավակները հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից: Իհարկե, նա կոնկրետ անուններ չհրապարակեց:

– Ինքս կարծում եմ, որ զինվորական ծառայությունից հրաժարվելու հետ կապված ցանկացած պատճառ պետք է խորքային վերլուծվի, հնարավորություն տրվի կանխելու խուսափումները, որոնք տարբեր փուլերում և տարբեր ժամանակներում տեղի են ունեցել: Միաժամանակ ակտուալ է մնում հարցը բոլոր այն անձանց մասով, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցնում, կառավարման համակարգում առանցքային դեր ունեն, բայց տարբեր և խիստ կասկածելի պայմաններում իրենց որդիներին կամ իրենց հետ սերտ առնչվող անձանց կարողանում են ինչ-որ ձևով ազատել զինծառայությունից: Կրկնում եմ, սա վերաբերում է ոչ միայն այս փուլին, այլև բոլոր ժամանակներին:

– Զինվորների և սպաների բարոյահոգեբանական մակարդակի բարձրացման հարցն այսօր էլ ակտուալ է, որին տեղ է հատկացվել նաև Բանակի կերպափոխման հայեցակարգում, բայց սրան զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով շարունակում է բացասական ազդեցություն թողնել զինված ուժերի բարոյահոգեբանական իրավիճակի վրա, որը լուրջ ազդեցություն ունի զինված ուժերի մարտունակության վրա: Զինված ուժերին կաշկանդված վիճակում պահելը չի կարող բացասական հետևանքներ չունենալ:

– Երբ խոսում ենք բանակի անձնակազմի բարոյահոգեբանական մակարդակի մասին, սա մի քանի շերտ ունի: Առաջինը դպրոցից, հասարակությունից համակարգ մտնող պարտադիր ժամկետային զինծառայողներն են, և բնական է, որ յուրաքանչյուրի դեպքում կա աշխատանքի մի ծավալ, որը մինչև զինվորական ծառայությունը պիտի արվի, ինչը, սակայն, չի ազատում զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներին պատասխանատվությունից, որ նրանք ունեն քաղաքացիական անձանց զինված ուժերում ինտեգրելու, զինվորական կանոնակարգի շրջանակներում այդ ծառայությունը կազմակերպելու տեսանկյունից:

Պայմանագրային անձնակազմի հետ կապված՝ շարքային, սերժանտական, ենթասպայական անձնակազմ, այս դեպքում ցանկացած պետություն պետք է ունենա ընտրության հնարավորություն: Ներկայիս համալրման հետ կապված բազմաթիվ խնդիրների պարագայում, բնականաբար, այդ խնդիրը չի լուծվում, որովհետև այն ծրագրերը, որոնք կառավարությունը դնում է շրջանառության մեջ, իրենց խնդիրները մեծ առումով չեն լուծում, կամ՝ դրանք կարող են խնդիր լուծել երկարաժամկետ կտրվածքով, ինչը խիստ կասկածելի է: Բայց հաշվի առնելով այն հրատապությունը, որ հիմա կա համալրման հետ կապված, և ԶՈՒ-երում արագ բարեփոխումներ իրականացնելու հետ, եղածը հնարավորություն չի տալիս ճիշտ ուղղությամբ շարժվել: Եվ եթե չկա ընտրություն, բնականաբար, չկան նաև հստակ խաղի կանոններ, ինչպես բարոյահոգեբանական, այնպես էլ հասարակ պատրաստվածության առումով՝ քաղաքացիական սեկտորից պայմանագրային հիմունքներով զինված ուժեր ներգրավելու առումով:

Ինչ վերաբերում է սպայական անձնակազմին, ապա շատ բան կախված է ռազմաուսումնական հաստատություններից, որոնք քաղաքացիական անձանց հնարավորություն են տալիս անցնելու որոշակի ֆիլտրացիա, տեղում գնահատվում է յուրաքանչյուրի հնարավորությունը՝ հետագայում հրամանատարական պաշտոնների նշանակվելու առումով, բայց ընտրության նույն խնդիրը կա նաև ռազմաուսումնական հաստատություններում, որովհետև թեև միջոցներ են կենտրոնացվում մարդկանց դեպի ռազմաուսումնական հաստատություններ բերելու, սակայն այս կառավարության մոտ չի ստացվում, մեծ հաշվով, զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնել: Եվ խնդիրն այստեղ ոչ թե ծրագրերն են, այլ քաղաքական իշխանության առաջին դեմքի այն հռետորաբանությունը, որն առկա է զինված ուժերի նկատմամբ:

– Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նոր որակի ռազմական հարաբերություններ էր խոստացել, բայց դրանք խորհրդատվական մակարդակից չեն անցել, իսկ ՀՀ պաշտպանական քաղաքականության մեջ նախկինում և՛ ԱՄՆ-ը, և՛ ՆԱՏՕ-ն իրենց դերակատարումն ունեցել են: Ըստ էության, քարոզչական էր նաև ԱՄՆ բանակի ներկայացուցչի ՊՆ-ում աշխատելու տեղեկությունները, որի հետ կապված ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հստակություն չէր մտցնում: Իսկ ԱՄՆ դեսպանատնից 168.am-ին հայտնել են,որ Հայաստանում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչ չի աշխատելու, ԱՄՆ Պետքարտուղարության Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագրի շրջանակում Հայաստանում նշանակվել է քաղաքացիական խորհրդատու:

– Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը չի պատկերացնում, թե ինչ է նշանակում ռազմական տեսանկյունից ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցություն, որովհետև կան որոշակի չափանիշներ, որոնց հասնելու համար երկար տարիների և նպատակաուղղված աշխատանք է անհրաժեշտ: Իսկ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ճիշտ հակառակն է՝ մեզ շատ ավելի է հեռացնում ժամանակակից բանակ ունենալու հնարավորությունից:

Նիկոլ Փաշինյանը նպատաուղղված աշխատանք է տանում, որ Ադրբեջանի հետ ռազմավարական գործարք կնքվի, բայց չգիտես՝ ինչու, Իրանի հետ ռազմավարական դաշինք կնքելու, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին նոր մակարդակ հաղորդելու մասին չի մտածում՝ ռազմական բաղադրիչը հաշվի առնելով, երբ Ադրբեջանը Ռուսաստանի հետ պատերազմից հետո համապատասխան հռչակագիր ստորագրեց և նպատակ ունի բարելավելու այդ ռազմավարական հարաբերությունները: Սա այն դեպքում, երբ Ադրբեջանը ռազմավարական հարաբերություններ ունի Թուրքիայի, Իսրայելի հետ:

– 2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանի հռչակած սկզբունքները կարծես թե չեն փոխվել: Այն է՝ որտեղից ուզենամ, այն կետից էլ բանակցությունները կսկսեմ, դեռ չեմ խոսում այն խոստումների մասին, երբ ժամանակին հայտարարում էր, թե ամեն ինչ հասարակությանը նախապես տեղեկացվելու է: Ներկայումս Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքը Հայաստանի տարածքների օկուպացիան է, նվաճված կամ օկուպացված Արցախը, և բանակցային գործընթացում ադրբեջանական թելադրող դիրքը, և ՀՀ-ին անընդհատ նոր պահանջներ են իջեցվում: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Ադրբեջանի հետ որոշակի հարցերում որոշակի պայմանավորվածությունների գնալը, միայն տագնապ է առաջացնում:

Էսկալացիայի հավականությունը որքա՞ն եք գնահատում և ի՞նչ ժամանակահատվածում:

– Էսկալացիայի հավանականությունը կախված է այսբերգի երևացող և չերևացող հատվածներում ընթացող գործընթացներից, որովհետև եթե հայտարարվող կամ տեսանելի հատվածում տեղի ունեցողը հնարավոր է լինում վերլուծել և ըստ այդմ որոշակի ռիսկայնություն գնահատել, ապա կուլիսային պայմանավորվածությունների ու բանակցությունների մասին, որպես կանոն, իմանում ենք, երբ մեր երկրի վրա հերթական ծանր հարվածն է գալիս: Այնպես որ՝ սրա մասին տեղյակ չեն հիմնական մասնագետները, որոնք զբաղվում են այդ պրոցեսով, և, բնականաբար, ամբողջությամբ գնահատել հիմնական սպառնալիքները, որոնք առկա են հնարավոր էսկալացիայի առումով, այս պահին հնարավոր չէ: Այստեղ կավելացնեի, որ բանակցությունների հետ կապված որոշակի ազդակներ կային, և դրանք մինչև Բաքվում տեղի ունեցող կլիմայական համաժողովը որոշակի կետի էին հանգելու, բայց ժամանակը ցույց տվեց, որ այդ լավատեսական սցենարը կյանքի չկոչվեց և բանակցային գործընթացը տեղափոխվել է հաջորդ փուլ՝ դեկտեմբեր:

– 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է, բայց այդ հարցով ևս միայն դեկտեմբերին է նամակ ուղարկվելու ԱԺ նախագահին: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ուշացվում, իհարկե, զեկույցում հիմնական թիրախը բանակն է լինելու, քաղաքական իշխանության դեմ սլաքներ չեն ուղղվի: Մյուս կողմից, չե՞ք կարծում, որ պետք է հստակ գնահատական տրվի պարտությանը, ռազմական գնահատական դետալ առ դետալ, ոչ թե քաղաքական: Իսկ Քննիչ հանձնաժողովը, ըստ էության, թեև բանակի դեմ է սլաքներն ուղղելու, բայց դա քաղաքական գնահատական է լինելու:

Քաղաքական այս իշխանության գոյության պայմաններում, ցավոք, 44-օրյա պատերազմի թեման հիմնականում քաղաքական, ներքաղաքական, աշխարհաքաղաքական համատեքստում է քննարկվում, և շատ ժամանակ հնարավորություն էլ չի լինում դրանք գնահատելու՝ ըստ ռազմական իրադրության, ներուժի, հնարավորությունների:

Մեծ առումով, նորմալ պետության դեպքում ոչ միայն պետք է սկսել և ավարտել իրավաքաղաքական գնահատականով, ինչը պետք է բերի նաև պատասխանատուների, այդ թվում՝ քաղաքական էշելոնի պատասխանատվության ենթարկման, այլ նաև գնահատել, թե տարբեր օղակներում ինչպես է գործել ՊԲ-ն, ինչ ազդեցություն են ունեցել ՀՀ զինված ուժերը՝ ինչպես կենտրոնական ապարատի և հրամանատարության, այնպես էլ տարբեր օղակների առումով: Եվ, բնականաբար, այստեղ շատ ավելի մեծ է անելիքը պետության տեսանկյունից, որովհետև առանց ամբողջական վերլուծման և սխալների վերհանման հնարավոր չի լինելու զինված ուժերում բարեփոխումներ իրականացնել և առաջ շարժվել:

– Օրեր առաջ ամրացված շրջանները գովազդող Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ նախատեսվում է իշխանական և ընդդիմադիր պատգամավորների այց ռազմարդյունաբերական ձեռնարկություններ՝ ցույց տալու, որ ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մտահոգությունների առիթ չկա: Մեր տեղեկություններով, այցը տեղի է ունեցել արդեն, Դուք ի՞նչ տպավորություն եք ստացել:

– Ռազմարդյունաբերական ձեռնարկություններ այցի հետ կապված որևէ տպավորություն չեմ կարող հայտնել, որովհետև ԲՏԱ նախարարն անհասկանալի տրամաբանությամբ ընտրողաբար է մոտեցել և ոչ միայն մեր ֆրակցիան, այլև ֆրակցիայից որևէ մեկը հրավեր չի ստացել մասնակցություն ունենալ այդ այցին: Շատ տարօրինակ պահվածք է՝ հատկապես ժողովրդավարության մասին բարձրագոչ հայտարարություններ անողների դեպքում, ովքեր խորհրդարանական մակարդակում որևէ բան կազմակերպելուց ընտրողական մոտեցում են ցուցաբերում:

– Գուցե Անդրանիկ Քոչարյանի մատը խա՞ռն է:

– Չգիտեմ:

Տեսանյութեր

Լրահոս