Եթե առանց խաչաձև շպագատների՝ չասի կողմնորոշումը, դեկտեմբերին Հայաստանին շպրտելու են դուրս ԵԱՏՄ-ից. Նաիրա Զոհրաբյան
168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի շրջանակում անգամ հարցեր ենք ուղղել ԱԺ նախկին պատգամավոր, իրավապաշտպան Նաիրա Զոհրաբյանին։
Նաիրա Զոհրաբյանի՝ զրույցի ընթացքում հնչեցրած հիմնական թեզերը՝ ստորև․

- Ոչ մի անսպասելի բան տեղի չի ունեցել․ Նիկոլ Փաշինյանն ամենից լավ գիտի, թե 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները ինչպես են անցել՝ անկախ նրանից, թե ի՞նչ է հրապարակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ի՞նչ է այնուհետև դակել Սահմանադրական դատարանը: Եվ ակնհայտ է, որ իշխանությունն այլևս ունի լեգիտիմության և հանրային վստահությանը լուրջ խնդիր, և պիտի օգտագործի իր ամենաբիրտ և վերջին գործիքը՝ բռնաճնշումները։ Ու պատահական չեն այս կալանավորումները։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ քրեակատարողական հիմնարկներում այլևս ազատ խուց չկա։
- Այն, ինչ կատարվեց Աշոտյանի, Ծառուկյանի հետ, այսօր առավոտյան ձերբակալությունը՝ հայտնի չէ, թե ինչ ձայնագրության համար, բայց, չկասկածեք՝ մի քանի ժամից Կոմիտեն Լևիտանի ձայնով մի ահասարսուռ ձայնագրություն կհրապարակի․․․, Կարապետ Պողոսյանը․․․ այս ամենը լեգիտիմության՝ այլևս լրջագույն ճգնաժամ ունեցող իշխանության գործունեության, նաև միջազգային կառույցների քարտ բլանշի հետևանք է․ արե՛ք՝ ինչ ուզում եք, կալանավորե՛ք՝ ում ուզում եք, պե՞տք է՝ հրապարակում գիլիոտիններ դրեք, պե՞տք է՝ գնդակահարեք, միայն բավարարեք մեր աշխարհաքաղաքական օրակարգը։
- Ես հիմա կարող եմ շատ լուրջ վերապահումներ հայտնել ընդդիմությանը, բայց նաև հասկանում եմ՝ ազնիվ չեմ լինի, եթե ասեմ, որ՝ սա պիտի անեիք, սա պիտի անեիք, բայց չարեցիք, չկարողացաք։ Մենք պիտի հասկանանք, թե ինչպիսի իրավիճակում է այսօր ընդդիմությունը Հայաստանում՝ լինի խորհրդարանական, թե արտախորհրդարանական․ սա տոտալ բռնաճնշումների, տոտալ «բեսպրեդելի», տոտալ ամենաթողության, տոտալ ցինիզմի, տոտալ սանձարձակության մթնոլորտ է, երբ, օրինակ, ասում են՝ մենք ձեզ սպասում ենք խորհրդարանում, որ ծեծենք, մենք սպասում ենք, որ ձեզ վերաբերվենք՝ որպես հանցագործների։

- Շատ մեծ քաղաքական փորձառություն, մեծ քաղաքական բագաժ, տոկունություն է պետք այս ամենին դիմակայելու համար։ Ես չեմ նախանձում այն ընդդիմադիր ուժերին, որոնք այսօր մանդատ ունեն խորհրդարանում, որովհետև առաջիկայում մենք տեսնելու ենք զազրելի տեսարաններ, տեսնելու ենք իսկապես նողկալի «մարդաբոյ»։ Այդ տեսարանները, որով շուտով սկսվելու է կերակրվել հասարակությունը, հանրային ոչ մի ռեզոնանս չեն առաջացնելու, որովհետև սրանք այնքան են «Օվերտոնի պատուհան»-ներ բացել, այնքան են արդեն հասարակությանը վարժեցրել, որ կարող են, օրինակ, գեներալի վրա շիշ շպրտել, կամ՝ գեներալին ասել՝ «արա՛, արի ստեղ», «դավայ ստուց», և հանրային որևէ արձագանք չլինի։
- Գիտե՞ք, ես այնքան եմ զարմանում, որ դեռ մարդիկ կան՝ զարմացել են, երբ կարդացել են, որ հուլիսի 27-ին Վեհափառի ու ևս 6 հոգևորականների դեմ գործը մուտք է արվել դատարան։ Ինչի՞ եք զարմանում․ այս կուսակցության նախընտրական ծրագրով, որով գնացել են ընտրության, հստակ արձանագրված է «Վեհափառին հանգստի կոչելու» մեխանիզմը, տեղապահ նշանակելու մեխանիզմը և այլն։ Այսինքն՝ այս շղթան այլևս գործի է դրված, և մարդիկ, որ զարմանում-ասում են՝ ո՞նց, կարո՞ղ է Վեհափառին էլ հանի, կալանավորի, բայց այս մարդը արդեն ասում է՝ կալանավորելու եմ, հեռացնելու եմ․ ինչի՞ ենք զարմանում։
- Մենք անընդհատ զարմանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը և ռեժիմը անցավ հերթական կարմիր գիծը, բայց այս մարդն ասում է՝ ես չունե՛մ կարմիր գծեր, անելու եմ, անցնելու եմ․ արել է, անցել է, անելու է։ Այս ռեժիմը թքած ունի հանրային բոլոր էմոցիաների վրա, մենք սա պիտի հասկանանք։ Հականիկոլ ճամբարը այս ամենը պիտի հասկանա, որ կարողանանք ճիշտ և գրագետ կառուցել մեր մարտավարությունը, ոչ թե ամեն անգամ զարմանանք, հետո հաջորդ անգամ գանք այստեղ նստենք, մի հատ էլ զարմանանք, հետո դրա հաջորդ անգամը մի հատ էլ զարմանանք, օրինակ, Վեհափառը հայտնվել է որևէ քրեակատարողական հիմնարկում։

- Բոլոր հարցումներով հասարակության գերակշիռ մեծամասնությունն անընդունելի է համարում այս իշխանության քայլերը Հայ Առաքելական եկեղեցու և մասնավորապես Վեհափառի դեմ։ Իշխանության ցանկացած գործողություն հնարավոր է կանխել և հնարավոր էր կանխել, եթե դրա համար լիներ համախմբված ընդդիմություն, բայց մենք ի՞նչ տեսանք․ այս ընտրական և հետընտրական փուլում ընդդիմադիր ամբողջ օրակարգը մի օրակարգ էր՝ վերցնե՞լ մանդատները, թե՞ չվերցնել։
Հասարակությունը, քաղաքական դաշտը բաժանվել էր 2 ճամբարի և քննարկում էին ընդամենը մի հարց, չէին քննարկում հարց՝ ո՞նց համախմբվել, վերցնելու դեպքում ինչպե՞ս համադրել փողոցային պայքարը, չվերցնելու դեպքում՝ ի՞նչ անել։ Այսինքն՝ չկար բովանդակային այլ քննարկում և ամբողջ բովանդակությունը մանդատ վերցնել և չվերցնելն էր: Եվ այս օրակարգում, երբ բովանդակային քննարկումները փոխարինվում են դեկորացիաներով, արհեստական օրակարգերով, այս ռեժիմը շարունակելու է առաջ մղել իր օրակարգը, իսկ իր օրակարգն արհեստական չի՝ այն է, ինչը հայտարարել է, ինչն արձանագրված է այս իշխանության նախընտրական ծրագրում։
- Փաշինյանի նախաձեռնությամբ Պուտինի հետ հեռախոսազրույցը և դրանից հետո Կրեմլի պաշտոնական հայտարարությունը, Պեսկովի հայտարարությունը արձանագրեցին, որ Ռուսաստանը մտադիր չէ սահմանափակումները հանել, ավելի հստակ՝ կոնկրետ վերջնաժամանակ է տվել, որպեսզի Հայաստանը վերջնականապես կողմնորոշվի՝ մարաթոնյանը լողով դեպի ԵՄ է գնո՞ւմ, թե՞ մնում է ԵԱՏՄ տարածքում։
- Ավելին՝ Պեսկովն ինքը շեշտեց, որ դեկտեմբերի վերջին կգործի Աստանայում 4 ԵԱՏՄ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, իսկ այդ հայտարարությունը նշանակում է, որ եթե Հայաստանը շատ արագ, առանց խաչաձև շպագատների՝ չասի իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը, դեկտեմբերի վերջին Հայաստանին ուղղակի շպրտելու են դուրս ԵԱՏՄ-ից՝ դրանից բխող լրջագույն սանկցիաներով։
- Ի՞նչ է ասում Նիկոլը․ ասում է՝ թող ես գնամ Եվրոպա, թող ես Եվրոպայի հետ իմ ֆլիրտը անեմ, սպասեմ-տեսնեմ՝ Եվրոպան ե՞րբ կբարեհաճի տրամադրել վիզաների ազատականացման ռեժիմ, որը հերթական կուտն է լինելու Բաբկեն Թունյանի հարևան Պողոսի համար։
- Ես դեպի Եվրոպա կողմնորոշում ունեցող մարդ եմ, և տասը ձեռքով կպաշտպանեի Հայաստանի եվրոինտեգրման գաղափարը, եթե իմանայի, որ, օրինակ, ասենք, 5 տարուց հնարավոր կլիներ Հայաստանի անդամակցումը ԵՄ-ին, բայց առաջիկա 50 տարում դա ուղղակի հնարավոր չէ: 1987 թվականին է Թուրքիան դիմել ԵՄ-ին անդամակցելու համար, 1999թ․ նոր թեկնածուի կարգավիճակ են տվել, մի 30-35 տարի էլ այդպես կպահեն ու էլի չեն տա Թուրքիային ԵՄ անդամության կարգավիճակ, նույնը սպառնում է նաև Հայաստանին։ Զելենսկին մեռավ, Ուկրաինան չի դառնում, Մոլդովան չի դառնում, Վրաստանի ԵՄ հեռանկարն արդեն փակում են, որովհետև Վրաստանի իշխանությունը կանգնեց և ասեց՝ ես պատրաստ չեմ գնալ երկրի կործանման։

- Ես այս խորհրդարանից որևէ սպասելիք չունեմ․ ընդդիմադիր մանդատով, բացի հերոսական ելույթներից և հերոսական հարցերից, ոչինչ անել հնարավոր չէ, այլ է հարցը, եթե խորհրդարանական ընդդիմությունը կայացնի որոշում և արտախորհրդարանական ուժերի հետ սկսի փողոցային պայքար։ Դա կարող է էական իրավիճակ փոխել։ Բայց եթե իրենք բավարարվելու են խորհրդարանական մանդատով, հերոսական հարցեր տալով և հերոսական ելույթներ ունենալով՝ զրոյական է և՛ իմ, և՛, ասեմ ձեզ, նաև հանրության սպասումն այս խորհրդարանից։
Մանրամասները՝ տեսանյութում

