Խաղ՝ բարակ լարի վրա. ոչ ոք Ադրբեջանին չի կանգնեցնելու՝ առանց իր փայը վերցնելու. գինը վճարելու է Հայաստանը. Հակոբ Բադալյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի հանդիպումները ոչինչ չասող էին, կազմակերպվել էին պարզապես որպես լոկ հանդիպումներ, և միակ քիչ թե շատ նշանակալի հանդիպումն Էրդողանի հետ հանդիպումն էր։ ՄԱԿ-ում, օրինակ, չեղավ հանդիպում Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ, ինչն անհրաժեշտ էր։
- Անխոս է, որ տևական ժամանակ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում դիրքավորվում է՝ հաշվի առնելով, որ Թուրքիան 2020թ.-ից հետո լրիվ նոր իրողություն է Հարավային Կովկասում։ Այդ շփումներում պետական արժանապատվության եզրեր են խախտվում, և հարց է ծագում՝ արդյո՞ք անհրաժեշտություն կա այդ գնով շարունակել այդ հարաբերությունները։ Պետք է մերժել ոչ թե հանդիպումները Թուրքիայի ղեկավարների հետ, այլ պետք է աշխատել այդ հանդիպումների բովանդակության վրա։
- Թուրքիան բավականին մեծ գործոն է դարձել, և նրա դոմինանտությունը զգացվում էր դեռ մինչև 2020թ․պատերազմը, և այդ էր պատճառը, որ Թուրքիան Ադրբեջանին հրամայեց պատերազմ սկսել։ Իր որոշումները կայացնելիս, հատկապես ռազմական ոլորտում, Ադրբեջանը չի կարող անտեսել Թուրքիային։ Ադրբեջանի որոշումների վրա Թուրքիայի ազդեցությունն անբեկանելի է։
- Ես չեմ կարծում՝ Հայաստանն ամբողջությամբ ենթակա է Թուրքիային, բայց քանի որ չկա այլ մեխանիզմ, որին մենք կարող ենք ապավինել, պետք է աշխատել Թուրքիայի հետ։ Թուրքիան իրեն դիտարկում է, որ Կովկասում ինքն է հարց լուծողը, և մտածում է, որ՝ այո, հայերն իրեն պետք է ենթակա լինեն։ Թուրքիայի նպատակներին այդ առումով կասկածելն առնվազն միամտություն է։
- Ես չեմ կարծում, որ թուրքերը ձգտում են միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Նրանց հետաքրքրության շրջանակն Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններն են։ Ռուսաստանը հիմա իրեն ավելի վստահ է զգում Թուրքիայի հետ հարաբերություններում, և Թուրքիայի համար հիմա դժվար է մանևրել երկու բևեռների առանցքում։
- ԱՊՀ երկու հայտարարություններին Հայաստանի չմիանալը մի նպատակ ունի՝ չառաջացնել Արևմուտքի դժգոհությունը։ Նախկինում չէր միացել Ռուսաստանի նախագահի դեմ հայտարարությանը, հիմա նույնը ժեստն Արևմուտքի համար անում է ռուսական հարթակում։
Հիշեցնենք, Մոսկվայում ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի այսօրվա նիստի շրջանակում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին:
Փաշինյանը Մոսկվայի այցից այս լուսանկարն է հրապարակել սոցիալական ցանցերում. Ի՞նչ է սա նշանակում:
- Չեմ բացառում, որ Փաշինյանը լուսանկարային շարժերով փորձում է պահել բալանսն Արևմուտքի հետ։ Յուրաքանչյուր պետություն և նրա առաջնորդ ինչ-որ բան հասկացնում է նրանով, ինչ ունի։ Նիկոլ Փաշինյանն այսօր չունի այն քաղաքական կշիռը, որով կարող է ինչ-որ բան հասկացնել, և դա նա փորձում է անել այսպիսի բաներով։ Փաշինյանը ոչինչ չունի, որի վրա կարող է հենվել։ Նա փորձում է այդ բացը լրացնել հեծանիվ քշելով ու լուսանկարներ տարածելով։
- Ե՛վ Ռուսաստանը, և՛ Հայաստանը փորձում են իրենց հարցերը լուծել հռետորաբանությամբ։ Նաև այդ հռետորաբանության միջոցով Փաշինյանն Արևմուտքին փորձում է դնել պարտավորության առաջ։ Դա շատ բարակ լարի վրա խաղ է։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի Բարձր մակարդակի շաբաթվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Վրաստանին Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Նա նշել էր, որ Մոսկվան պատրաստ է օգնել, եթե բոլոր կողմերը շահագրգռված լինեն հաշտեցման և «չհարձակման մասին պայմանավորվածություններն ապահովելու հարցում»։
«Ակնհայտ է, որ Վրաստանի ներկայիս ղեկավարությունն ազնիվ է գնահատում անցյալը։ Նրանք ասացին, որ «ցանկանում են պատմական հաշտություն»։ Թե ինչ ձևով, ինչ ձևաչափով կարող է լինել այդ հաշտեցումը, պետք է որոշեն երկրները՝ և՛ Աբխազիան, և՛ Հարավային Օսիան»,- ասել էր Լավրովը:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դրական է գնահատել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հաշտեցման գաղափարը, որն արտահայտել է Սերգեյ Լավրովը, բայց միաժամանակ կոչ է արել դուրս բերել ռուսական զորքերն այս շրջաններից։
Սեպտեմբերի սկզբին «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ եթե իր կուսակցությունը հաղթի ընտրություններում, Թբիլիսին ուժ կգտնի օսերից ներողություն խնդրելու 2008 թվականի ռազմական հակամարտության համար:
- Այն, որ Վրաստանը նախ՝ Բիձինա Իվանիշվիլու, ապա՝ ՄԱԿ-ի ամբիոնից վարչապետի մակարդակով հայտարարեց, որ պատրաստ է ներողություն խնդրել 2008թ․ պատերազմի համար, խոսում է այն մասին, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները Վրաստանի համար մեծ նշանակություն ունեն։ Այդ ընտրությունները շատ կարևոր են նաև Հայաստանի համար, որովհետև տարածաշրջանի ցանկացած ապակայունացում նաև մեզ համար է հղի վտանգներով։
- Հայաստանի համար լավագույն տարբերակը կլինի, եթե Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարողանա պահպանել դիրքերը։ Արևմուտքին Վրաստանի բալանսավորված քաղաքականությունը չի հետաքրքրում, իսկ Ռուսաստանի համար դա նշանակություն ունի։ Մենք պետք է պատրաստ լինենք վրացական ընտրություններին։ Լոգիստիկ անվտանգության հարցը պետք է լուծել։ Մեծ է հավանականությունը, որ կապված Վրաստանի իրավիճակին, մենք մեր լոգիստիկ քաղաքականությունը կիրականացնենք ավելի շատ հարավով։
- Ինչո՞ւ Ռուսաստանը, որը Լուգանսկի ու Դոնբասի պարագայում գնաց միացման ճանապարհով, նույնը չարեց Աբխազիայի և Օսիայի դեպքում։ Ես վարկած ունեմ, որ Ռուսաստանն այդ ռեսուրսը դիտարկել է՝ որպես Վրաստանի հետ հարաբերություններ կառուցելու միջոց։ Վերջերս նույնիսկ Ռուսաստանն Աբխազիայում կտրեց սոցիալական վճարների վճարումը։
- Փաշինյանի մոսկովյան այցը թերևս հետաքրքիր է նրանով, որ այն տեղի ունեցավ Ֆրանսիա կայացած այցից անմիջապես հետո։ Հնարավո՞ր է, որ նա Պուտինին է փոխանցել Մակրոնի ուղերձը։
- ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսն ասում է՝ ուկրաինացիները պետք է հնարավորություն ունենան մասնակցել իրենց ճակատագրի վերաբերյալ քննարկումներին։ Սա լավ բան չի ասում Ուկրաինայի համար։ Պարզ է, որ հիմա Ուկրաինան պարզապես չկա։ Զելենսկին պարզապես իր անձնական անվտանգության հարցերն է լուծում։ ԱՄՆ-ը, փաստորեն, «одолжение» է անում Ուկրաինային, ասում է՝ տես, ես կարող եմ թույլ չտալ, որ դու մասնակցես քո ճակատագրի մասին քննարկումներին, բայց թույլ եմ տալիս։
- Մեծ հաշվով ռուս-ուկրաինական հակամարտությունում Արևմուտքին չհաջողվեց կառավարման վերցնել գլոբալ հարավը։ Ռուսաստանը հասկացրեց՝ կռվում է նաև գլոբալ հարավի երկրների համար։
- Ռուսաստանը բաց չի թողնի Իրանի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Նա Իսրայելի հետ կապված որևէ բան չի անի, որը կարող է կասկածի տակ դնել այդ հնարավորությունը։ Ռուսաստանի համար այս փուլում Իրանն առանցքային նշանակություն ունեցող գործընկեր է, և ռուս-իրանական հարաբերություններում առանցքային է միջուկային զենքի խնդիրը։ Ես կարծում եմ՝ Իրանը, այնուամենայնիվ, ունի միջուկային զենք, ինչը գաղտնիք չէ գերտերությունների համար։ Իրանը միջուկային տերություն է, ու սրա շուրջ գնում է առևտուր։
- ԱՄՆ-ում հասկանում են՝ գնալով Իսրայելը բեռ է լինելու իրենց համար, և Իսրայելում էլ սա շատ լավ հասկանում են։ Դրա համար Իսրայելը նոր ստատուս-քվո է ձևավորում տարածաշրջանում, որովհետև լավ հասկանում է, որ եթե իրենք այսօր դա չանեն, վաղը դա անելու են ուրիշներն իրենց հաշվին։ ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները Մերձավոր Արևելքում հնանում են։ կասկած չկա, որ Իսրայելի հետ հարաբերությունները Հայաստանը պետք է պահի, բայց առանձնահատուկ քաղաքականություն պետք է վարի արաբական աշխարհի երկրների հետ՝ հաշվի առնելով նաև պատմական հանգամանքները։
- Ինչ վերաբերում է լիբանանահայ համայնքին այնտեղից դուրս բերելու մասին հայտարարություններին, սա շատ վտանգավոր հայտարարություն է։ Լիբանանահայ համայնքը մեծ պատմական նշանակություն ունի մեր պետականության համար բոլոր առումներով՝ թե՛ պատմագիտական, թե՛ մշակութային։ Լիբանանից հայերի դուրս գալու մասին խոսակցությունները պետք է դադարեցնել՝ անշուշտ, ապահովելով մեր հայրենակիցների անվտանգությունը։ Լիբանանի հայ համայնքը պետականաստեղծ համայնք է այդ երկրի համար։
- Ադրբեջանի բոլոր հավակնություններն ուղղված են Հայաստանին։ Ադրբեջանը պատրաստ է վերցնել իր փայը Հայաստանից ու սպասում է դրան։ Նախիջևանի զորավարժությունները դրան են ուղղված։ Երբ զգան, որ միջազգայնորեն լեգիտիմ պահը վրա է հասել, Ադրբեջանն իր պահը բաց չի թողնի Հայաստանի վրա հարձակվելու համար։ Սա է պատճառը, որ Ադրբեջանը չի ձգտում Հայաստանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրել, որը նրան կկաշկանդի որոշակի գործողություններ կատարելուց։
- Մենք տեսանք՝ ինչ եղավ Ջերմուկում 2022 թվականին՝ երկօրյա պատերազմ, որը կասեցվեց Պրահայի հայտարարությամբ։ Կասկած չունեմ, որ այս անգամ էլ է գինը նույնը լինելու, ու սակարկության առարկա են դառնալու մեր ճանապարհները։ Չեմ կարծում, որ Իրանն այդ դեպքում դուրս է գալու Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, Իրանը փորձելու է իր բաժնեմասը ստանալ։ Ոչ ոք Ադրբեջանին չի կանգնեցնելու՝ առանց իր գինը վերցնելու։ Եվ, բնականաբար, այդ գինը վերցնելու են Հայաստանից։ Գլխավոր խնդիրը դա է, որ պետք է թույլ չտալ այդ պահի ձևավորումը։
- Սկսած կառավարող ուժից մինչև ընդդիմադիրներ, չկա այն համարժեքությունը, որը պետք է լիներ այս իրավիճակին։ Չկա մարդկանց հետ իրավիճակի շուրջ առարկայական խոսակցություն, բացի Փաշինյանին տրվող գնահատականներից։ Կասկած չունեմ, որ աղետը շեփորելն արվում է միանգամայն անկեղծ ու հիմնավոր, բայց հասարակության համար դա բավարար չէ։ Հասարակության հետ աշխատանքի մեծ սպեկտոր կա, բայց չկա այդ աշխատողը։ Շատերին թվում է՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը սկուտեղի վրա պետք է մատուցեն քաղաքական դաշտը ու հեռանան։ Դա քաղաքականություն չէ։ Ի վերջո, միայն իրենք ունեն համակարգային ռեսուրսներ։
- Ներքաղաքական այս իրավիճակից պետք է հետևություն անեն բոլորը, այդ թվում՝ նախագահները։ Ի՞նչ անել իրավիճակը փոխելու համար՝ խոսե՞լ, թե՞ լռել։ Ի վերջո, պոպուլյար չէ քննարկել այն հարցը, թե արդյո՞ք կա մի քաղաքական ուժ, որն ուզում է Նիկոլ Փաշինյանի փոխարեն վերցնել իշխանությունը։ Քաղաքականությունը զարգանում է, եթե հարցեր տրվեն քաղաքական դերակատարներին։ Մեզանում կա՛մ կռապաշտություն է, կա՛մ մերժողականություն։ Հայաստանի երեք նախկին նախագահները Հայաստանն առաջնորդել են բավականին բարդ ժամանակներում։ Հիմա, ի՞նչ է, նրանք վախենալո՞ւ են խոսել, ինչ է թե իրենց քննադատո՞ւմ են… Ոչ, իհարկե։ Ու հույս ունենալ, որ ինչ-որ մեկը գալու է, նոր մարդ, ու չի արժանանալու համընդհանուր քննադատության, միամտություն է։ Շատ են խոսում՝ իբրև թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խանգարում են։ Քաղաքականությունն այդպես չի լինում։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, որ ունեն համակարգեր։ Նման խոսակցությունները սպեկուլյատիվ են։ Եթե դուք կարող եք բան փոխել, կփոխեք, անգամ, եթե Քոչարյանն ու Սարգսյանը 1000 տարի էլ մնան դաշտում, իսկ եթե ոչ, չեք կարող, անգամ, եթե ձեզ այդ մարդիկ սկուտեղի վրա մատուցեն քաղաքական դաշտը։ Քաղաքականություն ստեղծում են համակարգերը, ստեղծե՛ք ու փոխե՛ք, կամ մի՛ խոսեք։
Մանրամասները՝ տեսանյութում։