«Թուրքիայում Առաքելական եկեղեցին դիտարկվում է այն միակ կառույցը, որն այս պահին կարող է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին ընթացք տալ». Մհեր Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում արդեն տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ աշխատանքային այցով արդեն Թուրքիայում է։ Մինչ այս պահը ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ նրա թիմակիցները չեն բացահայտել, թե աշխատանքային այցի օրակարգում ինչ հարցեր են լինելու։ Օրերս Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Թուրքիա այցի օրակարգի վերաբերյալ կլինի Թուրքիայի հետ համատեղ հայտարարություն։

Նշենք, որ Թուրքիայում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին։

Թուրքագետ Մհեր Աբրահամյանը, խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցի ակնկալիքների մասին, ասաց՝ Հայաստանն այս հանդիպումից դրական որևէ ակնկալիք չպետք է ունենա, քանի որ Հայաստանին լինելու են ռեալ սպառնալիքներ։

«Այն հռետորաբանությունը, որն օգտագործում է Էրդողանը, և այն քաղաքականությունը, որը նա վարում է Հարավային Կովկասի նկատմամբ, իրենից ենթադրում է Հայաստանի ինքնուրույնության ոչնչացում և ՀՀ տարածքների, հատկապես Սյունիքի բռնակցում Ադրբեջանին կամ Նախիջևանին։

Կարդացեք նաև

Այս հանդիպմանն Էրդողանը հստակ դնելու է այն նախապայմանների իրականացման պահանջը, որ նախկինում կար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում, որոնց մի մասը ՀՀ իշխանությունն ապիկար քաղաքականության արդյունքում իրականացրել է։ Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնությունը տալու է այդ չկատարած նախապայմաններն իրագործելու համար»,- 168.am հետ զրույցում նշեց Մհեր Աբրահամյանը։

Նրա դիտարկմամբ՝ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ այդքան էլ չեն սպասում Թուրքիայի ու Ադրբեջանի ճնշումներին, այլ հստակ իրականացնում են թուրքական քաղաքականությունը։ Հետևաբար, իշխանությունը փաստացի կատարում է բոլոր այն պահանջները, որոնք առաջ է քաշում Թուրքիան։

«Տպավորություն է, որ այս իշխանությունն իրեն լավ է զգում, որ կատարում է թուրքական քաղաքականությունը, քանի որ նրանց կողմից տեղի են ունենում գործողություններ, որոնք հստակ վկայում են այդ մասին։ Թուրքիա կատարած այս այցը խինդ ու ուրախություն է առաջացրել ՀՀ իշխանությունների մոտ, որ վերջապես պատմական իրադարձություն է՝ ՀՀ ղեկավարը գնում է Թուրքիա։ Կարծում եմ՝ օրվա իշխանություններն այսօր լիովին համաձայն են էրդողանական քաղաքականության հետ»,- շեշտեց թուրքագետը։

Դատելով ադրբեջանական մամուլի հրապարակումներից, Ադրբեջանում մեծ ուրախությամբ են ընդունել Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական եկեղեցու և Վեհափառի դեմ իրականացվող քայլերը, ուստի թուրքագետից հետաքրքրվեցինք՝ արդյոք Թուրքիայում է՞լ այդպես է։

Մհեր Աբրահամյանը պատասխանեց՝ ի տարբերություն ադրբեջանական մամուլի, թուրքական մամուլն Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցողը ներկայացնում է որպես տեղեկատվություն։

«Թուրքական մամուլում կա նաև մի այսպիսի նրբություն՝ շեշտը դնում են այն փաստի վրա, որ Փաշինյանն աշխատում է հայ եկեղեցու դեմ, ի տարբերություն ադրբեջանական մամուլի, որտեղ շատ ավելի մեծ է ագրեսիան և ուրախությունը, որ ՀՀ ղեկավարը պայքարում է Առաքելական եկեղեցու դեմ։

Միաժամանակ Թուրքիան Առաքելական եկեղեցին դիտարկում է այն միակ կառույցը, որն այս պահին կարող է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին ընթացք տալ։ Պաշտոնական մակարդակում Թուրքիայում կա ներքին ուրախություն, որ Փաշինյանն իրականացնում է իրենց մեկ նախապայման ևս՝ պայքարելով այն կառույցի դեմ, որը հայ ժողովրդի մեջ կարող է զարթոնք առաջացնել»,- ընդգծեց Մհեր Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս