«Ռուսական կողմը 44-օրյա պատերազմից 3-4 օր առաջ հայկական կողմին փոխանցել է գաղտնի հետախուզական տվյալներ, որ պատերազմ է մոտենում». Լևոն Նազարյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Լևոն Նազարյանի խոսքով՝ զարմանալի չեն իշխանությունների ռևերանսները, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարի իշխանությունը Գրանադայում, առանց Ադրբեջանի մասնակցության՝ միակողմանի ստորագրեց մի փաստաթուղթ։

«Նման դիվանագիտական խայտառակությունից հետո, որը կարող է դասագրքային նախադեպ դառնալ, դիվանագիտական ձախողումներով մեզ այլևս ոչինչ չի զարմացնում, որովհետև այս իշխանությունը կարող էր նույնիսկ Գերմանիա չգնալ, այլ գնալ Բաքու՝ Ալիևի նախաճաշի շուրջ զգաստ կանգնել՝ լսելու հանձնարարականները, ու գալ։

Նախապատերազմական շրջանում կապիտուլյանտը հայտարարում էր, որ ինքը բանակցությունները սկսում է իր զրոյական կետից, որ չի շարունակելու Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունից: Ժողովրդական լեզվով ասած՝ մեզ կոտորում էինք՝ ասելով, որ սրանք գնում են, որպեսզի միակողմանիորեն կատարեն Ադրբեջանի պահանջները»,- 168TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Լևոն Նազարյանը՝ անդրադառնալով Գերմանիայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարների հանդիպմանն ու գերմանական հարթակում  հայ-ադրբեջանական բանակցություններին։

Այս համատեքստում Լևոն Նազարյանը հիշեցրեց՝ մինչև 2018 թվականը Հայաստանն ուղղակի չի բանակցել Ադրբեջանի հետ, այլ բանակցել է միջնորդ երկրների հետ, և ցանկացած փոխզիջում, որին պատրաստ է եղել Հայաստանը, դրանք որպես իրականանալի խոստումներ՝ տրվել են միջնորդ երկրներին և նրանցից էլ ստացել են երաշխիքներ։

Կարդացեք նաև

Ըստ նրա, սա է եղել պատճառը, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմում ադրբեջանական ձախողումից հետո, Սերժ Սարգսյանը կարողացել է դա կապիտալիզացնել քաղաքական հենքի վրա՝ ստանալով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։

ՀՀԿ խորհրդի անդամը, հակադարձելով իշխանությունների մեղադրանքներին, թե նախորդ բոլոր իշխանություններն իրենց վատ բանակցային ժառանգություն են թողել, ասաց.

«Եթե այս իշխանություններին թվում է, որ մարդիկ իրենց հիշողությունն ամբողջովին կորցրել են, ամնեզիայի են ենթարկվել իրենց նման, սխալվում են։ Գուցե հնարավոր էր ինչ-որ մի ժամանակահատված խաբել ժողովրդի մի հատվածին, բայց ամբողջ ժողովրդին ամբողջ ժամանակահատվածում խաբել հնարավոր չէ։ Բանակցային փաթեթները ֆիքսված են, հայտարարություններ անելուց առաջ թող դրանք բացեն նայեն։ Այն, ինչը բանակցվել է, թե Սերժ Սարգսյանը, թե համանախագահող երկրները, և թե արտգործնախարարները դրա մասին բարձրաձայնել են։ Այս առումով լավագույն ապացույցը եղել է Ալիևի խոստովանությունը, թե՝ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Ընկնել ցնդաբանությունների հետևից և ասել՝ ամեն ինչ գցենք նախկինների վրա՝ չի աշխատելու, այդ մեխանիզմը փչացել է։ Իրենք նոր մեխանիզմ հնարելու անհրաժեշտություն չեն ունենա, որովհետև եկել է ժամանակը, որպեսզի հայտնվեն պատմության աղբանոցում։

Ակնհայտ է, որ այս իշխանությունը մի փորացավ ունի՝ Սերժ «մերժոցին», Սերժ Սարգսյանի խոսքը սրանց վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ Նարեկը՝ դիվահարների վրա»,- շեշտեց Լ. Նազարյանը։

Լևոն Նազարյանի դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանությունը սեփական բարեկամներին, դաշնակիցներին քննադատելուց առաջ, նախ պետք է մտածի՝ արդյո՞ք արել է այն բավարարը, ինչ կարող էր։

«Ռուսական կողմը 44-օրյա պատերազմից 3-4 օր առաջ հայկական կողմին փոխանցել է գաղտնի հետախուզական տվյալներ, որ պատերազմ է մոտենում, ի՞նչ արեց ՀՀ իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանն էլ խոստովանեց, որ հոկտեմբերի 18-ին ռուսական կողմը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի պատերազմը դադարեցվի։

Իհարկե, մենք հիացած չենք ռուսական կողմի պահվածքով, հարցեր ու խնդիրներ ունենք, որը պետք է քննարկվի։ Բայց դա հայ-ռուսական համատեղ փակ օրակարգի հարցեր են, որը պետք է ռուսական կողմի հետ փակ ձևաչափով քննարկվի։

2018 թվականից մենք բարձրաձայնում էինք, որ այս իշխանության հիմնական առաքելությունը տարածաշրջանից Հայաստանի միջոցով Ռուսաստանին կտրելն է ու թուրքական ներկայությունը հաստատելը։

Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը նշանակում է, որ նրա միջոցով այս պահին խոսում է ռեալ պոլիտիկը. նա պատահական գործիչ չէ»,- ընդգծեց Լևոն Նազարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս