Արման Սարոյանի ծննդյան նվերը․ Ընդդեմ Վեհափառի ու 6 սրբազանների գործը մուտք է արվել դատարան

Հուլիսի 27-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների՝ Նաթան, Հայկազուն, Մակար, Հովնան, Մուշեղ Սրբազանների վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը մուտք է արվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։

«Գարեգին Բ Ներսիսյանը մեղադրվում է պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված այն արարքի համար, որ նա, հանդիսանալով նաև «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն Հոգևոր Խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը»,- սա մեղադրանքի պաշտոնական համառոտագրությունն է։

Իսկ իրականությունը հետևյալն է․  հոգևոր առաջնորդը՝ Գարեգին Բ-ն,  իր երբեմնի ենթակա հոգևորականին՝ երբեմնի Գևորգ սրբազանին (Արման Սարոյան),  ազատել է այն պաշտոնից, որում նշանակել էր ավելի վաղ։ Վեհափառի դեմ մեկնարկած այս գործով ակնհայտորեն խախտվում է ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու գործերին չմիջամտելու Սահմանադրության պահանջը, այլև առաջ է գալիս մի աբսուրդային  հանգամանքը․ այն է՝ հոգևոր ծառայության վերաբերյալ  իր պահանջներն անձը ներկայացնում է  աշխարհիկ կարգավիճակով՝ ավազանի անունով (Արման Սարոյան) ու աշխարհիկ կառույցով փորձում հարցեր պարզել հոգևոր կառույցում։

Հուլիս 28-ը, ասում են, նախկին հոգևորական, Վեհափառի նախկին հոգեզավակ Արման Սարոյանի ծննդյան օրն է․ թերևս նա գոհ կմնա դատարան մուտք արված այս նվեր-գործից։

Կարդացեք նաև

Նկատենք՝ Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, իբրև թե,  Արման Սարոյանի գործով դատական ակտը չկատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում․ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, արդեն կարգալույծ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ավազանի անունով՝ Արման Սարոյան, հայցադիմումով ՀԱԵ-ից պահանջել էր անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք՝ վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը:

Հայցադիմումը դարձյալ վարույթ էր ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, և  դատավոր Էդգար Հովհաննիսյանը բավարարել էր հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը՝ ժամանակավորապես վերականգնելով եպիսկոպոսին՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Այս որոշումից հետո իրավապահները քրեական վարույթ էին  նախաձեռնել՝ իբրև դատական ակտը չկատարելու համար, ինչի հետևանքով Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ քրեական հետապնդումներ էին հարուցվել, ապա հայտնի էր դարձել, որ ՀՀ-ից արգելվել է նրանց ելքը։

Փետրվարին քրեական հետապնդում հարուցվեց  նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ․ այս անգամ ևս խափանման միջոց կիրառվեց բացակայելու արգելքը։ Սա զարմանալիորեն զուգադիպեց Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովի անցկացման հետ, բայց Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցը չկարողացավ խափանել եպիսկոպոսների հավաքը։ Արդեն մարտին Վեհափառին արգելվեց նաև մասնակցել Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Բ-ի հուղարկավորության արարողությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031