Ի՞նչ միջադեպ է գրանցվել Շիրակի պետական համալսարանում, ինչո՞ւ է դասախոսի մասնակցությամբ ձայնագրություն հրապարակվել
Շիրակի պետական համալսարանի արդեն նախկին աշխատակից Ալինա Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ համալսարանի հայոց լեզվի ամբիոնի դասախոս, Արտաքին կապերի կենտրոնի տնօրեն Հովհաննես Մելքոնյանը տարիներ շարունակ իրեն վիրավորել է, վիրավորական խոսքեր օգտագործել իր հասցեին։
«Հ. Մելքոնյանն ուսանողներին անվանում է «ոչխարներ», իսկ նրանց ավագին` «չոբան»։
Ռեկտոր Ե. Սերոբյանը, բնականաբար, տեղյակ է այս ամենի մասին…
Ինչևէ, վերադառնամ Հովիկ Մելքոնյանին։
Այս երևույթը, չարաշահելով իր պաշտոնը, մշտապես անձնական ամենավերջին վիրավորանքներն է հասցրել և հասցնում իր նախկին և ներկա աշխատակիցներին, կոլեգաներին ու ուսանողներին։
Այդ «բախտին» եմ արժանացել նաև ես…
«Թափթփուկ», «փսլնքոտ», «տխմար», «խեղկատակ», «մտավոր հետամնաց»… այսպիսի բառերով է վիրավորել ինձ»,- իր գրառման մեջ նշել է Ալինա Անտոնյանը։
Հրապարակվել է նաև ձայնագրություն, որտեղ լսվում է նրանց խոսակցությունը և որտեղ վիրավորական խոսքեր են հնչում Ալինա Անտոնյանի հասցեին։
168.am-ի հետ զրույցում Ալինա Անտոնյանն ասաց, որ ձայնագրությունում լսվող տղամարդու ձայնը Հովիկ Մելքոնյանի ձայնն է, ով իրենց ամբողջ խոսակցության ընթացքում իրեն վիրավորել է։

«Հովիկ Մելքոնյանն աշխատում էր Հայոց լեզվի ամբիոնում՝ որպես հայոց լեզվի դասախոս, ես էլ արտաքին կապերը համակարգողն էի։ Մի օր իրենց լաբորանտը եկավ, խնդրեց, որ ինչ-որ թուղթ փոխանցեմ Մելքոնյանին, պրակտիկանտներ ունեի, հետո մոռացա այդ թուղթը փոխանցել։ Հետո եկավ Մելքոնյանը, ասաց՝ ինչու եմ մոռացել իրեն փոխանցել այդ թուղթը, միանգամից սկսեց բորբոքվել, ես ներողություն խնդրեցի, բայց նա շարունակեց վիրավորել։
19 րոպե նա ինձ վիրավորում էր, միշտ է այդպես վիրավորել։ Ես ուղղակի այդ ժամանակ ձայնագրեցի, որպեսզի ռեկտորն ինձ հավատար, ում ասում էի, որ ինձ վիրավորում է, ասում էին՝ դե լավ, այդ աստիճան չի լինի։ Ես միշտ համբերել եմ, ասել եմ՝ դե լավ, մարդ է, կանցնի։ Իրավապահներին չեմ դիմել, այդպես դիմացա, մինչև այս մայիս ամիսը, երբ ամեն ինչ իր գագաթնակետին հասավ։
Վերջին 8 տարվա մեջ ես շատ եմ ռեկտորի մոտ գնացել, ռեկտորն ինձ ասել է՝ «հետը յոլա գնա, հանգիստ աշխատի»։ Երբ վերջին անգամ ռեկտորին ասացի՝ եկեք այս հարցը կարգավորեք, ինձ ասաց, որ նման հարցով իր մոտ այլևս չգնամ, հարցրել եմ՝ ո՞ւմ դիմեմ, ինձ ասում էր՝ ինքներդ կարգավորեք։ Նա թքած ուներ, թե ինչ էր կատարվում։
Մայիսին Մելքոնյանի մոտ կրկին «սրացումներ» էին, ուսանողների ու 2 աշխատակիցների ներկայությամբ սկսեց ինձ վրա գոռալ։ Թարգմանության հետ կապված հարցեր կային, սխալները նա ուզում էր ինձ վրա բարդել, ինչի դեմ ես բողոքեցի։ Հենց այդ ժամանակ էլ ես նրան ասացի, որ այս 8 տարիների ընթացքում բոլոր սահմանները հատել է, ինքն էլ ասաց, որ ամեն ինչ կգրի ու զեկուցագրով կտա ռեկտորին»,- նշեց Ալինա Անտոնյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ երբեք չի եղել, որ հարցերը նորմալ միջավայրում քննարկեն, բոլոր միջադեպերն ավարտվել են զեկուցագրով, որով Մելքոնյանը դիմել է ռեկտորին։ Թեև զեկուցագիրը հասել է ռեկտորին, սակայն Ալինա Անտոնյանը 7 էջ հիմնավորում է ներկայացրել այդ զեկուցագրի դեմ։
«Մշտապես ծանուցագիր է տվել, թե իմ աշխատանքային պայմանագիրն ավարտվում է, դրա մասին ինձ որևէ մեկը չէր զգուշացրել։
Մելքոնյանն այս մեկ ամսվա ընթացքում նույնիսկ իմ բարևին չի պատասխանել։ Այդ մարդու երեսից առողջական խնդիրներ ունեցա։
Նույնիսկ ռեկտորին ասել եմ, որ ունեմ ապացույց, թե ինչպես է ինձ վիրավորում, նա չի էլ ցանկացել լսել։ Երկուսով այդպես ինձ հեռացրեցին աշխատանքից։ Ռեկտորն ինձ իր մոտ կանչեց ու ասաց, որ այդ օրն իմ աշխատանքային վերջին օրն է, և այլևս չի ցանկանում խոսել ինձ հետ»,- հավելեց Ալինա Անտոնյանը։
168.am-ը կապ հաստատեց նաև Հովիկ Մելքոնյանի հետ: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Ալինա Անտոնյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, համալսարանն էլ այդ պայմանագիրը չի երկարացրել։ Հետևաբար՝ «աղջկա չաշխատելու պատճառը» ժամկետն է։

Ինչ վերաբերում է վիրավորանքներին և հրապարակված ձայնագրությանը, Հովիկ Մելքոնյանն ասաց՝ այո՛, ձայնագրությունում իր ձայնն է։
«Քանի որ ձայնագրությունը կա, այդ հարցի պատասխանը դուք այնտեղից վերցրեք, էլ ինչ ասեմ՝ դա կա։ Անձնական որևէ բան չկա, աշխատանքային հարթության վրա անձնական ի՞նչ բան պետք է լինի։ Դուք ավելի լավ կիմանաք, երբ ինչ-որ բան կոնտեքստից կտրում են, ձեռք է բերում այլ իմաստ, իսկ կոնտեքստն այս պահին քննարկելու որևէ անհրաժեշտություն չեմ տեսնում։ Անլուրջ եմ համարում, անլուրջ հարցեր քննարկելն ինձ համար կրկնակի անլրջություն կլինի, դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում»,- ընդգծեց Հովիկ Մելքոնյանը։

