Զելենսկին հայտարարել է, որ Թրամփը համաձայնել է Ուկրաինայում Patriot հրթիռների արտադրությանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Կիևին արտադրական արտոնագիր տրամադրել Ուկրաինայի տարածքում Patriot համակարգերի հրթիռ-որսորդներ արտադրելու համար։ Զելենսկու խոսքով՝ սա թույլ կտա երկրին նվազեցնել ամերիկյան պաշարներից ունեցած կախվածությունը։ «Մենք շատ լավ հանդիպում ունեցանք նախագահ Թրամփի հետ։ Նա համաձայնեց մեզ լիցենզիաներ տրամադրել», — նշել է Զելենսկին։
Սպիտակ տանը դեռևս պաշտոնապես չեն հաստատել պայմանավորվածությունները։ Ավելի վաղ կողմերը նման հնարավորությունները քննարկել են Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։ «Կարծում եմ՝ մենք կկնքենք այս գործարքը։ Մենք ձեզ Patriot-ի արտադրության լիցենզիա կտանք», — Զելենսկու հետ նախորդ հանդիպումից հետո հայտարարել էր Թրամփը։
Patriot-ի ՀՕՊ համակարգերը չափազանց կարևոր են ռուսական բալիստիկ հրթիռներից և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հասցվող հարվածներից պաշտպանվելու համար։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայում այդ հրթիռների պաշարները գտնվում են կրիտիկական ցածր մակարդակի վրա։ Patriot-ի արտադրությունը սահմանափակ է։ RTX ընկերությունը (նախկինում՝ Raytheon) տարեկան արտադրում էր մոտ 500 հատ Patriot PAC-3 MSE համակարգ։ Սակայն այս հզորությունները բավարար չեն՝ Պենտագոնի և ԱՄՆ դաշնակիցների մեծ պահանջարկի պատճառով:

