Ալիևն է հրաժարվել հանդիպումից, նրան էդ թղթի կտորը պետք չի, նա ասում է՝ սա ո՞վ է, որ ես սրա հետ պայմանագիր ստորագրեմ. Վարդան Հակոբյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Փաշինյանի վարքագծի տեսանկյունից որևէ հանդիպումից հրաժարվելը սովորական բան է, սակայն ես հակված եմ մտածել, որ Ալիևն է հրաժարվել Փաշինյանի հետ հանդիպումից։ Ալիևին խաղաղության պայմանագիրն ընդհանրապես չի հետաքրքրում, ու նա, ըստ էության, ասում է՝ ես հաղթել եմ, սա ո՞վ է, որ ես սրա հետ պայմանագիր ստորագրեմ… Ալիևի համար լուրջ չեն այդ բանակցությունները։ Նրան պետք չէ այդ «խաղաղության պայմանագիր» կոչված թղթի կտորը, որը ոչ մի նշանակություն չունի:
- Հիշենք դեռևս խորհրդային տարիներին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թետչերի այցը Բաքու, և այդ ժամանակից ի վեր թե՛ Հեյդարը, թե՛ նրա որդին հետևողականորեն անում են այդ ժամանակվա պայմանավորվածությունները։
- Չեմ զարմանա, որ գնալով բանը հասնի հանուն այդ կեղծ խաղաղության Մեղրիի հատվածը զիջելուն։ Տոնածառի խաղալիքի նման Հայաստանի քարտեզը կտրտել և ցույց է տալիս, և եթե պետք լինի, այդ հատվածն էլ կկտրեն։
- Ալիևը շատ լավ հասկանում է, որ տարածաշրջանում դեռ ամեն ինչ անորոշ է։ Ուժային կենտրոնների միջև հարաբերությունները դեռ վերջնական պարզված չեն։ Ալիևը մտածում է՝ «եթե ես հիմա պայմանագիր կնքեմ, վաղը կարող է բումերանգի պես իմ գլխին գալ»։ Կարող է հետագայում ստեղծվել վիճակ, որ իրեն մեղադրեն գենոցիդի մեջ, պահանջեն արցախցիների հետ վերադարձ… Կարող է լրիվ հակառակը լինել… Ալիևը, ի տարբերություն ՀՀ գործող այս իշխանությունների, որ 2018թ.-ից եկան ու քանդեցին ոչ միայն արտաքին հարաբերություններն ու պետական համակարգերը, կարողանում է ընդլայնել իր միջազգային հարաբերությունների դաշտը։ Այս մարդիկ՝ ՀՀ գործող իշխանությունները, վերացրել են մեր բոլոր դաշնակիցների հետ հարաբերությունները, և չկա մեկը, որի վրա կարելի է հույս դնել։
- Ադրբեջանն իրական քաղաքականություն է վարում՝ լուրջ քաղաքական-տնտեսական-դիվանագիտական պայմանագրեր կնքելով Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Արևմուտքի հետ, իսկ ՀՀ գործող իշխանությունները ոչնչացնում, վերացնում են Հայաստանի բոլոր պետական ինստիտուտները, քանդում բոլոր դաշնակիցների հետ նախկին իշխանությունների ստեղծած բոլոր հարաբերությունները:
- Բրիտանաբոլշևիկյան պրոյեկտ, հազիվ 100 տարեկան հանրապետություն Ադրբեջանը, իր ազգային շահերից ելնելով, քաղաքականություն է վարում, իսկ մենք անընդհատ գնում ենք կորուստների։
- Ամենալավ խայծը վիզային ռեժիմի թեթևացումն է։ Էսպիսի բաներով են խաբում մեզ։ Տպավորություն են ուզում ստեղծել, ոնց որ հայ ազգի, որը 3000 տարի առաջ ստեղծվել էր, միակ մտածմունքը եվրոպական վիզա ստանալն էր, Եվրոպայում սուրճ խմելն էր…
- Շառլ Միշելը, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նույն ինկուբատորից են ծնված։ Բայց Եվրոպան ո՛չ Ուկրաինայի կարիքն ունի, ո՛չ Հայաստանի։ Այսօր եթե պետք է վիզաներից խոսել, որ հայերը խայծը կուլ տան, կխոսեն, միայն թե՝ ԵՄ-ի ռազմական հենքը՝ ՆԱՏՕ-ն, իր ոտքը հիմնավորի այստեղ՝ դուրս մղելով Ռուսաստանին։
- Էս մարդիկ՝ ՀՀ գործող իշխանությունները, եկել են մի հարց լուծելու, և ինչ խոսք են տվել իրենց իշխանության բերող արտաքին ուժերին, արել են՝ սկսած Արցախից ազատվելուց… Իրենց ուսուցիչներն ինչպես ասում են, այնպես էլ անում են։ Էս պետության մեջ մի պետական այր չկա, որ ասի՝ այս գյուղը, այս հողն իմն է, որ Հայաստանի շահն առաջ մղի։
- Ոչմիթիզականությունը սրանց հնարած տերմինն է։ Նախկին իշխանությունները քաղաքականություն էին վարում, հարցեր էին լուծում, գիտեին՝ ինչը ինչի համար է, և ազգային, պետական շահերն էին առաջ տանում։
- Սյունիքն արդեն իրացնում են։ Արտաքին որոշ ուժերի ու ՀՀ այս իշխանությունների խնդիրը դա որպես տարածք նախապատրաստելն է՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից հանելու և Հայաստանն Իրանից կտրելու համար։ Իսրայելն է դրդում հակաիրանական պլատֆորմը ստեղծել։ Նաև կարելի է ենթադրել, որ ԱՄՆ 3 փոխպետքարտուղարների՝ մի ամսում Հայաստան այցերը նպատակ ունեն այդ պրոցեսն արագացնելու մինչև ԱՄՆ ընտրություններ։ Եթե դեմոկրատները մնան իշխանության գլխին՝ ԱՄՆ-ում պրոցեսները կսրվեն Ռուսաստանի դեմ, եթե հաղթի Թրամփը՝ պրոցեսները կսրվեն Իրանի դեմ։
- Ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ եվրոէմիսարներին նոր բախում, նոր ագրեսիա Հայաստանի և Ադրբեջանի միջև չի հետաքրքրում։ Նրանք ուզում են երկուսին էլ հանգիստ տեղները նստեցնեն, մինչև իրենց ուզած պլատֆորմը ստեղծվի։
- Մեր ողբերգությունն այն է, որ մեր պատմության առանցքային այս պահերին մեր երկիրն անտեր է, մենք չունենք ղեկավար, ով կպաշտպանի երկրի ու ժողովրդի շահը։ Անտեր գցած տարածք է, և ինչ-որ մարդիկ եկել, իրենց հարցերն են լուծում այստեղ։
- Հայաստանի այս իշխանությունը որևէ մտադրություն էլ չունի ինչ-որ գործընթացից ինչ-որ բան շահել։ ԽՍՀՄ տարիներից սկսած՝ Զանգեզուրի միջանցքի հարցը միշտ եղել է, որովհետև եղել են դրա քաղաքական հետևանքները։ Կա Թուրքիայի և Ադրբեջանի հարց։ Զանգեզուրի միջանցքը կոմունիկացիա է ՆԱՏՕ-ի համար։ Դա ճանապարհ է Բրյուսելից մինչև Միջին Ասիա։ Եթե այդ Միջանցքի վրա եղավ ՆԱՏՕ-ական վերահսկողություն, ապա կարելի է մոռանալ Հայաստանի ինքնիշխանության մասին։
- Դատելով Իրանի նոր նախագահի որոշ հայտարարություններից՝ հասկանում ես, որ բան է փոխվել, ճեղք է տվել․նա հակահայկական հայտարարություններ չի անում, բայց ունի պրոադրբեջանական դիրքորոշում։ Իրանի նախկին նախագահը հայկական շահն էր պաշտպանում։ Ինչ-որ բան է կատարվում, որի մասին մենք տեղյակ չենք։
- Արդեն առևտրի համար ապրանք չկա։ Հայաստանն արդեն իր մարմնից է տարածքներ պոկում, տալիս։ Արևմուտքին սա չի հետաքրքրում, նրանք ասում են՝ հանգիստ վե՛ր ընկեք տեղներդ, մինչև մենք մեր հարցերը լուծենք, այդ պլատֆորմը ստեղծենք։ Բոլորն ինչ-որ շահեր ունեն ու հետապնդում են իրենց շահը։ Միակ տարածքը, որ շահ չի հետապնդում, մենք ենք։
- Նրանց համար նպատակը Գոբլի ծրագիրն է, ոչ թե Կալինինգրադյան մոդելը, որ կարողանան Սյունիք-Նախիջևանով առաջանան։ Ռոգոզինն ադրբեջանամետ գործիչ է, ասել են, Կալինինգրադյան մոդելի հարցն առաջ է բերել, տակը լուրջ բան չկա։
- Թուրքիան սահմանի բացման հարցը դարձրել է քաղաքական շահարկման հարց։ Խոսք է, գցել են՝ զբաղվելու համար, բայց տակը լուրջ բան չկա։
- Փաշինյանի հեծանվային և արտերկրյա հաճույքների, ճոխ կյանքի մասին. Մարդուն փողոցից վերցնում, տանում, դարձնում ես վարչապետ, Ազգային ժողովի նախագահ կամ նախարար։ Մարդիկ փող են ստանում, շրջագայում են աշխարհով մեկ։ Եվ հիմա իրենք զայրանում են՝ ինչո՞ւ են խանգարում իրենց գեղեցիկ կյանքը, վայելքները… Փոքր մարդկանց, քաղքենու պրոբլեմներ են։
Մանրամասները՝ տեսանյութում։