Պուտինի առաջին այցը ՆԱՏՕ-ական երկիր՝ պատերազմի ֆոնին․ ի՞նչ են բանակցելու Պուտինն ու Էրդողանը Հարավային Կովկասի վերաբերյալ
Առաջիկայում սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա։ Պուտինը ՆԱՏՕ-ի անդամ երկիր կմեկնի Ուկրաինայի հետ պատերազմի մեկնարկից հետո առաջին անգամ։ Օրերս Reuters-ը գրել էր, որ Պուտինը Թուրքիա կմեկնի փետրվարի 12-ին։
Trend գործակալության փոխանցմամբ, A-haberի եթերում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցի ընթացքում նախատեսվում է քննարկել, մասնավորապես, էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական համագործակցության հարցեր։ Ընդգծելով, որ Պուտինն ու Էրդողանը պարբերաբար շփվում են, առաջիկա այցն էլ պլանավորված է՝ Ֆիդանն ասել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները նախատեսում են քննարկել «համագործակցությունը գազային հանգույցի (հաբի) ստեղծման, էներգետիկայի, «Աքքույու» ատոմակայանի կառուցման, հացահատիկային միջանցքի շուրջ։ Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ օրակարգում կլինեն նաև Ուկրաինայի և Գազայի հարցերը։ Փետրվարի 3-ից լրագորղների հետ զրույցում նույնպիսի օրակարգ էր նախանշել նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
2023 թվականի սեպտեմբերին Էրդողանն արդեն հանդիպել էր Պուտինի հետ Սոչիում։ Քաղաքական գործիչները քննարկել էին իրավիճակը Ուկրաինայում, ինչպես նաև Սևծովյան գոտում։ Նրանք հատուկ ուշադրություն էին դարձրել հացահատիկի պայմանագրին, սակայն չէին հաջողել վերականգնել այն։ Էրդողանը նշել էր երկու երկրների սերտ հարաբերությունների մասին և հավելել, որ դա իբր կնպաստի գլոբալ և տարածաշրջանային խնդիրների լուծմանը։
168․am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ սպասվող այցը բավականին առանցքային է լինելու, քանի որ տեղի է ունենալու երկու երկրների համար նախընտրական փուլում, Թուրքիայի կողմից Շվեդիային ՆԱՏՕ-ի անդամակցության կողմ քվեարկությունից, F-16-ների շուրջ երկխոսության հնարավոր վերականգնման, Թուրքիա-Արևմուտք երկխոսության ակտիվացման, ռեգիոնալ և մերձավորարևելյան հարցերում ՌԴ-Թուրքիա կոնսենսուսի պայմաններում, ինչպես նաև Իրանի նախագահի Թուրքիա կատարած այցից հետո։
Նրա խոսքով, հանդիպման ժամանակահատվածը ևս հանդիպման նկատմամբ հետաքրքրությունն ավելացնում է, քանի որ Արևմուտքը փորձում է աշխատել Թուրքիայի հետ տարատեսակ ճնշումներ բանեցնելով, այդ թվում՝ միջամտելով Թուրքիայի ներքաղաքական կյանքին և օգտվելով Թուրքիայում ընտրական այս շրջափուլից, դրանով փորձելով Էրդողանի հետ աշխարհաքաղաքական «առևտուրն» Արևմուտքի համար էլ ավելի բարենպաստ դարձնել։
«Ռուսաստանի համար Թուրքիան, նորություն չեմ նշի, ամենաառանցքային, միևնույն ժամանակ՝ ամենաբարդ գործընկերներից մեկն է, որը նաև ՆԱՏՕ-ի անդամ է և անընդհատ արևմտյան ճնշումների ներքո, որոնք վերջերս Արևմուտքի համար օգտակար արդյունքների հանգեցրին։ Սակայն ՌԴ իշխանությունները քիչ են վհատվում այդ փաստից և փորձում են շարունակել աշխատանքը՝ չկորցնելու համար կարևոր ուղղություններով համատեղ աշխատանքը, ինչը ներկայումս չափազանց կարևոր է ՌԴ-ի համար։
Կարծում եմ՝ գլխավոր հարցը կլինի հացահատիկի գործարքի շուրջ խոսակցությունը և Ուկրաինայի հարցում թուրքական միջնորդությունը։ Այս հարցը վաղուց առաջարկում է Թուրքիայի նախագահը և այս հարցը նաև թուրք-ամերիկյան բանակցությունների թեմա է, ուստի ևս մեկ անգամ կլինի բանակցություն այս հարցի շուրջ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան գտնվում է արևմտյան լուրջ ճնշումների ներքո՝ ըստ իս, ՌԴ-ն մեծ պատրանքներ չպետք է ունենա այս բանակցությունների առնչությամբ, և կարծում եմ՝ չկան, հստակ հասկանալով, թե սա ինչպիսի շրջափուլ է, ուստի Էրդողանի քաղաքական մանևրները կընկալվեն։ Էրդողանի դիրքերի ամրապնդումը նաև այս ընտրություններում կարևոր է Ռուսաստանի համար, ՌԴ-ն ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցն է, իսկ Արևմուտքը խաղարկում է այս հարցը։ Կքննարկվի նաև Գազայի հատվածում անհրաժեշտ քայլերը, այդ թվում՝ տարածաշրջանային այլ խաղացողների մասնակցությամբ և դերակատարմամբ։ Իսկ ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, կարծում եմ՝ առանձնահատուկ հարցեր չկան, որոնք կքննարկվեն հենց այս մակարդակում, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական օրակարգերը և ռեգիոնալ զարգացումները կքննարկվեն, որպես ավելի լայն զարգացումների մի մաս։
Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարները ենթադրաբար կարող էին քննարկել Ղարաբաղում ՌԴ ներկայության հարցը, սակայն կարծում եմ՝ դա այնուամենայնիվ քննարկվում է Ադրբեջանի հետ, և այստեղ Թուրքիայի հետ քննարկելու որևէ հարց չկա։ ՌԴ-ն անձամբ այս հարցերում ավելի պասիվ է, քանի որ ուկրաինական և մերձավորարևելյան զարգացումները միջազգային հարաբերություններում իրենց կշռով ավելին են»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։ Ըստ նրա, Էրդողանի, ինչպես ցանկացած ղեկավարի համար, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճակատում որոշիչ են ընտրությունները, և տեղական ընտրությունների դեպքում Էրդողանի դիրքերն էլ ավելի խոցելի են, քանի որ խոշոր քաղաքներն իրենց ուղղվածությամբ ընդդիմադիր են և ոչ իշխանամետ։
«Ուստի այս շրջանը Թուրքիայի արտաքին քաղաքական կյանքում ՌԴ-ի տեսանկյունից ոչ միանշանակ քայլերի ժամանակաշրջան է, կա փոխըմբռնման պակաս, նախկին ժամանակահատվածում Էրդողան-Պուտին երկխոսությունն ավելի կառուցողական ու շահավետ էր երկու կողմի համար, սակայն իրավիճակը մի փոքր փոխվել է, թեև ընդհանուր առմամբ որոշ հարցերում Պուտին-Էրդողան երկխոսությունը հաջողվում է, դա է պատճառը, որ ՌԴ իշխանությունն աջակցում է Էրդողանին»,- նկատեց վերլուծաբանը։
Հարցին, թե արևմտյան ճնշումները, հնարավոր է, նաև վերաբերեն հայ-թուրքական, հայ-ադրբեջանական օրակարգի խնդրահարույց հարցերին, Ռաևսկին ասաց, որ Թուրքիան ու Արևմուտքը շատ ավելի լուրջ հարցեր ունեն լուծելու այս փուլում։ «Թուրք-ամերիկյան որոշ բանակցություններում հայկական հարցը քննարկվում է, շատ անցողիկ կերպով, առանց ճնշումների, հենց դա է պատճառը, որ Թուրքիան չի փոխում իր քաղաքական մոտեցումները Հայաստանի նկատմամբ։
Սակայն Հայաստանն իր արևմտյան ռևերանսների ֆոնին նմանատիպ ակնկալիքներ ունի Արևմուտքից, ուստի այս հարցը կարող է բարձրացնել, թե ինչո՞ւ սահմանը չի բացում Թուրքիան, թե նոր ի՞նչ զիջումներ է ակնկալում Հայաստանից, ինչո՞ւ են նախապայմաններ դրվում Հայաստանի առջև։ Արդեն ակնհայտ է, չէ՞, դարձել, որ Թուրքիան շարունակում է նախապայմանները, որևէ առաջընթացի պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերություններում, ՀՀ-ն էլ՝ դժգոհելով Ռուսաստանից, ակտիվացրել է երկխոսությունը Արևմուտքի հետ, ուստի այս հարցերի պատասխանները, կարծում եմ, ՀՀ-ում պետք է որ հետաքրքրեն»,- ասաց նա։