«2 տարի հետո, երբ ԱՄՆ նախագահը փոխվի, և Ադրբեջանը գնա ռիսկային քայլերի, ի՞նչ է անելու Փաշինյանը». Տաթևիկ Հայրապետյան

«Կարծում եմ՝ ընտրություններին ընդառաջ արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ իշխանության կողմից շահարկվում է «խաղաղության օրակարգը»։ Այստեղ պետք է արդեն գա հանրության ճիշտ վերաբերմունքն այս ամենի հետ կապված: Եթե գեղեցիկ բառ են օգտագործում, դրանից իրադրությունը չի փոխվում»,- 168.am հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի իշխանություններն ընտրություններին ընդառաջ ինչպե՞ս են օգտագործում Ադրբեջանի հետ «խաղաղության օրակարգը»՝ հանրության կողմից ձայներ հավաքելու համար։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ իշխանությունը կարող է օգտագործել ամենագեղեցիկ բառերը, բայց դրանց ամենախորքային կարևորությունը զգացվում է, երբ դրանց տակ բովանդակություն է լինում դրված։

«Ինձ համար սա ոչ միայն ուղի չէ դեպի խաղաղություն, այլև անպաշտպանություն տանող ուղի է, ինչն ամենավտանգավորն է։ Երբ Նիկոլ Փաշինյանը կրճատում է  ռազմական բյուջեն, անում է քայլեր, որոնք հարվածում են բանակին՝ երկարաժամկետ ու կարճաժամկետ առումով, դրան զուգահեռ՝ գնում ու դրսում բոլոր դերակատարներին ասում է՝ «վե՛րջ, մենք խաղաղ ենք ապրում», նշանակում է, որ Հայաստանը և՛ ներքին, և՛ արտաքին կոմունիկացիաներով տանում է անպաշտպանության։

Օրինակ, 2 տարի հետո, երբ ԱՄՆ նախագահը փոխվի, իսկ ԱՄՆ-ում նախագահը փոխվում է, և Ադրբեջանը գնա ռիսկային քայլերի, ի՞նչ է անելու Փաշինյանը, նորից գնալու է ու միջազգային խաղացողներին ասի՝ կներեք, նորից էսկալացիայի վտանգ կա՞, միջազգային հարաբերություններում այսպես չեն աշխատում։ Խաղաղությունը զորեղ երևույթ է, եթե այդ տերմինն օգտագործում է, պետք է դրա խորքային բովանդակության առումով լուրջ փոփոխություններ լինեն։

Կարդացեք նաև

Իհարկե, այս ամենը շահարկվում է բացառապես ներքաղաքական նպատակներով։ Իսկ Հայաստանի տեսանկյունից լուրջ ռիսկեր կան, որոնք առհասարակ չեն չեզոքացվում՝ խնդիրներ բոլոր նրանց համար, ովքեր կամ համակրում, կամ չեն համակրում Նիկոլ Փաշինյանին»,- հավելեց Տաթևիկ Հայրապետյանը։

Փորձագետը հայ-ադրբեջանական հարաբերություններում Միացյալ Նահանգների դերը դրական է գնահատում, որովհետև եթե այլընտրանքը երկկողմ ինչ-որ ձևաչափերի գնալն էր, այդ երկկողմ ձևաչափում հայկական կողմն ուղղակի զիջում էր բոլոր խաղաքարտերը։

«Այս ձևաչափում այնպես չէ, որ ձեռքբերում ունենք, բայց գոնե ունենք ամերիկյան միջնորդություն, այստեղ արդեն երկրորդ հարցն է գալու, թե որքանո՞վ է կարողանում Նիկոլ Փաշինյանն այդ միջնորդությունն օգտագործել ի շահ Հայաստանի։

Երբ այդ միջնորդության կարիքը զգացել են, նշանակում է՝ ունեցել են ռիսկերի մի ամբողջ փաթեթ՝ տարբեր գործոններով պայմանավորված, նաև ագրեսիայի ու այլ հարցերի հետ կապված, որի արդյունքում անհրաժեշտ է եղել այդ միջնորդական դերը։  Հիմա պետք է տեսնի բոլոր ցուցանիշները, որոնք հիմք էին տալիս մտածելու, որ Ադրբեջանը կարող է գնալ ագրեսիայի՝ դա հռետորաբանությունն է, ռազմական բյուջե, ծախսեր խնդիրն է, հայ գերիների նկատմամբ ընթացող շինծու դատավարությունն է, ներքաղաքական կյանքում դիսկուրսի բացակայությունը, և այլն։ Այս բոլորով հանդերձ, երբ վերադառնում ենք ադրբեջանական իրականություն, տեսնում ես, որ որևէ բան չի փոխվել։ Այսինքն՝ ցուցանիշը, որը փաստում է ռիսկերի մասին, որևէ փոփոխության չի ենթարկվել»,- շեշտեց Տաթևիկ Հայրապետյանը։

Այս ամենը հաշվի առնելով՝ փորձագետը հարց է բարձրացնում՝ սա օգտագործում են զուտ շոու ապահովելու համա՞ր, թե՞ այդ միջնորդությունն օգտագործում են կոնկրետ գետնի վրա արդյունքի հասնելու համար։ Ավելին՝ օգոստոսի 8-ից հետո Հայաստանում մեծ աղմուկ են բարձրացնում «TRIPP»-ի շուրջ, սակայն մի քանի օր հետո Ալիևը հրաժարվում է օգտագործել այդ տերմինը, արդյո՞ք Ալիևը հարգում է Թրամփի միջնորդությունը։

«ԱՄՆ միջնորդությանը դրական եմ նայում, բայց խորքային, բովանդակային առումով որևէ քայլ չի արվում՝ այդ միջնորդությունն ի շահ Հայաստանի օգտագործելու համար»,- ընդգծեց Տաթևիկ Հայրապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս