Թրամփի մուտքը Սպիտակ տուն՝ մարտահրավեր Փաշինյանի համար
Մինչ հեռացող Բայդենի վարչակազմը, արևմտյան մի շարք ԶԼՄ-ների համաձայն, կարծես որոշել է վերացնել Կիևի՝ ՌԴ խորքերը թիրախավորելու սահմանափակումները, աշխարհն էսկալացիայի նոր ալիքի առջև կանգնեցնելով, Փաշինյանը ցանկանում է արագ շփումներ հաստատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և հետևաբար՝ նրա ապագա վարչակազմի հետ։
Թրամփի վերընտրությունից հետո արդեն երկրորդ անգամ Փաշինյանը Թրամփին փորձում է տեղեկացնել, թե որտեղ են հասել ԱՄՆ-ՀՀ հարաբերությունները դեմոկրատ Բայդենի պաշտոնավարման օրոք։
Ամերիկյան ընտրություններից անմիջապես հետո շնորհավորելով Թրամփին՝ Փաշինյանը բարձր էր գնահատել Հայաստանի և ԱՄՆ-ի «արդյունավետ համագործակցությունը՝ Հարավային Կովկասում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղության և կայունության հաստատման գործում»՝ հույս հայտնելով, որ այդ նպատակի իրագործումը նոր հնարավորություններ կբացի երկկողմ հարաբերություններում, հատկապես՝ «տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման պարագայում»:
«Համոզված եմ, որ Ձեր նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն է՛լ ավելի կամրապնդվեն, և կշարունակենք արձանագրել նորանոր ձեռքբերումներ՝ իրագործելով ռազմավարական գործընկերության մակարդակին հասնելու մեր տեսլականը»,- ասված էր Փաշինյանի նոյեմբերի 6-ի ուղերձում:
Շաբաթ օրն էլ հայտնի դարձավ, որ Փաշինյանը զանգահարել է Թրամփին։ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, Փաշինյանը Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և «նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին»:
Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:
Հարկ է նշել նաև, որ այս ամենը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի կողմից Կառավարության, մասնավորապես՝ ուժային բլոկում սկսած կիրակնօրյա փոփոխությունների ֆոնին։
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ՀՀ իշխանությունները մեծ խաղադրույքներ են կատարել Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացման հարցի վրա։
Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները փոխեցին իրենց քաղաքականությունը թե ՌԴ-ի հետ գործընկերային հարաբերությունների, թե ՀԱՊԿ-ի հարցում, թե ՌԴ միջնորդական ջանքերի հարցում, ինչը կապ ունի նաև Ադրբեջանի հետ բանակցությունների հետ։
«Հայաստանն իր այդ ջանքերին համարժեք աջակցություն Արևմուտքից չի ստացել, սակայն Բայդենի վարչակազմի՝ Անդրկովկասում հաստատվելու և ՌԴ-ին այդտեղից դուրս մղելու քաղաքականության շրջանակում որոշակի փոփոխություններ հայ-ամերիկյան հարաբերություններում եղել են։ Կարծում եմ, դրանք էական չեն թողել ազդեցություն բանակցությունների վրա, սակայն այնուամենայնիվ փաստը, որ այդ թեման Բաքվում քննադատում են, թերևս ուշագրավ է։
Դա նշանակում է, որ այն որոշակի նշանակություն այնուամենայնիվ ունեցել է, թեև, կրկնեմ, որ Հայաստանի քայլերի դիմաց աջակցությունը եղել է ոչ բավարար։ Խոսքը միայն ֆինանսական աջակցության մասին չէ, այլ՝ քաղաքական, դիվանագիտական։ Սակայն հնարավոր չէ հերքել, որ անընդհատ եղել են բարձրաստիճան նախաձեռնություններ, անընդհատ եղել է ուշադրություն բանակցություններին և նախաձեռնողական քաղաքականություն, որպեսզի կողմերը պայմանավորված ու արևմտյան համոզմունքներից ելնելով, ՌԴ առանցքային գործոնը դուրս գա ռեգիոնից։ Բնականաբար, ԱՄՆ նկարագրածս քաղաքականության բացակայությունը կբխի թերևս Ադրբեջանի շահերից, որը չի ցանկանում բանակցել, առավել ևս փաստաթուղթ ստորագրել Արևմուտքի հովանու ներքո։
Ուստի այս տրամաբանության շրջանակում Թրամփի հայտնվելը Սպիտակ տանը թերևս մարտահրավեր է դիտարկվում Հայաստանի Հանրապետության համար, որը մեծ խաղադրույքներ էր կատարել ԱՄՆ-ի վրա, սակայն Բայդենի վարչակազմը հեռանում է, իսկ խաղաղության համաձայնագիրը ստորագրված չէ»,- բացատրեց վերլուծաբանը՝ զուգահեռաբար ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ՀՀ-ն նաև կատարել է արտաքին վեկտորի փոփոխության մասին հայտարարություն, ինչը էականորեն փոխել է մթնոլորտը ՀՀ-ՌԴ և ՀՀ-եվրասիական գործընկերներ հարաբերություններում։
Ուստի, փորձագետի կարծիքով, ՀՀ իշխանությունները կցանկանային, որպեսզի հայ-ամերիկյան հարաբերություններում փոփոխությունները լինեին մինիմալ։
«Սա է պատճառը, որ թե ուղերձում, թե հեռախոսազրույցում հայկական կողմի շեշտադրումը հենց այդ՝ հայ-ամերիկյան հարաբերությունների նախկին բովանդակության ու այն պահպանելու մասին է։
Կարծում եմ՝ նորընտիր նախագահին քիչ է հետաքրքրում և գայթակղում այն ամենը, ինչ արել է Բայդենի վարչակազմը, քանի որ Թրամփն այլ նպատակներ է դրել, որոնց հասնելու ուղիները և տեմպերը ևս, կարծում եմ, տարբեր կլինեն։
Չեմ կարծում, թե Թրամփը Հարավային Կովկասում շեշտակի փոփոխությունների կդիմի, սակայն այս ռեգիոնի համար մարտահրավեր է նույնիսկ այն, որ ԱՄՆ-ում վարչակազմ է փոխվելու, նոր վարչակազմը պետք է սկսի աշխատել, այս ամենը սովորաբար որոշակի ժամանակ է խլում։ Այսինքն՝ ԱՄՆ-ն մի փոքր փուլ կտրված կլինի բանակցություններին հետևողի դիրքից»,- ասաց փորձագետը։
Եվսեևի կարծիքով, անկախ հայկական կողմի զանգերի ու տեղեկացումների, ԱՄՆ նորընտիր նախագահն իր քաղաքականությունը կառուցելու է այնպես, ինչպես որոշել էր կամ՝ ելնելով գլխավոր ուղղություններով զարգացումներից։
Նրա որակմամբ, այդ քաղաքականությունը քիչ է կախված լինելու Երևանից։
Անդրադառնալով հրապարակումներին, թե Վաշինգտոնը կվերացնի ՌԴ-ին արևմտյան զենքով հարվածելու սահմանապակումները՝ վերլուծաբանն ասաց, որ այդ հրապարակումները դեռ հաստատված չեն։
Եվսեևի խոսքով, նման հարցերում ճշգրտությունը չափազանց կարևոր է, քանի որ նման հրապարակումները կարող են բազմաթիվ նպատակներ ունենալ, այդ թվում՝ ՌԴ հնարավոր ազդեցությունը ստուգելու նպատակ։
«Իհարկե, դա չի բացառվում, ինչը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել աշխարհում, ինչպես նաև Թրամփի համար, որը հայտարարել է, թե ավարտելու է պատերազմը։ ՌԴ-ից արձագանքում են, բայց չեն շտապում շատ սուր հայտարարություններ անել»,- նկատեց նա։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, թե Կիևին ՌԴ խորքին ամերիկյան զենքով հարվածելու թույլտվություն տալը, եթե իսկապես այդպես է, լարվածության նոր ալիք է նշանավորու և ցույց տալիս Վաշինգտոնի ներգրավվածության մակարդակը Ուկրաինայի հակամարտությանը։ «Եթե այդ որոշումն իսկապես ձևակերպվել է և հասցվել Կիևի ռեժիմին, դա լարվածության որակապես նոր ալիք է և որակապես նոր իրավիճակ այս հակամարտությանը Միացյալ Նահանգների ներգրավվածության տեսակետից»,- ասել է նա։
Պատասխանելով Վաշինգտոնի այս որոշման վրաբերյալ Մոսկվայի արձագանքի մասին հարցին՝ Պեսկովը հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը Սանկտ Պետերբուրգի սեպտեմբերյան մշակութային համաժողովում։
«Այդ առաջադրանքները, ըստ էության, կարող են կատարել միայն ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողները։ Ուկրաինացի զինծառայողները դա անել չեն կարող։ Ուստի խոսքը ոչ թե այն մասին է, որպեսզի որոշում ընդունվի՝ ՆԱՏՕ երկրները ուղիղ մասնակցո՞ւմ են ռազմական հակամարտությանը, թե՞ ոչ։ Եթե այդ որոշումն ընդունվի, դա կնշանակի ոչ այլ ինչ, քան ՆԱՏՕ-ի երկրների՝ ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ուղիղ մասնակցություն Ուկրաինայի պատերազմին»,- այն ժամանակ ասել էր Պուտինը։