Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը Բաքվում հռչակվեց աշխարհի չեմպիոն
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին ոսկե մեդալը:
Մ-17 աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, 71 կգ քաշային Ջանես Նազարյանը հաստատեց իր բարձր կարգը և կրկին կանգնեց պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին: Եզրափակիչում հայ ըմբիշը գոտեմարտեց Ռուսաստանը ներկայացնող Ասլան Ձուևի հետ և լարված պայքարում կամային հաղթանակ տարավ 4:3 հաշվով:
Տիտղոսը նվաճելուց անմիջապես հետո Նազարյանը Հայաստանի Հանրապետության դրոշով չեմպիոնական շրջան կատարեց գորգի վրա: Չնայած տրիբունաներից հնչող ուժգին սուլոցներին՝ հայ մարզիկը բացարձակապես չընկճվեց և դրոշով ևս մեկ հպարտ պտույտ արեց: Քիչ անց չեմպիոնի պատվին Բաքվում կհնչի Հայաստանի պետական օրհներգը:
Նշենք նաև, որ մինչև եզրափակիչ հասնելը Ջանեսն իր բոլոր չորս մրցակիցներին հաղթել էր ժամանակից շուտ՝ ընդհանուր 33:0 հաշվով (8:0, 9:0, 8:0, 8:0), և միայն վճռորոշ գոտեմարտում մրցակցին հաջողվեց միավորներ վաստակել հայ ըմբիշից:
Հիշեցնենք, որ ընթացիկ աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում ավելի վաղ բրոնզե մեդալակիրներ էին դարձել 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը և 51 կգ քաշային Գևորգ Հարությունյանը:

