Իլհամ Ալիևը՝ Բեռլինում. Էներգետիկա, պրագմատիզմ և դիվանագիտական համակցություններ

Հուլիսի 13-ին, ելույթ ունենալով Շուշիի վերջին մեդիա ֆորումում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների լիակատար կարգավորման մասին.

«Դժվարություններ կային։ Այո, մենք բոլորս գիտենք դրանց մասին, բայց կարևորն այն է, որ այս փուլն արդեն անցյալում է։ Ես կասեի՝ հարաբերությունները լիովին նորմալացված են: Ադրբեջանը գնահատում է Ռուսաստանի հետ հարաբերությունները։

Շփումներն իրականացվում են տարբեր մակարդակներով՝ կառավարությունների միջև, միջկառավարական հանձնաժողովի համանախագահների, արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև նախագահների վարչակազմերի գծով։ Դրա համար, կարծում եմ, այս առումով ամեն ինչ լավ է ընթանում, և մենք ուրախ ենք դրա համար։ .. երկկողմ հարաբերությունները ընդգրկում են՝ ինչպես փոխգործակցության ավանդական ոլորտները, այնպես էլ՝ նոր ուղղությունները, որոնք ի հայտ են գալիս այսօր։ Իհարկե, շատ կարևոր դեր են խաղում տրանսպորտային բաղադրիչը, առևտուրը և հումանիտար համագործակցությունը»։

Իհարկե, նրանց ուշադրությունից, ովքեր ամբողջությամբ հետևել են ելույթին՝ առանց զուտ ինչ-որ հարմարավետ բան փնտրելու, չի վրիպել նաև Ալիևի անվերապահ աջակցությունը Զելենսկու ռեժիմին, որը, ինչպես հայտնի է, դրսևորվում է ոչ միայն խորհրդանշական, այլև զուտ գործնական ձևով։ «Բարեկամական» հայտարարությունների շարքը շարունակվել է Բեռլինում, որտեղ Ադրբեջանի ղեկավարն այցելել էր հուլիսի 21-ին։

Դաշնային կանցլեր Մերցի հետ բանակցությունների արդյունքում ստորագրվել է երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին հռչակագիր, ինչպես նաև եզրափակվել են երկկողմ համագործակցության ուղղությունների լայն շրջանակի վերաբերյալ համաձայնագրերը: Պետք է նշել այցի լավ նախապատրաստությունը, այդ թվում՝ 2026 թվականի սկզբից Կասպից ծովի արևմտյան ափերից Գերմանիա (և Ավստրիա) բնական գազի մատակարարման վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում։

Ամփոփիչ ասուլիսի ընթացքում «ռազմավարական գործընկերները» բավականին անկեղծ արտահայտվեցին ամենատարբեր թեմաների շուրջ։ Եվրոպական և ռուսական հանրությանը հուզող Reuters-ի Անդրեաս Ռինկեի հարցի պատասխանը, թերևս, պետք է ամբողջությամբ վերարտադրվի:

«Ինչ վերաբերում է նավթի մատակարարումներին, կարող եմ ասել, որ անցյալ տարի Գերմանիայի հետ մեր ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 1,5 մլրդ դոլար։  Դրա մեծ մասը Գերմանիայի արտահանումն է Ադրբեջան, իսկ մնացած մասը՝ մեր արտահանումը։ Մեր արտահանման հիմնական մասը հում նավթն է։

Այսինքն՝ կարծում եմ, որ Ադրբեջանը հում նավթ է մատակարարում մոտ մի քանի հարյուր միլիոն դոլարի մակարդակում և կարող է մատակարարել այնքան, որքան պետք է՝ ինչպես ներքին աղբյուրների հաշվին, այնպես էլ մեր էներգետիկ SOCAR ընկերության թրեյդինգային ստորաբաժանման միջոցով։ Այսինքն՝ այստեղ որևէ խնդիր չկա։

Ինչ վերաբերում է բնական գազին, արդեն նշեցի, այս տարվանից մենք սկսել ենք բնական գազ վաճառել Գերմանիային։ Անցյալ տարի գազի մեր ընդհանուր արտահանումը կազմել է 25 մլրդ խմ։ 

Այդ ծավալի կեսն արտահանվել է Եվրոպական Միության երկրներ։ Որքան ինձ հայտնի է, գերմանական ընկերությունների հետ կնքվել է 10 տարվա պայմանագիր, և նախնական ծավալը կազմում է 1,5 մլրդ խմ։ Սակայն այդ ծավալը, բնականաբար, կարող է ավելանալ։ Դրա համար պետք է լուծվեն մի քանի հարցեր։Նախ, պետք է լինի դիմում մեզ՝ ծավալի ավելացման վերաբերյալ։

Երկրորդ՝ պետք է ընդլայնվի գոյություն ունեցող գազային ենթակառուցվածքը։ Որովհետև այսօր և TANAP-ը, և TAP-ը գործում են ամբողջ հզորությամբ, և այդ խողովակաշարերում ազատ տեղ չի մնացել։  Եվրոպական տարածքում նոր ինտերկոնեկտորներ են անհրաժեշտ։ Իհարկե, դրա համար անհրաժեշտ են միջոցներ։ Գլխավոր խնդիրներից է նաև այն, որ եվրոպական բանկերը, հատկապես Եվրոպական ներդրումային բանկը, կանաչ օրակարգով պայմանավորված, դադարեցրել են նավթագազային նախագծերի ֆինանսական աջակցությունը:

Այսպիսով, այսօր Եվրոպային գազ մատակարարող ենթակառուցվածքն ընդլայնելու համար մենք պետք է վարկեր ստանանք այլ աղբյուրներից։ Լավ կլիներ, եթե եվրոպական բանկերը վերանայեին իրենց որոշումները։ Հատկապես հաշվի առնելով, որ այսօր Մերձավոր Արևելքում ճգնաժամը, ցավոք, խորանում է, և մատակարարման ավանդական շղթաները խզված են։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսական նավթավերամշակման գործարանները շարքից հանելու պատճառով Ռուսաստանը չի կարող ավանդական հաճախորդներին ցանկալի ծավալով նավթամթերք արտահանել։ Այս բոլոր իրադարձությունները, որոնց վերջն անհայտ է, շարունակվում են։

Ուստի, կարծում եմ, որ կանաչ օրակարգը հաշվի առնելու դեպքում այդ հարցերը կարող են վերանայվել, որպեսզի եվրոպական բանկերը նույնպես միջոցներ հատկացնեն նավթագազային նախագծերի մշակման, նավթագազային ենթակառուցվածքների կառուցման և ընդլայնման համար։ Այդ դեպքում Ադրբեջանը կարող է զգալիորեն մեծացնել իր գազի արտահանումը եվրոպական տարածք, այդ թվում՝ Գերմանիա»։

«Մենք լրջորեն տրամադրված ենք Գերմանիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ընդլայնմանը: Հատուկ նշանակություն ունի, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում շարունակվող ճգնաժամի խորապատկերին, համագործակցությունը Հարավային գազային միջանցքով նավթի և բնական գազի մատակարարումների ոլորտում: Մենք դա մանրամասն քննարկել ենք»,- իր հերթին հայտնել է Ֆրիդրիխ Մերցը, ով Ռուսաստանի հետ տոտալ դիմակայության անվերապահ կողմնակից է: «Բլոկնոտ» հրատարակությունը հնարամտորեն գրում է «…Ադրբեջանը սնուցելու է ՆԱՏՕ-ի ռազմական մեքենան, որն իր հերթին՝ զինելու է կիևյան վարչակարգին»:

Ինչ վերաբերում է Ալիևին, ապա բերված մեջբերման մեջ, ընդհանուր առմամբ, չկա այնպիսի բան, ինչի մասին Բաքվում այս կամ այն ձևով չհիշատակեին՝ աննկատ ակնարկելով եվրոպական գործընկերներին «Հարավային գազային միջանցքի» և դրա նման նախագծերի ընդլայնմանն առավել ակտիվ աջակցելու անհրաժեշտության մասին:

Կարծում ենք, որ եվրոպական գազի շուկաներում ռուսական էներգետիկ կորպորացիաների տեղը զբաղեցնելու Ադրբեջանի լիովին տրամաբանական և պրագմատիկ մտադրությունը չպետք է որևէ մեկին զարմացնի և առանձին տելեգրամ-ալիքների կողմից արտահայտվող որոշակի էմոցիոնալ գնահատականների պատճառ դառնա։

Ավելի շուտ, այստեղ պետք է մի փոքր ավելի հեռու նայել և նշել, որ ադրբեջանա-գերմանական փոխկապակցվածությունն ավելի ու ավելի է դուրս գալիս էներգետիկայի սահմաններից, ինչի վրա ուշադրություն է հրավիրել CASPIA վերլուծական կենտրոնի ղեկավար Օրհան Յոլչուևը։ Նրա տվյալներով՝ 2025 թվականին երկկողմ ապրանքաշրջանառությունը հասել է շուրջ 1,7 մլրդ եվրոյի՝ հիմնականում գերմանական արդյունաբերական սարքավորումների, մեքենաների և տրանսպորտային համակարգերի արտահանման հաշվին։

Բանակցություններին զուգահեռ՝ Բեռլինում տեղի է ունեցել համատեղ գործարար համաժողով, կողմերը պայմանավորվել են ստեղծել գործարար խորհուրդ, որը կոչված է, ինչպես միշտ, համակարգել համատեղ նախագծերը:

Ներկայումս Ադրբեջանում աշխատում են ավելի քան 250 գերմանական ընկերություններ, որոնք մասնակցում են արտադրական տարբեր ուղղություններով արդյունաբերական գոտիների վերակառուցմանը:

Այսպիսով, խոսքը ոչ միայն էներգետիկայի, այլև ավելի սերտ համագործակցության և համատեղ ներդրումային նախագծերի անցման մասին է, այդ թվում՝ ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում (այստեղ էլ կարելի է հիշեցնել անօդաչու համակարգերի նկատմամբ փոխադարձ հետաքրքրության մասին, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ իրադարձությունների համատեքստում)։ Ակնհայտ է նաև Գերմանիայի հետաքրքրությունը Բաքվի նավահանգստի և Ալյաթ ազատ տնտեսական գոտու հնարավորությունների աճի նկատմամբ «միջին միջանցքի» ուղիներում, որտեղ Ադրբեջանը կարող է տարանցիկ ուղի դառնալ և ղազախական նավթի, և թուրքմենական գազի, և ոչ միայն նրանց համար։

«Դեպի Կենտրոնական Ասիա ելքը, եթե ոչ Ռուսաստանի կամ Իրանի միջոցով, Ադրբեջանն ու Հարավային Կովկասն են»,- հիշեցնում է Միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը:

Ալիևի մեկ այլ քննարկվող հայտարարությունը վերաբերում էր հուլիսի 12-14-ը Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ոչ պաշտոնական ներկայացուցիչների փակ հանդիպումներին, որոնց մասին տեղական իշխանությունները, իբր, նախապես տեղեկացված չեն եղել (ինչին, անկեղծ ասած, դժվար է հավատալ):

Ալիևը պատմել է, որ ԶԼՄ-ների հրապարակումներից հետո հանձնարարել է ստուգել պետական սահմանը հատելու մասին տեղեկատվությունը, ինչի արդյունքում պարզվել է, որ նշված օրերին Ապշերոնի ափերին միաժամանակ գտնվել են նախկին գերմանացի քաղաքական գործիչներ և ռուս ներկայացուցիչներ, որոնք ավելի վաղ ծանոթ են եղել, մասնավորապես, «Պետերբուրգյան երկխոսության» համաժողովից և մասնակցել են ինչ-որ ոչ պաշտոնական հանդիպումների, որոնց մասին տեղեկություններ Բաքվի իշխանությունները, նրանց վարկածով, չունեն: Եթե նման ոչ պաշտոնական շփումներն իսկապես նպաստում են զինված հակամարտության դադարեցմանը, Ադրբեջանը կարող է միայն ողջունել նման ջանքերը, դիվանագիտորեն նկատել է Ալիևը:

Բեռլինի և Մոսկվայի միջև ոչ պաշտոնական երկխոսությունների առկայության տեղեկատվությունը հաստատում են Die Zeit-ի և ARD-ի համատեղ հետաքննության հեղինակները, ընդ որում, գերմանական կողմից դրանց մասնակցել են նախկին քաղաքական գործիչներ, այլ ոչ թե Մերցի կառավարության գործող ներկայացուցիչներ:

Գերմանական անվտանգության ծառայությունները նման շփումները դիտարկում են որպես տխրահռչակ «ռուսական ազդեցության» հնարավոր գործիք։ Ինքը՝ դաշնային կանցլերը, մեկնաբանելով Ալիևի խոսքերը, հայտարարել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ ենթադրյալ հանդիպման մասին։

«Ламповый преемник»-ը  գրում է՝ հնարավոր է, որ «Ալիևը որոշել է հնարավորինս հեռու մնալ այն պատմությունից, որն արդեն թունավոր կերպով է ընկալվում Գերմանիայում»: Ֆրիդրիխ Մերցի հետ խոսելով՝ նա փաստորեն ասել է. «Ադրբեջանը չի կազմակերպել այս շփումները, Բաքուն նախապես տեղյակ չի եղել դրանց մասին և որևէ կապ չունի դրանց հետ»: Սա համապատասխանում է Գերմանիայի ղեկավարության կողմից որդեգրված ներկայիս գծին:

Մինչ պաշտոնական Բեռլինը նման հանդիպումները դիտարկում է հնարավոր ռուսական ազդեցության պրիզմայով, Ալիևը Մերցին ասում է. «Դա իմ մեղքը չէ, նրանք իրենք են եկել»: Մեզ համար սա դժվար թե բարեկամական ժեստ լինի: Հակառակը. եթե նման շփումներն իսկապես գաղտնի էին, Ալիևի կողմից դրանց հրապարակային բացահայտումը դժվար թե համապատասխանի Ռուսաստանի շահերին»:

Telegram-ի մեկ այլ ալիք՝ «Кремлёвский безбашенник»-ը, նույնպես նշում է «գերմանական պաշտոնական իշխանությունների մեջքի ետևում երկխոսություն հաստատելու» փորձը, գաղտնի դիվանագիտություն, որը բացահայտվել է «Իլհամ Ալիևի կողմից բարձր ամբիոնից»:

Պակաս նկատելի (բայց ապարդյուն!) դարձավ Բաքվում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևի հայտարարությունն ադրբեջանական ընկերությունների դեմ պատժամիջոցները հանելու մասին, որոնք ներգրավված են ռուսական նավթի արտահանման մեջ՝ շրջանցելով ԵՄ սահմանափակումները։

Կիևյան դիվանագետի խոսքով՝ ներկայումս Ադրբեջանը և Ուկրաինան շարունակում են համագործակցությունը գործող սահմանափակումների պահպանման հարցերի շուրջ, ինչը կարող է նշանակել հեռացում Կասպից ծովում նավթի փոխաբեռնման և դրա հետագա տեղափոխման նախկին սխեմաներից՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով:

Գուսևի խոսքով՝ «հաջորդ տրամաբանական քայլը կարող է դառնալ ադրբեջանական ընկերությունների մասնակցությունը ոչ միայն հրատապ վերանորոգմանը, այլև էներգասարքավորումների համատեղ արտադրությանը, ինչպես նաև ուկրաինական էներգետիկայի արդիականացմանը՝ նոր օբյեկտների շինարարությանը, բաշխված գեներացիայի զարգացմանը, էներգաարդյունավետությանը և վերականգնվող էներգետիկային: Մենք արդեն վարում ենք նման երկխոսություն մեր ադրբեջանական գործընկերների հետ»։

Ալեքսանդր Գրիգորև

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031