«Ենթադրենք, 2700 արծվաշենցի ուզում է վերադառնալ Արծվաշեն, բայց 1 մլն բնակչություն ասում է՝ չէ, չպետք է փոխանակում լինի, արծվաշենցին ի՞նչ պետք է անի». Մամիկոն Խեչոյան

Դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսելով Արծվաշենի մասին, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Արծվաշենի խնդիրը լուծելու տարբերակներից մեկը փոխանակումն է, իսկ թե ինչի՞ հետ, Փաշինյան այդպես էլ չէր մանրամասնել։

«Արծվաշենի խնդիրը լուծելու տարբերակներից մեկը կարող է փոխանակումը լինել։

Հայկական կողմի համար այս թեման այլևս լարվածության հարց չէ։ Սկզբունքը հետևյալն է. Հայաստանն ու Ադրբեջանն ուզում են իրար խոցե՞լ սահմանազատման գործընթացով, թե՞ հարցերը լուծել այնպես, որ մեր և իրենց երեխաներն այլևս այդ թեմաները չունենան»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը քարոզարշավի ժամանակ ինքը մոտեցել է Նիկոլ Փաշինյանին և հարցրել է, թե «Հիմա Արծվաշենի հետ ի՞նչ ենք անելու, ժողովուրդն ի՞նչ է խոսում»։

Կարդացեք նաև

«Տեսեք, Արծվաշենի հարցը ՀՀՇ-ականները լուծել են 1992 թվականի օգոստոսի 8-ին։ Այսինքն՝ այն ժամանակ, երբ տեղի էր ունենում արցախա-ադրբեջանական պատերազմը, ժողովուրդը հասկացավ, որ եթե հայկական կողմը հողեր է  ազատագրում ու Տավուշում «անկլավներ» է վերցրել, ուրեմն՝ ադրբեջանական կողմն էլ Արծվաշենը կվերցնի։ Մեր պետությունն ավտոբուսներ տրամադրեց, որպեսզի մենք դուրս գանք՝ հետագա շատ խնդիրներից խուսափելու համար։ Այն ժամանակ մեզ չեն հարցրել՝ ուզո՞ւմ եք ապրել Արծվաշենում, թե՞ ուզում եք դուրս գաք, կար պետություն, պետությունն էլ որոշել էր։

Հիմա պետությունը, նաև Նիկոլ Փաշինյանն է ասում, որ եթե Հայաստանի ինքնիշխան տարածքի փոխանակման ինչ-որ հարց լինի, պետք է հանրաքվե անցկացնեն։ Ենթադրենք, 2700 արծվաշենցի ուզում է վերադառնալ Արծվաշեն, բայց ՀՀ 1 մլն բնակչություն ասում է՝ չէ, չպետք է փոխանակում լինի, այդ դեպքում արծվաշենցին ի՞նչ պետք է անի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մամիկոն Խեչոյանը։

Ասում է՝ արծվաշենցու կարծիքը հարցնող չկա, եթե նույնիսկ հարցնեն էլ, մեկ է՝ հանրաքվեի դեպքում ՀՀ քաղաքացին է որոշում՝ այդ տարածքը փոխանակվի՞, թե՞ ոչ։ Ժամանակ առ ժամանակ արծվաշենցիներին հարցնում են՝ արդյոք  նրանք ուզո՞ւմ են վերադառնալ Արծվաշեն, ինչին նրանք միանշանակ դրական պատասխան են տալիս։

«Ո՞վ չի ուզի վերադառնա իր տուն, բայց մեր կարծիքը ոչ մեկը հաշվի չի առնում։ 1991 թվականից ես Արծվաշենի գյուղապետն եմ, չեմ տեսել՝ պետությունը մեր կարծիքը հարցնի։ Հիմա էլ հարցնեն կամ չհարցնեն, ի՞նչ է փոխվելու։ Իմ ծնողները հուղարկավորված են Արծվաշենում, մենք այնտեղ գերեզմանոցներ ունենք, բայց ի՞նչ կարող ենք անել։

Երբ մենք ապրել ենք Արծվաշենում, այնտեղ որևէ ադրբեջանցի չի ապրել, մինչև Արծվաշեն հասնելը 2 ադրբեջանական գյուղ կա, բայց Արծվաշենում այսօր որևէ հայ չի ապրում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ արդյո՞ք Արծվաշենը վերադարձնելուց հետո այնտեղ ապրելն արծվաշենցիների համար անվտանգ կլինի, Մամիկոն Խեչոյանը պատասխանեց, որ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում սահմանազատում է եղել և եթե, օրինակ, Կիրանցի դպրոցում հայ երեխան սովորում է, բայց դիմացն ադրբեջանցի սահմանապահն է կանգնած, ինչո՞ւ արծվաշենցին չպետք է վերադառնա իր տուն։

«Եթե սյունեցին իրեն անվտանգ է զգում, մենք ինչո՞ւ չպետք է անվտանգ զգանք։ Եթե ունենք բանակ, ու ասում են՝ բանակը ձեր անվտանգության երաշխիքն է, ուրեմն՝ մենք Արծվաշենում ապրելու խնդիր չունենք։

Ուղիղ գծով Արծվաշենը Ճամբարակից 5 կմ հեռավորության վրա, այնպես է, որ Հայաստանն ամբողջական սահման է, էլի։ Սա ո՛չ հուզական, ո՛չ էլ հերոսական քայլ է։ Հիմա որ Ճամբարակում ապրում ենք, ու ադրբեջանական դիրքերից նույնիսկ կարող են ուղիղ նշանառությամբ հարվածել, Արծվաշենում ինչո՞ւ նույն կերպ չենք կարող ապրել։ Մենք ո՛չ հերոս ենք, ո՛չ վախկոտ, ընդամենը ռեալիստ ենք»,- ասաց Մամիկոն Խեչոյանը։

Նշենք, որ ըստ Մամիկոն Խեչոյանի, 1992 թվականին Արծվաշենից մոտավորապես 2800 մարդ է տեղահանվել, նրանցից շատ քչերն են այսօր տեղափոխվել ՌԴ՝ մոտավորապես 10-15 ընտանիք։ Այսօր գրեթե 3000 արծավաշենցի բնակվում է Ճամբարակում ու հարակից գյուղերում, Դրախտիկում, Շորժայում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031