Գործընթացը ձեռնտու է Ադրբեջանին. իշխանամետ փորձագետներն ու լրատվականները հայկական կողմին ներկայացվող պահանջների վերաբերյալ արտահոսք են արել. Տաթևիկ Հայրապետյան

Երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ հայկական կողմը Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանին փոխանցել է իր  առաջարկները և սպասում է ադրբեջանական կողմի արձագանքին։

Երեկ նաև հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին փոխանցել է իր առաջարկները։ Այս մասին տեղեկացրել էր ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ շեշտելով, որ Հայաստանը ստացել է Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները (նախագծի 11-րդ խմբագրություն):

Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ Ադրբեջանին շահավետ է այս գործընթացի շարունակությունը, ավելին՝ վերջին 4 տարիների ընթացքում Ադրբեջանը գործընթացը մեկ հարթակից տեղափոխել է մեկ այլ հարթակ և հենց այդ գործընթացի ժամանակ է շահել մաքսիմալը։

«Նույն Արցախի հարցի վերաբերյալ, երբ սկզբում նշաձող էին իջեցնում, հետո դա վերածվեց էթնիկ զտման ու բռնի տեղահանության, իսկ այսօր արդեն առհասարակ Արցախի հայության իրավունքներից չեն խոսում։ Այսպիսի բազմաթիվ կենսական հարցեր կային, որոնց շուրջ իբր բանակցություններ էին ընթանում։ Այսինքն՝ Ադրբեջանը հերթով գործընթացի շրջանակներում իր բոլոր հարցերը լուծում է և այդ գործընթացը նրան շատ ձեռնտու է»,- 168.am հետ զրույցում նշեց Տաթևիկ Հայրապետյանը։

Կարդացեք նաև

Փորձագետի խոսքով՝ այս ամենի դիմաց՝ Ադրբեջանը ոչինչ չի տալիս Հայաստանին, այդ թվում՝ չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, ստեղծում է  «Արևմտյան Ադրբեջանի», հետագա հնարավոր ագրեսիաների համար կեղծ խոսույթներ, բազմաթիվ պահանջներ՝ ուղղված հայկական կողմին, և այլն։

«Եթե մոնիթորինգի ենթարկենք ադրբեջանական կողմի վերջին օրերի լրատավական դաշտի հրապարակումները, ապա Ադրբեջանի իշխանություններին հարող որոշ փորձագետներ և լրատվականներ սկսեցին արտահոսք անել այն մասին, թե ինչ կետերի շուրջ չեն կարողանում համաձայնության գալ և ինչ պահանջներ են ներկայացրել ՀՀ իշխանությանը։

Ըստ իրենց տվյալների, պահանջներից մեկը վերաբերում է ՀՀ Սահմանադրությունը փոխելուն, դրա մասին բազմիցս հայտարարել են նաև բաց հարթակներից։

Մյուս պահանջն էլ վերաբերում է նրան, որ հայկական կողմը հետ վերցնի միջազգային ատյաններում իր բոլոր միջպետական գանգատները։

Ընդ որում, պահանջում են, որ սա ոչ միայն Հայաստանն անի, այլև սփյուռքի հայկական կազմակերպություններին ու անհատներին արգելի դրանով զբաղվել։ Իսկ մյուս պահանջը վերաբերում է Հայաստանի ապառազմականացմանը, այսինքն՝ իրենք պահանջում են, որպեսզի Հայաստանը չունենա Զինված ուժեր, իսկ այս ամենի կատարումը բերում է պետության չգոյության։ Այս պայմանները հնչել են նաև հրապարակային, Ալիևի մակարդակով, հնչել են նաև այլ պայմաններ, որպեսզի Հայաստանը ճանաչի ինչ-ինչ գործողություններ Արցախում, ներողություն խնդրի Ադրբեջանից, և այլն։ Այս ամենը երբ դնենք շղթայական կապի մեջ, ըստ էության դա բերելու է հայկական պետության չլինելուն»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Տաթևիկ Հայրապետյանի դիտարկմամբ՝ այս տրամաբանությունը, որի մեջ Ադրբեջանը դրել է ընդհանուր գործընթացը, և դրա համատեքստում, երբ ՀՀ իշխանությունն անընդհատ հրաժարվում է իրավունքներից, բնականաբար, Ադրբեջանին շահավետ է գործընթացը շարունակել հենց այդ տրամաբանությամբ։ Հետևաբար, հարցի երկրորդ կողմն է, թե հայկական ու ադրբեջանական կողմերն առաջարկների քանի փաթեթ կփոխանակեն։

«Հարցն այն է, որ Ադրբեջանի համար նպատակահարմար չէ հայկական կողմի հետ ստորագրել որևէ փաստաթուղթ։ Այսօր պահանջելու են Սահմանադրությունը փոխել, վաղն այլ պահանջ կներկայացնեն, ու այս շարքն այդպես կշարունակվի»,- ընդգծեց փորձագետը։

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների կողմից COP29-ին մասնակցել-չմասնակցելուն և հարցին՝ ինչո՞ւ մինչ այժմ ՀՀ իշխանությունը չի հաստատել կամ մերժել իր մասնակցությունը համաժողովին, հնարավո՞ր է՝ հայ հանրությունը վերջին օրը տեղեկանա իշխանությունների գործողությունների մասին, երբ, օրինակ, նրանք արդեն Բաքվում կլինեն, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց՝ ներկա իշխանությունների պարագայում ոչինչ չի բացառում։

«Գուցե ունեն որոշում, սակայն չեն հրապարակում, որպեսզի հանրային արձագանքներ չլինեն, գուցե դեռ չունեն որոշում կամ էլ փորձում են մեկնման դեպքում ինչ-որ արդյունք բերեն, դեռ չի հաջողվում։ Ամեն դեպքում, իրենք դեռ չեն ուզում հրապարակային ասեն իրենց որոշման մասին»,- եզրափակեց Տաթևիկ Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ COP29-ը Բաքվում կանցկացվի նոյեմբերի 11-22-ը, մի շարք երկրներ արդեն հայտնել են, որ վարչապետի կամ նախագահի մակարդակով մասնակցելու են համաժողովին։

Տեսանյութեր

Լրահոս