«Հայ-թուրքական սահմանի բացումը բերելու է անվտանգային լուրջ պրոցեսների. Դա նշանակում է Թուրքիայի մուտքը Հայաստան». Մհեր Աբրահամյան

Երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական երկխոսության գործընթացում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանն ասել է, որ Թուրքիայի կողմից հատուկ բանագնաց Սեդար Քըլըչի հետ հանդիպումը տեղի կունենա մոտ օրերս Հայաստանում, թե որտեղ ու ինչ պայմաններում՝ Ռուբինյանը չի չբացահայտել, միայն նշել է, որ երբ ժամանակը գա, այդ մասին կասեն։

«Օրակարգը ներառելու է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ողջ օրակարգը, կքննարկվեն այն քայլերը, որոք մինչ այս արվել են, այն քայլերը, որոնք դեռ ընթացքի մեջ են»,- ասել է ԱԺ փոխնախագահը։

Որքանո՞վ է իրատեսական, որ Քըլըչի այցից հետո կբացվի հայ-թուրքական սահմանը, և առհասարակ այս պահին Հայաստանն անվտանգության առումով պատրա՞ստ այդ  սահմանի բացմանը։

Թուրքագետ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ թուրք դիվանագետի այցը Հայաստան, ՀՀ օրվա իշխանությունների կողմից, այսպես կոչված, «դիվանագիտական» քայլ է, հայ հասարակությանը ցույց տալու, թե՝ «տեսեք, բարձրաստիճան թուրք դիվանագետ է այցելում Հայաստան, նաև Հայաստանում են տեղի ունենում բանակցություններ»։

Կարդացեք նաև

«Չեմ կարծում, որ այս բանակցությունները կտան այն արդյունքը, ինչ նշում են մեր երկրի իշխանությունները, որ իբր սպասվում է  հայ-թուրքական սահմանի մոտալուտ բացում։

Կարծում եմ՝ Թուրքիան բանակցությունները շարունակելու է տանել այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանի իշխանությունը լիակատար ձևով իրականացնի այն բոլոր պայմաններն ու նախապայմանները, որոնք գոյություն ունեն։ Այս նախապայմանների մեծ մասը ՀՀ իշխանությունը կատարել է, և հաջորդ քայլը լինելու է, օրինակ, Արցախի խնդրի հետ կապված տարբեր ատյաններում չբարձրաձայնելը, միայն այդ նախապայմանները կատարելուց հետո հնարավոր կլինի, որ Թուրքիան բացի հայ-թուրքական սահմանը»,- 168.am հետ զրույցում նշեց Մհեր Աբրահամյանը։

Թուրքագետի խոսքով՝ այսօրվա Հայաստանը պատրաստ չէ հայ-թուրքական սահմանի բացմանը՝ անվտանգության առումով։

«Հայ-թուրքական սահմանի բացումը նշանակում է Թուրքիայի մուտքը Հայաստան, որին անվտանգության տեսակետից մեր երկիրը պատրաստ չէ։ Այս սահմանի բացումը բերելու է անվտանգային լուրջ պրոցեսների, որոնք ավելի են վտանգելու մեր երկիրը և մեր երկրի քաղաքացու կյանքը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ Թուրքիան կհամաձայնի՞ հայ-թուրքական սահմանը բացել «Թրամփի ուղի» կոչվող ճանապարհի բացումից հետո, թե՞ կբացի սահմանը, այնուհետև այդ ճանապարհը կբացվի, Մհեր Աբրահամյանը նախ պատասխանեց՝ այս ճանապարհ ասվածն իրենից ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցք»։

«Ալիևն օգոստոսի 8-ին Վաշինգտոնի հանդիպումից հետո նշել էր, որ՝ «Հայաստանի հետ պատրաստ են հարաբերությունների հաստատման, երբ ՀՀ Սահմանադրությունը փոխվի և կասեցվեն զանազան ռևանշիստական շարժումները»։ Կարծում եմ՝ այդ ճանապարհի ու հայ-թուրքական սահմանի բացումը կախված է հենց այս պայմաններից, որոնք իրականացնելու ճանապարհով էլ գնում է Հայաստանի իշխանությունը՝ Հայաստանը լիովին զրկելով ազգային դիմագծից։  Սրանով Հայաստանը կորցնելու է իր դիմագիծը, իսկ ազգային դիմագիծ ասելով՝ նկատի չունեմ մեր երգերն ու պարերը, այլ ազգային անվտանգությունը և համաշխարհային դիվանագիտության մեջ մեր դիվանագիտական դիմագիծը»,- ընդգծեց Մհեր Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո, 2022 թվականի հունվարին տեղի ունեցավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սեդար Քըլըչի առաջին հանդիպումը՝ Մոսկվայում։ Մինչև այս պահը բանագնացները մի քանի հանդիպում են ունեցել, պայմանավորվել հայ-թուրքական սահմանը բացել 3-րդ երկրների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, սակայն սահմանը փակ է նրանց համար։

Հիշեցնենք նաև, որ հայ-թուրքական սահմանը փակվել է 1993 թվականից՝ Թուրքիայի կողմից,  Արցախյան ազատամարտի ժամանակ, երբ Հայաստանն ազատագրում էր Արցախի տարածքներն ադրբեջանական օկուպացիայից։

Տեսանյութեր

Լրահոս