Ռուսաստանը Հայաստանում կարող է սոցիալ-տնտեսական ճգնաժամ առաջացնել ցանկացած պահի. Խալաթյան

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախում տեղակայված 2000 թվակազմ ունեցող ռուսական խաղաղապահ առաքելությունը ժամկետից 1.5 տարի շուտ հեռանում է Արցախից։

Տեղեկությունը պաշտոնապես հաստատել են Կրեմլից՝ անպատասխան թողնելով հարցը, թե ինչո՞ւ է նման որոշում կայացվել այն բանից հետո, երբ օրեր առաջ Բաքվից հայտարարեցին, թե պլանավորվում է ռուս խաղաղապահներին ներգրավել օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ականազերծման աշխատանքներին։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը, խոսելով ռուս խաղաղապահների՝ Արցախից հեռանալու մասին, ընդգծեց՝ այդ որոշումը ռուսական կողմը կայացրեց, որովհետև Հայաստանը ներկայացնող Փաշինյանն ու Ալիևն արդեն կայացրել էին որոշում Արցախից ռուսներին հեռացնելու վերաբերյալ: Փաշինյանը դրա համար համաձայնեց Արցախը հանձնել Ալիևին, ուստի հիմա Ռուսաստանը հեռացնելով իր խաղաղապահներին Արցախից՝ հետագա բոլոր զարգացումների պատասխանատվությունը թողնելու է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների պատասխանատվության տիրույթում՝ ասելով՝ դե, թող Արևմուտքը մտածի հայ բնակչության հնարավոր վերադարձի մասին։

«Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա Ռուսաստանը դիտարկում է 3 տարբերակ. 1-ին՝ իրենք Ուկրաինայում հիմա կռվում են, և իրենց հաղթանակից հետո իրավիճակն այլ է լինելու՝ անկախ նրանից, թե ինչ կասեն Ալիևն ու Փաշինյանը։ Տարբերակ 2-րդ՝ մտածում են՝ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան պետք է որոշեն տարածաշրջանում խաղի կանոնները, իսկ փոքր երկրները՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, դրանք կկատարեն։ Տարբերակ 3-րդ՝ ռուսական կողմը սկզբում հանգիստ նայում է, թե ինչպես են իր դիրքերը թուլացնում, բայց հետո, ինչ-որ փուլում ռադիկալ միջոցներով վերադառնում են։ Հույս ունեմ, որ 3-րդ տարբերակին հերթը չի հասնի, թեև բացառված չէ, որ Ռուսաստանն ինչ-որ պահի որոշի ամենառադիկալ միջոցներով գործել, այսինքն՝ վերադառնալ»,- ասաց Խալաթյանը։

Կարդացեք նաև

Քաղաքական մեկնաբանը չբացառեց Արցախից հետո ռուսական ռազմական ներկայության հեռացումը նաև Հայաստանից՝ շեշտելով, որ դա տեղի կունենա ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի նախաձեռնությամբ, որը ռուսական դիրքերը թուլացնելով Հարավային Կովկասում՝ ուժեղացնում է թուրքական գործոնը։

«Այս մարդիկ Արցախը զոհաբերեցին, միայն թե ազատվեն ռուսական ներկայությունից, հիմա նույնն են անելու Հայաստանի պարագայում։ Ըստ իրենց՝ ավելի լավ է առանց պատերազմի հանձնել Ադրբեջանին նաև Հայաստանից որոշ տարածքներ, միայն թե դրանք չպաշտպանվեն Ռուսաստանի օգնությամբ, ինչը մեխանիկորեն բերի Ռուսաստանի վարկանիշի բարձրացման,- ասաց Խալաթյանը՝ շարունակելով,- Հայաստանի իշխանությունն անցնում է բոլոր գծերը, ուստի, ուզած թե չուզած, Ռուսաստանը պատասխանելու է։ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է Հայաստանում սոցիալական խնդիրներ առաջացնել, ինչը խնդիրներ կստեղծի իշխանության համար։

Ի դեպ, ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը հայ գործարարներին արդեն կոչ է անում պատրաստվել դիվերսիֆիկացիայի, որ հանկարծ խնդիրների չբախվեն Վերին Լարսում։ Հարց՝ դուք որտեղի՞ց գիտեք, որ խնդիրներ են լինելու Լարսում։ Այս կոչը նշանակում է, որ իշխանության ներսում քննարկում են, որ իրենց այս քաղաքականությունը բերելու է Ռուսաստանի հետ խնդիրների, ինչից հետո Ռուսաստանը գնալու է պատժիչ գործողությունների, ուստի հիմա հայ գործարարներին դրան են պատրաստում»,- ասաց Խալաթյանը։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս