«Ադրբեջանը փորձում է դուրս գալ «էրդողանական ձեռքի» տակից, փորձում է ցույց տալ, որ ավելի անկախ պետություն է». Մհեր Աբրահամյան

Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայից ու Ադրբեջանից միմյանց հասցեին մեղադրական հնչերանգներով հայտարարություններ են հնչում։ Մասնավորապես, այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ, «ինչպես ժամանակին ներխուժեցին Լիբիա, Ղարաբաղ, այնպես էլ կներխուժեն Իսրայելի տարածք»։

Բաքվից հակադարձեցին, թե «Իսրայելը Ղարաբաղ չէ»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչն էլ ի պատասխան այդ հայտարարություններին՝ տեղական լրատվամիջոցներին ասել է, որ՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար մղվող մարտերին որևէ երկրի զինծառայողների մասնակցության վերաբերյալ հայտարարությունների հիմք չկա»։

Ադրբեջան-Թուրքիա այս փոխադարձ հակադարձումները զուտ քարոզչական բնո՞ւյթ են կրում, թե՞ երկու երկրների միջև հակասություններ են սկսվել։

Կարդացեք նաև

Թուրքագետ Մհեր Աբրահամյանը կարծում է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև լուրջ սրացումներ չկան, մասնավորապես՝ եթե հաշվի առնեն ստրատեգիական այն  պայմանագրերը, որոնք ստորագրվել են երկու երկրների միջև, այդ թվում՝ Շուշիի հռչակագիրը։

«Այստեղ կա մի հետաքրքիր նյուանս՝ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ինքն ավելի անկախ պետություն է, ինքն է կարողացել կերտել սեփական հաղթանակները։ Ալիևը փորձում է իր հանրությանը ցույց տալ, որ իրենց տարած հաղթանակը զուտ ադրբեջանական է, այն վրեժն է, որը լուծել են 90-ականների համար, և այլն։ Բայց ահա գալիս է Թուրքիայի նախագահը ու հայտարարում՝ եթե Թուրքիան չլիներ, Ադրբեջանը որևէ հաղթանակ չէր կարող գրանցել, Թուրքիայի հայտարարություններն աշխատում են ի վնաս Ալիևի։ Ուստի այսօր Ադրբեջանը փորձում է դուրս գալ, այսպես ասած՝ «էրդողանական ձեռքի» տակից և ավելի անկախ երևալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Մհեր Աբրահամյանը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ, սակայն, ամեն ինչ այնպես չէ, ինչպես ուզում է Ալիևը, քանի որ Էրդողանը, լինելով ամբիցիոզ քաղաքական գործիչ, ամեն անգամ Ադրբեջանին հիշեցնելու է, որ նա հաղթել է Թուրքիայի ու անձամբ իր շնորհիվ։

«Օգտագործելով ցանկացած հարթակ և իրողություն, որը տեղի է ունենում աշխարհաքաղաքական իրավիճակում, որտեղ խառնված է Թուրքիան, նա պարբերաբար Ալիևին այս ամենի մասին հիշեցնելու է։ Եվ ոչ միայն Ադրբեջանին, այլև ամբողջ աշխարհին, որ տարածաշրջանում, հատկապես՝ Հարավային Կովկասում, սա Թուրքիայի հաղթանակն է և դա կարող է տեղի ունենալ նաև Մերձավոր Արևելքում»,- հավելեց թուրքագետը։

Հարցին՝ Պաղեստին-Իսրայել և Իսրայել-Իրան իրավիճակի սրմամբ, հնարավո՞ր է՝ Թուրքիա-Ադրբեջան երկուստեք հայտարարություններն ավելի սուր բնույթ կրեն և տեղափոխվեն գործնական դաշտ, Մհեր Աբրահամյանը պատասխանեց` հասկանալով Թուրքիայի այսօրվա քաղաքական ուղղվածությունը և Հարավային Կովկասում նրա հաստատվելու բուռն ցանկությունները վերջին տարիների ընթացքում, որն աստիճանաբար կատարվում է, չի կարծում, որ Թուրքիան կարող է թողնել Հարավային Կովկասը։

«Երբ հետևում ենք Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, նույն Իսրայել-Թուրքիա հարաբերություններին, ապա տեսնում ենք նման լարվածություններ, հարաբերությունների խզումներ, այնուհետև վերականգնումներ։ Նույնը նաև Սիրիայի հետ կապված, երբ Թուրքիան դեմ էր տեղի իշխանությանը, բայց հիմա փորձում է նրա հետ հանդիպել։

Սրանք  Թուրքիայի քաղաքականության քայլերն են, և նույնը տեղի կունենա Ադրբեջանի դեպքում, եթե Ադրբեջանը փորձի դուրս գալ Թուրքիայի կողմից ստորացված վիճակից։

Թուրքիան կգտնի այն գիծը, որով կփորձի կրկին սիրաշահել Ադրբեջանին, սա թուրքականացված ուժերի կոշտ ու փափուկ ուժերի քաղաքականությունն է»,- եզրափակեց Մհեր Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս