
«Մեզ հաղթեց դոլարը, ոչ թե ադրբեջանական բանակը… Մեղրին հանձնել են, ասում են՝ կերեք, խմեք, ման եկեք. մենք ենք մեղավոր, որ հանդուրժում ենք». Խաչիկյան
Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն այն կարծիքին է, որ Հայաստանի իշխանությունները հրահանգ են ստացել նույնիսկ սեպտեմբերի 27-ին չայցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն այն պարագայում, երբ հենց Փաշինյանն էր 44-օրյա պատերազմի ժամանակ տնից կասկա-բրոնեժիլետ վերցնելու և ռազմաճակատ մեկնելու մարտակոչով դիմում, ավելին՝ հայտարարում էր, որ դա մեր երկրորդ Սարդարապատն է, բայց հետո նշեց, որ սխալվել է, և Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում:
«Գուցե ճիշտն էլ դա է, որ «Եռաբլուր» չեն այցելում, գոնե այս անգամ զոհված զինվորների մայրերին գետնով չեն քարշ տա: Եկեք չմոռանանք, որ այս անձը փաստորեն բացահայտ ասաց, որ գիտակցաբար հանձնել է Արցախը, նա ասաց, որ եթե դա չաներ, որոշ ռիսկեր կստեղծվեին Հայաստանի անկախության համար, այսինքն՝ թարգմանությունն այն է, որ եղել է Արևմուտքի հրահանգ՝ հանձնել Արցախը, որպեսզի այնտեղ ռուսական ներկայություն չլինի: Իսկ ըստ նրանց արևմտյան տերերի՝ մեր անկախությունն այն է, որ մենք ամեն ինչ հանձնենք, միանգամից դառնանք Թուրքիայի և Ադրբեջանի մաս:
Մենք շատ անգամ հարցնում էինք՝ ինչո՞ւ նա Շառլ Միշելի և Մակրոնի մոտ հանձնեց Արցախը. Նա փաստորեն պատասխանեց ինչու՝ ես հանձնեցի, որ Հայաստանն ազատվի այն ուժերից, որոնք սահմանափակում էին մեր անկախությունը, իսկ Արևմուտքի կողմից սահմանափակողը Ռուսաստանն է: Պարզ է, որ նա գիտակցում է, որ կատարել է հանցագործություն, որ իր խղճի վրա 5000 տղայի մահն է, և 120.000 փախստական կա, և մեր սարսափելի այս պարտությունն է: Դե, եթե մարդն ունենար արժանապատվություն և իրեն պահեր որպես պետական գործիչ, նա, իհարկե, կընդուներ իր մեղքը և կհեռանար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ըստ նրա՝ իշխանության քարոզչությունն այնպես է տարվում, որ հասարակությանը թմրեցնեն, չհասկանան, թե ինչ ողբերգություն է եղել. «Այնպես են անում, որ չհասկանանք, որ հանձնեցին Մեղրին, սա մեծ ողբերգություն է, անգամ 100 տարի առաջ դաշնակցական կառավարությունը գոնե մինչև վերջ պահեց Մեղրին, Կոմունիստական Հայաստանը Մեղրին պահեց, իսկ կորցրեցինք, այսինքն՝ անգամ 100 տարի առաջվա հետ եթե համեմատենք, թե մենք որտեղ ենք, մենք դրանից էլ հետ քաշվեցինք:
Նրանք ասում են՝ ամեն ինչ մոռացեք, կերեք-խմեք, ման եկեք: Դա ինձ հիշեցնում է միջնադարյան թագավորների հրահանգները, որ՝ այսօր հրահանգ է տրվում, որ բոլորն ուրախանան և փողոցներում պարեն: Սա տարօրինակ է, որ կատարվում է մեր հանրապետությունում. Ես այսպես չէի պատկերացնում մեր հասարակությունը»:
Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից ևս օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, իսկ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, թե Վաշինգտոնյան հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է հաստատված, բայց Ադրբեջանի նախագահի կիրառած խոսույթը չի նպաստում խաղաղությանը: «Կարծում եմ, որ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»,- ասել է Փաշինյանը:
Արթուր Խաչիկյանից հետաքրքրվեցինք՝ նման արձանագրումներ անելն ու խաղաղության հաստատման մասին պնդումները որքանո՞վ են համարժեք:
«Ինչպես միշտ, մենք ապրում ենք գժանոցում: Եթե ես և դուք պայմանագիր ենք ստորագրում, հետո դուք մի բան եք ասում այդ պայմանագրի մասին, ես էլ ասում եմ, որ սխալ եք ընկալում, դա ի՞նչ է նշանակում, որ պայմանագիր չկա, այսինքն՝ համաձայնություն չկա երկու կողմերի միջև, թե դա ինչ է, կամ էլ համաձայնություն կա, բայց մեզանից թաքցնում են: Այսինքն՝ սա ձևականություն է, նա շատ լավ էլ գիտի, որ դա միջանցք է… Մեր բոլոր կանխատեսությումներն իրականացան, մեզ էլի խաբեցին, պարզվում է՝ սա միջանցք է, մենք զրկվեցինք Իրանի հետ մեր սահմանից»,- ի պատասխան՝ ասաց քաղաքագետը:
Արթուր Խաչիկյանը նշեց, որ ժամանակին, երբ խոսում էր գրանտակերների մասին, և, որ դոլարը հաղթեց Հայաստանը, միայն մակերեսորեն էր դա տեսնում, բայց օրեր առաջ Պետդեպի նախկին աշխատակից Մայք Բենզի հարցազրույցից հետո ամբողջական ծավալով է այս ամենը տեսնում.
«Նա պատմում էր, թե ինչպես տասնյակ տարիներով այն աշխատանքը, որը կատարում էր ԿՀՎ-ն 1940-ականներից, 1980-ականներից, քանի որ նրանք ենթարկվեցին Կոնգրեսի վերահսկողությանը, ստիպված էին այդ ֆունկցիաները տալ, այսպես կոչված՝ ՀԿ-ներին: Այսինքն՝ այն միլիոնավոր դոլարները, որ գալիս էին Բելառուս, Ուկրաինա, Հայաստան, Արևելյան Եվրոպա, դրանք այն դոլարներն էին, որ գալիս էին USAID-ից, National Endowment for Democracy-ից կամ ուղղակիորեն Պետդեպից՝ հետախուզական գործակալության վերահսկողության տակ:
Նա ասում է, որ որևէ գրանտ չկա, որ USAID-ին տված լինի՝ առանց ԿՀՎ-ին զեկուցելու: Եվ նա որոշ օրինակներ է բերում. Օրինակ՝ երբ պետք էր Ուկրաինայից դուրս մղել Ռուսաստանը և «Գազպրոմը», և այդ կոնտրակտները ստանային ամերիկյան ընկերությունները, փաստորեն նրանք ֆինանսավորում էին ՀԿ-ներին, որ բողոքներ սկսվեն Կիևում: 70 ՀԿ Ուկրաինայում վերջնագիր ներկայացրեց Զելենսկուն՝ ասելով, որ՝ երբևէ չեք բանակցելու ՌԴ-ի հետ՝ առանց Արևմուտքի, որևէ փոխզիջումների չեք գնա, շարունակելու եք Ուկրաինայի երթը դեպի ԵՄ և ՆԱՏՕ, ռուսախոս բնակչությանն իրավունքներ չեք տալու, այսինքն՝ Արևմուտքն ուղղակի վերջնագիր է ներկայացրել Զելենսկուն՝ այդ ՀԿ-ների միջոցով:
Ամերիկացին պատմում է, թե ինչպես էին որոշ գործակալություններ աշխատում մեդիայի հետ, որոշները՝ ուսանողության, ուսուցիչների, ուկրաինական դպրոցներում փոխում էին դասագրքերը, դա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում, որպեսզի սովորեցնեին ուկրաինացիներին, որ նրանք ՌԴ հետ որևէ ընդհանուր բան չունեն… Դա ինձ հիշեցնում է, թե ինչպես փոխեցին դասագրքերը Հայաստանում: Սա Արևմուտքից փող ստացող և նրա կամքը կատարող բանակ է, և դուք զարմանում եք, որ մեզ, չգիտես՝ ինչու, սովորեցրին, որ Ղարաբաղը բեռ է, պետք է ազատվել, որ ՌԴ-ն միշտ վատն է, իսկ Արևմուտքը լավն է, և մենք պետք է ցանկացած գնով ազատվենք ՌԴ-ից, զիջենք, մոռանանք Ցեղասպանությունը, Արարատը»:
Նա հավելեց. «Մեզ հաղթեց դոլարը, ոչ թե ադրբեջանական բանակը. մեր ներքին թշնամին, որոնք հաճույքով օգտագործվեցին, Արևմուտքից միլիոնավոր դոլարներ ստացան, մեր ներքին դավաճանները մեզ բերեցին այս կատաստրոֆային: Ապագայում առանց Մեղրիի, շուտով գուցե նաև՝ առանց Սյունիքի, Հայաստանը կենսունակ պետություն դժվար լինի: Իրենց վերջնանպատակն է՝ մեզ կուլ տալ, քանի որ մենք հիմա կընկնենք շրջափակման մեջ, ինչպես Արցախը… Մեր մեղքն է, որ մեզ ձեռք առնելը շարունակվում է, մեր մեղքն է, որ մենք սա հանդուրժում ենք»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում