Վլադիմիր Պուտինն ինձ չի շնորհավորել՝ չի ուզել, չի շնորհավորել. Նիկոլ Փաշինյան
«Չի ուզել, չի շնորհավորել»,- այսպես պատասխանեց Նիկոլ Փաշինյանը լրագրողի հարցին, թե ինչու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առ այսօր չի շնորհավորել իրեն` վերընտրվելու կապակցությամբ։
«ՌԴ նախագահը ինձ չի շնորհավորել, բայց այստեղ հարց է առաջանում, բա այդ դեպքում ինքն ո՞ւմ հետ էր խոսում»,- լրագրողի հարցին հարցով պատասխանեց նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ կողմերը մտքեր են փոխանակել հայ-ռուսական օրակարգի, մասնավորապես՝ տնտեսական հարաբերություններում ի հայտ եկած խնդիրների շուրջ։
Կրեմլը հայտարարել է, որ հանդիպմանը շեշտվել է Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում անդրադարձ եղե՞լ է այն հարցին, թե որն է հանրաքվե անցկացնելու վերջնաժամկետը, Փաշինյանն անընդունելի համարեց նման մոտեցումը։
«Հանրաքվեի վերջնաժամկետների հետ կապված խոսույթն ընդհանրապես անընդունելի է։ Մեր ինքնիշխան իրավունքների հետ կապված մենք ինքներս ենք որոշում կայացնում։ Մենք պետք է որոշենք՝ երբ հանրաքվե անենք, երբ չանենք։ Ես ասացի՝ ինչ պայմաններում էդ հանրաքվեն կարող է տեղի ունենալ, հետևաբար էդ մասով խոսույթը տեղին չէ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ Եվրամիությանն անդամակցե՞լ, թե՞ մնալ Եվրասիական տնտեսական միության կազմում․ այս հարցով հանրաքվե անցկացնելուց առաջ Հայաստանն առնվազն պետք է դիմած լինի ԵՄ-ին անդամագրվելու հարցով:
Ի դեպ, Փաշինյանը նաև հայտնեց, որ Պուտինի հետ հանդիպում նախատեսվում է, բայց չգիտի՝ երբ։

