
«ՀՀ իշխանությունները փաստացի խաղում են Բաքվի և Անկարայի կողմից ՀՀ շահերի դեմ». Խալաթյան
«Թուրան» գործակալության՝ Պետդեպում պաշտոնական թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին: «Բազմաթիվ աղբյուրներ հաստատում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթվա վերջում Վաշինգտոնում հայտարարել խաղաղության իրենց մտադրության մասին»,- նշել էր նա:
«Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն այն կարծիքին է, որ եթե անգամ Փաշինյանն ու Ալիևն այս շաբաթվա վերջին ԱՄՆ-ում հանդիպեն, խաղաղության պայմանագիր չեն ստորագրելու, հնարավոր է՝ լինի նախաստորագրում, որը պարզապես քարոզչական նպատակներով ներքին լսարանին խաբելու համար կօգտագործվի ՀՀ իշխանությունների կողմից:
«Իրականում, դա որևէ իրավական հետևանք Ադրբեջանի համար չի ունենալու: Չեմ բացառում, որ դրա դիմաց Ադրբեջանը ստանա ՄԽ լուծարումը, այլ որոշ կոնկրետ զիջումներ հայկական կողմից, բայց իրականում, չստանա իրական խաղաղության պայմանագիր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հայկ Խալաթյանի կարծիքով՝ Թրամփի մոտ չի ստացվում ռուս-ուկրաինական, պաղեստինա-իսրայելյան հակամարտությունները կանգնեցնել, բայց մոլուցք ունի խաղաղության նոբելյան մրցանակ ստանալու, և փորձելու է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի իբր կարգավորման հասնել և դա ներկայացնել՝ իբր իր հաջողություն:
«Ադրբեջանը վստահ է իր ուժերի մեջ, և քանի դեռ Հայաստանում այս իշխանությունն է, փորձելու է առավելագույնս ստանալ և չի գնալու կոնկրետ այս կոնֆլիկտի փակմանը, քանի դեռ չի հասել իր պատկերացմամբ առավելագույնին, իսկ առավելագույնը հայկական գործոնի չեզոքացումն է այս տարածաշրջանում: Այդ պատճառով, եթե նույնիսկ այս հանդիպումը տեղի ունենա, չնայած՝ իշխանությունները փորձելու են սա ներկայացնել՝ որպես դիվանագիտական մեծ հաջողություն, դրանք լինելու են, ժողովրդական լեզվով ասած, նիսյայի դիմաց՝ հայկական կողմի կոնկրետ զիջումներ, իսկ Ադրբեջանի կողմից՝ մաքսիմում խաղաղության պայմանագրի նախաստորագրում»,- ասաց նա:
Անդրադառնալով Սյունիքի «դարպասները բացելու» վերաբերյալ նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությանը, նա դա համարեց ադրբեջանական նարատիվների առաջ մղում. «Այնպես է ստացվում, ասես՝ մենք ենք փակել, չենք ուզում բացե՞լ: Մեր փորձագետներն այս քանի օրը հենց դա են ասում, որ, փաստացի, Ադրբեջանը փակել է, Հայաստանը բլոկադայի է ենթարկել, բայց հիմա մեր նախագահի ելույթներից ստացվում է, որ գիտեք՝ ինչ, մենք պետք է անենք: Ստացվում է՝ արդեն Սյունիքն ու ՀՀ այլ տարածքնե՞ր են վիճելի: ԱՄՆ դեսպանի ելույթից փաստացի դա է դուրս գալիս: Ես չեմ ասում՝ ամերիկացիները հատուկ ՀՀ-ին վատություն են անում, ո՛չ, բայց եթե թույլ ես տալիս քեզ օգտագործել, այդպես է լինելու, լինի ամերիկացի, ռուս, ֆրանսիացի թե իրանցի»:
Նա շեշտեց՝ Ալիևը փորձում է հասնել նրան, որ միջազգային հանրության մոտ ձևավորվի այն գիտակցումը, թե Սյունիքը վիճելի տարածք է, Հայաստանը չի բացում ճանապարհը. «Ցավոք սրտի, ՀՀ իշխանությունները գոնե այլ քաղաքականություն վարեն, համոզեն միջազգային հանրությանը, որ ՀՀ շրջափակումը Թուրքիան և Ադրբեջանն են անում, փաստացի խաղում են Բաքվի և Անկարայի կողմից ՀՀ շահերի դեմ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում