Հինգհազարամյա հայրենիք կորցրինք, մարդիկ էլի զվարճանում են․ եթե այսպես շարունակենք, կորցնելու ենք ամեն ինչ․ Մերուժան Տեր-Գուլանյան

Մենք սիրում ենք մեր կորցրածը, մեր ունեցածը չենք սիրում, և երբ կորցնում ենք, սկսում ենք հուզվել, բանաստեղծություններ գրել, ելույթներ ունենալ։ Մի ժամանակ Արևմտյան Հայաստանից, Արարատից ու Վանից էինք խոսում, հիմա այդ մասին արդեն մոռացվել է։ Երբ Առաջին պատերազմի ժամանակ մենք ազատագրեցինք Արցախն ու նվաճեցինք հարակից շրջանները, այդ պայքարն ուղեկցվեց կիսասոված, անլույս, մութ տարիներով, հացի հերթերով։ Ազատագրեցինք Արցախը, մեր կորուսյալ տարածքները և մոռացանք այդ մասին, չմտածեցինք, որ պետք է արմատապես ուժեղանալ, թշնամու դիմաց առնվազն երեք պաշտպանական շերտ կառուցել։ Չմտածեցինք այդպես, Արցախ գնում-գալիս, ուրախանում էինք, արդեն ասում էինք, թե արցախցիները Երևանում համը հանում են, սա էր մեր մտածողությունը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:

«Ցավալի բան է կատարվում մեր ժողովրդի հոգեբանության հետ։ Հինգ հազար տարվա հայրենիք ենք կորցնում, մարդիկ էլի սրճարաններում են, ուրախանում են, պարում, կարծես ոչինչ չի պատահել։ Արցախի նախկին նախագահները, Ռուբեն Վարդանյանի պես հրաշալի անձնավորությունը և այլք ձերբակալված են ադրբեջանական բանտերում, և ի՞նչ է կատարվում մեզ մոտ։ Ինչո՞ւ որևէ մեկը ձայն չի բարձրացնում, չեն լցվում հրապարակ, պահանջում։ Երբ պարսից Շապուհ արքայի զորավարը հայոց Արշակունյաց արքայատոհմի թագավորների ոսկորները  Հայաստանից վերցրեց ու տարավ, Վահան Մամիկոնյանը Պարսկաստանում հասավ նրանց հետևից, կոտորեց այդ բանակը և ոսկորները հետ բերեց, դրանք ամփոփեց Աղձքի արքայական դամբարանում։ Հիմա ի՞նչ է կատարվում մեր ժողովրդի հետ»,- ասաց հրապարակախոսը:

«Մենք չպիտի մտածենք, որ հայրենիքը կորցրել ենք, բայց եթե այսպես շարունակենք, կորցնելու ենք։ Այստեղ ապշելու բաներ են կատարվում, հնարավոր չէ, օրինակ, հայկական հեռուստատեսություն նայել։ Հանրայինով միայն ծափ-ծլնգոց ու գովեստ է։ Ի՞նչ կատարվեց, չէ՞ որ մենք կարող էինք Արցախի անկախությունը ճանաչել 1994-ից հետո, երբ ուժեղ էինք և հաղթած։ Կարող էինք անել, չարեցինք։ Տարիներն անցան, Լևոն Տեր-Պետրոսյանին փոխարինեց Ռոբերտ Քոչարյանը, այդ շրջանում էլ չճանաչեցինք։ Հետո եկավ Սերժ Սարգսյանը, բոլորն էլ ինչ-որ բան անում էին, զենք էին բերում, և այլն։ Բայց ստացվեց այնպես, որ ոչ ոք այդ համարձակությունը չունեցավ, ինչ է թե՝ Մինսկի խումբը կարող էր անիմաստ դառնալ և վերանալ։ Թող վերանար, հիմա չի՞ վերացել, ո՞ւր է հիմա Մինսկի խումբը, երբ Արցախը դատարկ է»,- նշեց Տեր-Գուլանյանը:

Կարդացեք նաև

Հասարակական գործչի կարծիքով՝ հանդուգն քայլեր էր պետք անել, չարինք և բերինք-հասցրինք այստեղ. «Ինչ վերաբերում է այսօրվա իշխանական խմբակին, սրանք պիտի թողնեն-գնան։ Պիտի ընտրենք խելքը գլխին մարդկանց, այնպիսիներին, որոնք ո՛չ պապ են սպանել, ո՛չ տերտեր, որոնց կենսագրությունը մաքուր է, և որոնց մենք չպիտի փչացնենք։ Նրանք պիտի գավառական մտայնությունը հանեն իրենց միջից։ Այս երեսուն տարում մի գավառական մտայնություն կար, որը, ի դեպ, միայն հայկական չէ, ուրիշ ազգերը, երկրներն ու ղեկավարներն էլ ունեն, և դա հետևյալն է՝ ինձ հավատարիմ եղիր, ինչ ուզում ես՝ արա, միայն թե իմ դեմ չլինես։ Սա էր սկզբունքը։ Հիմա հետադարձ հայացքով հստակ տեսանելի է՝ ինչն ինչպես է եղել։ Պիտի գա մեկը, որն այս թերություններից ազատագրված լինի, չընկնի այդ գավառական մտածողության մեջ։ Նապոլեոնի կենսագիրներից մեկը՝ Լուի Մադլենը, որը 24 հատոր գիրք է գրել նրա կյանքի մասին, հետաքրքրական բան է ասում՝ Նապոլեոնը մեծապես կշահեր, եթե եղբայրներ չունենար։ Նրա եղբայրները խանգարում էին իրեն, բոլորը թագավորություն էին ուզում, և Նապոլեոնը ստիպված Իսպանիա և Իտալիա մտավ, որ եղբորը թագավոր դարձնի»:

«Գավառամիտ այս սկզբունքով Արցախն էլ, մնացած ամեն ինչն էլ կկորցնենք։ Թումանյանի ժամանակներից ի վեր՝ ոչինչ չի փոխվել։ Նա մի կարճ ու հանճարեղ էսսե ունի՝ «Անկեղծ չենք», այսօրվա մեր ժողովրդի բնավորության մասին է, բայց հարյուր տարի առաջ է գրել։ Չենք փոխվում, թեև դրա մեջ լավ բան էլ կա՝ մեր տեսակը պահպանում ենք։ Խնդիրն այն է, թե տեսակի որ գծերն ենք պահպանում, առաջնային դնում։ Դեմիրճյանը մի պատմվածք ունի, որտեղ հայը գնացքով Թիֆլիսից գալիս է Երևան, և երբ տոմսավաճառը պարզում է, որ նա անտոմս ուղևոր է, և փորձում է նրան տուգանել, հայն ասում է՝ ի՞նչ տոմս, սա հայի գնացք է, ես էլ հայ եմ։ Երբ հայը հայտնվում է այլ երկրներում, դառնում է հրաշալի քաղաքացի՝ ԱՄՆ-ից մինչև Եվրոպա, իսկ Հայաստանում իրեն ամեն ինչ կարելի է»,- ամփոփեց Մերուժան Տեր-Գուլանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս