Պակիստանի վարչապետը երախտագիտություն է հայտնել Թրամփին Հորմուզի նեղուցում գործողությունը դադարեցնելու համար
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը բարձր է գնահատել Հորմուզի նեղուցում արգելափակված առևտրային նավերն ուղեկցելուն ուղղված «Ազատություն նախագիծ» գործողությունը դադարեցնելու՝ ԱՄՆ նախագահի որոշումը։ Այս մասին Շարիֆը հայտնել է X-ում գրառման մեջ։
«Ես երախտապարտ եմ նախագահ Դոնալդ Թրամփին իր քաջարի առաջնորդության և Հորմուզի նեղուցում «Ազատության նախագծի» դադարեցման մասին ճիշտ ժամանակին հայտարարելու համար», – նշել է նա։
Շարիֆի խոսքով՝ նախագահ Թրամփի արձագանքը Պակիստանի և այլ երկրների, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի Թագավորության խնդրանքին մեծապես կնպաստի տարածաշրջանային խաղաղության, կայունության և հաշտեցման հասնելու ջանքերին այս «զգայուն ժամանակաշրջանում»։
«Պակիստանը շարունակում է վճռականորեն հանձնառու լինել՝ աջակցելու բոլոր այն ջանքերին, որոնք նպաստում են զսպվածությանը և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը երկխոսության և դիվանագիտության միջոցով: Մենք մեծ հույս ունենք, որ ներկայիս դինամիկան կհանգեցնի երկարատև համաձայնագրի, որը կապահովի հարատև խաղաղություն և կայունություն տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս», – եզրափակել է նա:
Պակիստանը հանդես է եկել որպես միջնորդ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ընթացքում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դադարեցնում է Հորմուզի նեղուցում արգելափակված նավերի ուղեկցման գործողությունը, քանի որ Իրանի հետ համաձայնագրի կնքման հարցում «մեծ առաջընթաց» է գրանցվել։
Ավելի ուշ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են 1-էջանոց փոխըմբռնման հուշագրի շուրջ համաձայնության, որը վերջ կդնի պատերազմին։



