Ինչո՞ւ Պեսկովն օգտագործեց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տերմինը
Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած վերջին աշխատանքային այցի ընթացքում ռուսական կողմն առաջին անգամ կիրառեց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տերմինը։
«Զանգեզուրի միջանցքի թեման հավանաբար շոշափվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ»,- օրերս ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինն առանձին-առանձին խոսել է նրանցից յուրաքանչյուրի հետ, ՌԴ նախագահի հանդիպումները Փաշինյանի և Ալիևի հետ տևել են երևի թե կես-կես ժամ, ուստի, հավանաբար, կարծիքների փոխանակում է եղել, շոշափվել է նաև «Զանգեզուրի միջանցքի» թեման»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք «Զանգեզուրի միջանցքի» թեման քննարկվե՞լ է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ Պուտինի հանդիպումների ժամանակ։
Զուգահեռաբար թեմային անդրադարձել է նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ հայտարարելով, որ Հայաստանը պաշտոնապես հետ չի կանչել իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրից, որը ստորագրել են Մոսկվան, Բաքուն ու Երևանը, և որը նպաստել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատմանը։
Միևնույն ժամանակ Օվերչուկը դժգոհել է, թե տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունում մոտ մեկուկես տարի առաջընթաց չկա։
«Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել եռակողմ հայտարարությունից և հետ չի վերցրել իր ստորագրությունը, բայց միևնույն ժամանակ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունում արդեն գրեթե երկու տարի, կամ՝ առնվազն անցած ամառվանից՝ մեկուկես տարի, առաջընթաց չկա»,- ասել է նա։
Օվերչուկը, որը վերջերս աշխատանքային այցով Հայաստանում էր, վստահություն է հայտնել, որ ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։
Ինչպես հայտնի է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտի թեման չափազանց զգայուն է Հայաստանի Հանրապետության համար։ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ դեմ են միջանցքին, սակայն պատրաստ են Ադրբեջանին տալ անցում, ապահովելով անվտանգությունը, այդ թվում՝ դրսի պահնորդական կազմակերպությունների միջոցով։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, խոսելով նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի մասին, ռուսական կողմը երբեք չի կիրառել «Զանգեզուրի միջանցք» տերմինը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս տարիների ընթացքում շեշտում էր, որ ռուսական կողմը նման տերմին չի կիրառում և առաջնորդվում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով, որում արձանագրված է․ «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:
Ինչո՞ւ Պեսկովը կիրառեց «միջանցք» տերմինը և արդյո՞ք դա ենթադրում է ռուսական կողմի դիրքորոշումներում փոփոխություն՝ ի օգուտ ադրբեջանա-թուրքական պրոյեկտի։
168․am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, թե չի կարծում, որ ՌԴ դիրքորոշումներում ինչ-որ առանցքային ու ռազմավարական նշանակության բան է փոխվել։

Նրա խոսքով, գաղտնիք չէ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը որքան էլ օգտակար էր կողմերի համար, քանի որ դադարեցրեց պատերազմը, սակայն կարևոր էր նաև Ռուսաստանի համար՝ որպես միջնորդ։
«Որպես միջնորդ՝ ՌԴ-ն ստացավ որոշակի ներկայության գործիքներ՝ Ղարաբաղում խաղաղապահ զորակազմը, ինչպես նաև արձանագրվեց, որ Հարավային Կովկասում մեծ կարևորություն ներկայացնող ճանապարհի նկատմամբ վերահսկողական գործառույթը կտրվի Ռուսաստանին։ Հանգամանքների բերումով ռուս խաղաղապահները դուրս եկան, այսինքն՝ ռուսական կողմը թուլացրեց ռեգիոնում իր դիրքերը, ՀՀ-ից ռուս սահմանապահները դուրս են գալիս, ուստի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը որոշակի լծակ, ռեգիոնում կարևոր գործառույթ ձեռք բերելու հնարավորություն է։ Երբ Պեսկովը, Օվերչուկը, Լավրովը, Զախարովան անդրադառնում են այս թեմային, պետք է հասկանալ այն, որ սա կարևոր է Ռուսաստանի համար, սակայն ոչ այնքան բուն միջանցքի, այլ որոշակի վերահսկողական գործառույթի գաղափարը»,- ասաց վերլուծաբանը։
Նա գտնում է, որ Պեսկովը պատասխանել է այն բառապաշարով, որով իրեն հարց է ուղղվել բանակցությունների բովանդակության մասին։
«Դա չի նշանակում, որ քննարկվել է հենց միջանցքի գաղափարը, դա նշանակում է, որ քննարկվել է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, սակայն տարիներ շարունակվող քաղաքական տարաձայնություններից հետո «Զանգեզուրի միջանցք» տերմինը ճանաչելի է դարձել։
Իհարկե, կարևոր է՝ նման իրավիճակներում ինչ տերմիններ են ընտրվում, սակայն ոչ միշտ է հաջողվում վերահսկել խոսքը և չկիրառել տերմիններ, որոնք գուցե սխալ ընկալումների պատճառ դառնան»,- նկատեց վերլուծաբանը։
Խրամչիխինը գտնում է, որ Օվերչուկը, որը զբաղվում է այս հարցով, չի խոսում միջանցքի մասին, վստահեցնում է, որ այն, ինչ քննարկվում էր եռակողմ ձևաչափով, չի սպառնում երկրների տարածքային ամբողջականությանը։
«Ես կասեի, որ միաժամանակ այս թեմայի վերաբերյալ անդրադարձերի ինտենսիվացումը ՌԴ պաշտոնյաների կողմից ցույց է տալիս ՌԴ առաջնահերթությունը։
Մյուս կողմից էլ՝ հայկական կողմը շահագրգռված է, որ ռեգիոնում չլինի Ռուսաստանը որևէ տեսքով, հենց այդ պատճառով բացառվում է նոյեմբերի 9-ը։ Կարծում եմ՝ բանակցությունները դեռ կընթանան, ինչպես նաև կարևոր կլինեն ՌԴ-Իրան բանակցությունները, ինչպես նաև Պուտին-Փեզեշքիան հանդիպումը։ Դրա ընթացքում այս հարցը և ՌԴ մոտեցումները միանշանակ քննարկվելու են»,- ասաց Խրամչիխինը։



