Բաժիններ՝

«Աբստրակցիան այն տարածքն է, որտեղ ես երջանիկ եմ, վայելում եմ կյանքի իմաստնությունը»

Նկարչուհի Մոկո (Մարիամ) Խաչատրյանը համարում է, որ ինքնախաբերությամբ ապրելն ու նկարելը տանում է կա՛մ դեպի կախաղան, կա՛մ՝ չնկարելու ճգնաժամ: Ինքը մշտապես ընտրում է այն զգայուն ու սթափ կետը, որտեղ սպասելիքները զրոյացվում են, իսկ ազատագրված միտքն ուղղորդում է ուսումնասիրության՝ չուսումնասիրվածն ու չուսումնասիրվողը: Նկարչության մեջ աբստրակցիան այն տարածքն է, որտեղ պետք է մուտք գործել ազնիվ ու առանց տուրք տալու մարդկային ամբիցիաներին: Ընդհանրապես արվեստի այդ ուղղությունը նա համարում է ընտրյալների տարածք, քանի որ այն դժվար ընկալելի, մտածելու, զգալու արվեստ է:

Մարդ, որը պատրաստ չէ աբստրակտ նկարը հասկանալ՝ վախենում է դրանից, քանի որ միշտ անհասկանալին, դժվարը վախ է առաջացնում: «Երբ նկարում ես՝ դատարկվում, խաղաղվում ես: Դու ազատագրվում ես, ֆիզիկապես և հոգեպես հոգնում, ծերանում ես:

Որքան մտքով խորն ես գնում, այնքան՝ մեծանում, խելամիտ ես դառնում: Աբստրակցիան այն տարածքն է, որտեղ ես երջանիկ եմ, վայելում եմ կյանքի իմաստնությունը»,- ասում է նկարչուհին, ով իր կյանքի այս ժամանակահատվածը համարում է ճշմարտության ժամանակ, քանի որ մտքերն իրեն մշտապես անհանգստության մեջ պահելով` դառնում են նկար, ինչպես նաև՝ գրվածքներ: Մոկո Խաչատրյանը հիմա սկսել է նաև գրել, որոնք կտավների հետ հետաքրքիր դասավորության մեջ են: Գիրն ու պատկերը հիմա նկարչուհուն ստիպում են ճշմարտությունը վերարտադրել ինչպես որ կա՝ զգայարաններով՝ վրձնի ու բառի օգնությամբ:

Նրա հետ զրույցը սկսեցինք այս օրերին ամենաքննարկվող թեմայից՝ հետընտրական իրադարձություններից:

Կարդացեք նաև

– Ապրիլի 9-ին որդուս հետ տուն վերադառնալիս հայտնվեցինք ցուցարարների մեջ: Ես հասկացա, որ ահավոր վախենում եմ, որովհետև տագնապ կար այդ ամբոխի մեջ: Ինձ թվաց՝ ժողովուրդը մեր վրա է գալիս ու մեզ տրորելով՝ անցնելու է: Բաղրամյան փողոցն ամբողջությամբ փակ էր, որտեղից նույնիսկ փախնել հնարավոր չէր: Սարսափելի վախ ապրելով՝ վազում էինք՝ առանց հասկանալու՝ ուր:

Ես Րաֆֆի Հովհաննիսյանին շատ եմ հավանում` որպես մարդ, որը նաև արվեստ է սիրում, բայց, կասկածում եմ, որ ի զորու կլինի ինչ-որ բան փոխել: Նա պետք է կարողանա այնպիսի մարտավարություն մշակել, որն արդյունք կունենա, հակառակ դեպքում՝ բողոքի այս ալիքը մարելու է: Ես քաղաքագետ չեմ, քաղաքական լուրջ կանխատեսումներ անել չեմ կարող, բայց ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ մեղք է ժողովուրդը: Երեկ ուզում էի հասկանալ՝ նրանք հավատո՞ւմ են հաղթանակին, թե՞ պարզապես գնում են միտինգի:

Տպավորություն էր, կարծես ոչ թե իդեային հավատացող, հաստատակամ քայլ կատարող զանգված է, այլ՝ հոսանքի տակ գնացող ժողովուրդ: Իմիջիայլոց, տարեց մարդիկ ավելի շատ էին հավատում իրենց գործողություններին, քան երիտասարդները: Երեկ ցուցարարների մեջ գտնվելով՝ ես հասկացա, որ տարածքը հսկող ոստիկաններն ամեն ինչի պատրաստ են՝ սկսած արյունահեղությունից, վերջացրած ամենաանկանխատեսելի գործողություններով: Ես 5 տարի է, ինչ ապրում եմ Երևանում և 5 տարի շարունակ տեսնում եմ նույն միտինգները, որոնք մեր հասարակական, քաղաքական կյանքում ոչինչ չեն փոխում:

– Դուք,Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եք, երկար տարիներ բնակվել եք Մոսկվայում. Այնտեղ ո՞ր դեպքում են մարդիկ փողոց դուրս գալիս, հետընտրական փուլը խաղա՞ղ են հաղթահարում նրանք:

– Ճիշտ է՝ ես երկար տարիներ Մոսկվայում ապրել եմ, բայց երբևէ ականատես չեմ եղել նման բողոքի ակցիաների, միտինգների: Ընտրեցին Պուտինին՝ վերջ, ժողովուրդն ընդունում է նախագահին: Հնարավոր է` նրան ընդունում են որպես ուժեղ լիդեր, ով իսկապես, որպես առաջնորդ, ուժեղ անհատականություն է: Բնականաբար, կան Պուտինից դժգոհ շատ մարդիկ, բայց նա շատ բարեփոխումներ է իրականացնում, որոնք անմիջապես անդրադառնում են ժողովրդի կենսամակարդակի վրա: Օրինակ՝ յուրաքանչյուր տարի բարձրացնում է կենսաթոշակները, դրանից բացի՝ թոշակառուների համար մեծ սուբսիդիաներ են գործում: Ինչ վերաբերում է արվեստի դաշտին, ապա այնտեղ Մշակույթի նախարարությունը շատ մեծ ծրագրեր է իրականացնում: Նկարիչների միության անդամ լինելը պատվաբեր է, քանի որ այդ կառույցը բավականին արդյունավետ է աշխատում:

Նկարիչներն ունեն շատ արտոնություններ՝ սկսած անվճար ցուցահանդեսներ կազմակերպելու հնարավորությունից, մինչև անգամ անդամավճարներից գոյացող թոշակները: Իսկ ամենակարևոր առավելությունն այն է, որ Մոսկվայում արվեստագետի բողոքին արձագանքում են. Մշակույթի նախարարությունը, Նկարիչների միությունը յուրաքանչյուր դժգոհություն, բողոք ուսումնասիրում և խնդրին լուծում է տալիս, իսկ այստեղ ո՞ւմ բողոքեսգ

Moko (5)

– Մեր երկրում հետաքրքիր երևույթ կա. նկարիչները՝ իրենց արվեստանոցներով, Հայաստանում են, բայց նրանց ստեղծագործությունները, որպես կանոն` դրսում:

– Ճիշտ եք, իմ պարագայում էլ այդպես է: Ես չեմ կարող հիշել, թե վերջին անգամ Հայաստանում երբ եմ նկար վաճառել: Թեև դա նաև անմիջական կապ ունի իմ նկարչության ուղղության հետ, որովհետև աբստրակցիան դժվար հասկանալի արվեստ է: Աբստրակցիան առհասարակ ընտրյալների համար է, որովհետև այն հոգևոր դաշտում է, պետք է ընկալել զգայական ոլորտում: Այսինքն՝ եթե չես զգում, չես տեսնում, ապա չես կարող նաև ընկալել այդ արվեստը: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում լուրջ արվեստի հանդեպ հետաքրքրություն չկա, հետևաբար՝ այստեղ գործ վաճառելը միֆ է:

Եթե դու նկարում ես ֆիգուրատիվ գործեր՝ «պուպուշ», սիրուն, հատուկ գույներով, շոյող նկար ես անում, ապա նկարդ կգնեն, իսկ աբստրակցիան աչք շոյող նկարչություն չէ: Այն շատ խորն է, հեղինակի ներաշխարհի արտացոլանքը, որտեղ, եթե կեղծիք լինի՝ մարդու վրա ազդեցություն չի գործի: Աբստրակցիան իրական արվեստ է, որը շատ բարդ է ու մեծ ազնվություն է պահանջում. Ի վերջո, աբստրակցիան գալիս է ինչ-որ դպրոցից, բայց միևնույն է՝ առանձին ինդիվիդում է. որքան ուսումնասիրում ես, այնքան ուսումնասիրելու խորություն է բացվում:

– Մոսկվայի պես մեծ քաղաքում ապրելուց հետո Հայաստանի նման երկրում նկարել, այն էլ` աբստրակտ, այն էլ՝ նկար չվաճառելու պարագայումգ Մեր երկիրը ստեղծագործելու համար բարենպա՞ստ է: Որքան էլ դժգոհենք, թե ստեղծագործողներն արտագաղթում են, բայց մնացողների մեջ մի տեսակ հերոսություն կա՝ գործերն իրացնում են դրսում, իսկ իրենք կառչած են այստեղ՝ իրենց արվեստանոցներից:

– Մոսկվայում 10 տարի չեմ նկարել: Երևանում կյանքը շատ դժվար է, բայց ճշմարտություն կա այն դիտարկման մեջ, որ քո հողի վրա մտքերդ փայլատակում են: Հայրիկիս (Ռուդոլֆ Խաչատրյանը.- Լ.Ս.) մահից հետո ես շատ խորը սթրեսներ տարա, որոնք, բնականաբար, ազդեցություն թողեցին իմ հոգեբանության վրա: Կյանքի տարբեր փուլեր ինձ ստիպեցին որպես անձ վերանայել որոշ արժեքներ, որոնք իրենց հերթին` նոր խորություն բերեցին իմ արվեստ: Հինգ տարվա մեջ ես ստեղծագործական այնպիսի ներուժ ունեցա, որքան չեմ ունեցել այն 10 տարիների ընթացքում: Թեև մշտապես կարծում էի, որ իզուր եմ վերադարձել Հայաստան, բայց հիմա հաստատակամ կարող եմ ասել, որ այն, ինչ արեցի Հայաստանում՝ չէի կարող իրականացնել Մոսկվայում: Հայաստանում կենցաղը սարսափելի դժվար է: Երևանը շատ փոքր քաղաք է, որտեղ ես մեկ-մեկ խեղդվում եմ այս շենքերի ու մարդկանց արանքում: Ես սովորել եմ Մոսկվայի պես քաղաքի անսահմանությանը, որտեղ շնչելու տարածք ինչքան ուզես՝ կա: Այս սթրեսային վիճակը, այս տարօրինակ ապրելակերպը հետաքրքիր խորհուրդ ունի արվեստագետի համար:

Moko (3)

Ես այս 5 տարվա մեջ հինգ անհատական ցուցահանդես արեցի, որից մեկը Բեյրութում էր: Սեպտեմբեր ամսին իրականացրինք աբստրակցիայի ցուցահանդես Ժամանակակից արվեստի թանգարանում, որն ինձ համար շատ արժեքավոր էր: Այն 3 օր տևեց, որին մասնակցում էին Գրիգոր Միքայելյանը (Քիքի), Նարինե Իսաջանյանը, Սէվը և մեր մյուս՝ տեղաբնակ աբստրակցիոնիստ ընկերները: Այնպիսի զգացողություն էր, կարծես բոլորն իրար հարազատ, մտերիմ են զգում և միևնույն իդեայով են ապրում: Այդ ցուցահանդեսը շատ թանկ է ինձ համար:

– Մոկո, մեկ ամսում 40 կտավ եք նկարել, բայց Ձեր գործերը չեն ցուցադրվել: Նկարները փակ տարածքում պահելը Ձեզ չի՞ ճնշում:

– Կյանքը, նկարչությունը հետաքրքիր փուլեր ունեն: Առաջ միշտ ցանկանում էի ցուցադրվել, այստեղ-այնտեղ ցուցահանդես բացել: Հիմա ազատագրվել եմ այդ ամենից: Երբ ստեղծագործում ես՝ այն դրսևորելու ճանապարհներն ինքնաբերաբար հայտնվում են: Եվ հետո անիմաստ է ուզել այն, ինչը կարող է չլինել: Ես նկարում եմ ոչ թե ցուցադրվելու, այլ՝ ինձ համար, իմ հոգեվիճակը մաքրելու, ազատելու համար: Չեմ կարող չնկարել, որովհետև դա նաև ապրելու իմաստ է: Ի դեպ, շատ ցուցադրվելն էլ ճիշտ չէ և նաև հետաքրքիր չէ: Բայց ճիշտ ժամանակի մեջ ճիշտ ցուցահանդես անելն ունի իր այն առավելությունը, որ դու ինքդ քո ստեղծագործությունները կողքից նայելու հնարավորություն ես ունենում: Երբ տանը, արվեստանոցում գործերդ իրար վրա դնում ես՝ այն ամբողջության մեջ չես տեսնում:

Moko (4)

– Բայց դրա մեջ էլ վտանգավոր միտում կա, որովհետև նկարիչները վերջերս համակերպվել են չցուցադրվելու հետ: Այսինքն՝ ոչ թե չեն ուզում ցուցադրվել, այլ՝ հնարավորություն չկա: Ստացվում է՝ մեր նկարիչները նկարում են իրենց համար: Ցուցահանդես անելու հարցադրումները մի կողմ դնելն էլ իր հերթին` էգոիզմ է, որովհետև հազարավոր մարդիկ նկար նայելու կարիք ունեն:

– Երևանում համարյա գալերեա չկա: Գոյություն ունի Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ պարբերաբար ցուցադրվում ենք: Որտե՞ղ ցուցադրվեմ, ասեք, խնդրում եմ: Մենք հիմա ունենք շատ լավ մի գաղափար, որոնց փակագծերը շատ չեմ բացի, քանի որ կազմակերպիչը ես չեմ: Հավանաբար սեպտեմբեր ամսին կիրականացնենք աբստրակցիան օբյեկտի մեջ ցուցահանդես, որը, վստահ եմ, շատ հետաքրքիր կլինի:

– Ինչո՞ւ շատերը չեն գիտակցում այն էսթետիկան, որ նկար նայելը երջանկացնում է մարդուն:

– Գիտակցելու խնդիր չէ, որովհետև մարդը նկար նայելու պահանջ ունենում է կամ չի ունենում: Օրինակ՝ ես չունեմ պահանջ խանութներով շրջելու և զգեստներ նայելու: Հետևաբար՝ կան մարդիկ, որոնք դա են սիրում: Հատուկենտ մարդիկ են զգում նկարի ուժը:

Ես գիտեմ շատ մարդկանց, ովքեր գնում են Իտալիա, Նյու Յորք, բայց ոչ մի անգամ թանգարան չեն այցելում: Ի վերջո, մարդկանց արժեքային համակարգն է տարբեր: Մյուս կողմից էլ՝ մարդկանց հարկավոր է սովորեցնել նկարչություն սիրել, որովհետև շատերի համար հասուն տարիքում է նկարի արժեքը գնահատվում: Ես մարդկանց եմ ճանաչում, որոնք բավականին մեծ տարիքում են հասկացել նկարչության արժեքը, ավելին՝ դարձել են կոլեկցիոներ: Ընդհանրապես մանկությունից երեխային պետք է դաստիարակել, թատրոն, երաժշտություն, նկարչություն սիրել, որովհետև այդ սերն էլ իր հերթին` մարդուն արժեքավոր է դարձնում:

– Բոլոր նկարիչներին հարցնում եմ, թե ինչո՞ւ Ժամանակակից արվեստի թանգարանի շենքի հարց չեք բարձրացնում: Այնտեղ, ի թիվս այլ նկարիչների` ցուցադրվում են նաև Ձեր հայրիկի՝ Ռուդոլֆ Խաչատրյանի, ինչպես նաև` Ձեր գործերը, որոնք խեղդված են փոքր տարածքի մեջ: Այդ շենքը Ձեզ դուր գալի՞ս է:

– Ոչ, իհարկե: Երբ Փակ շուկան սկսեցին փակել` ես ամեն անգամ անցնելիս սկսում էի պատկերացնել, թե այնտեղ ինչպիսի հզոր թանգարան կարելի է կառուցել: Աշխարհում այսօր այնպիսի տենդենց կա, երբ հին գործարանները, արտադրամասերը վերակառուցում են որպես ժամանակակից թանգարաններ, որն առկա է նաև Մոսկվայում, ընդ որում՝ մի քանիսը: Եվրոպայում նույնպես այդպիսիք կան, որոնք շշմելու ճարտարապետություն և աուրա ունեն: Այսօր Հայաստանում դրա պահանջը գուցե չկա, պետք չէ ժողովրդին:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս