Իրավապաշտպան կազմակերպությունները դատի են տվել Թրամփին՝ ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցների պատճառով
Իրավապաշտպան կազմակերպությունները երեքշաբթի օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հայց են ներկայացրել՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատճառով, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
Հայցվորները պնդում են, որ այդ միջոցները խոչընդոտում են ռազմական հանցագործությունների զոհերին արդարադատության հասնելու հարցում։
Հայցը Նյու Յորքի դատարան են ներկայացրել չորս կազմակերպություններ, դրանց թվում՝ Human Rights Watch-ը։ Նրանք պահանջում են չեղարկել պատժամիջոցները՝ հայտարարելով, որ դրանք խախտում են ամերիկյան օրենսդրությունը, դրանց թվում՝ Առաջին ուղղմամբ երաշխավորված խոսքի ազատության իրավունքը։
«Սա իշխանության ապօրինի չարաշահում է, որն ուղիղ հարձակում է օրենքի գերակայության, դատավորների, դատախազների և փաստաբանների անկախության վրա»,- ասվում է հայցում։
Թրամփի վարչակազմը, որը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը, դատարանի մի շարք դատավորների և դատախազների նկատմամբ սահմանել է ճանապարհորդության արգելքներ և ակտիվների սառեցում՝ հիմնականում ԱՄՆ առանցքային դաշնակից Իսրայելի դեմ իրականացվող հետաքննությունների կապակցությամբ։
Պատժամիջոցները սահմանվել են Թրամփի՝ 2025 թվականի փետրվարին ստորագրած հրամանագրի հիման վրա։ Դրանց ազդեցության տակ են հայտնվել ութ դատավոր, երեք դատախազ, ՄԱԿ-ի փորձագետ և երեք իրավապաշտպան կազմակերպություն։
Հայցի հեղինակները պնդում են, որ սահմանափակումները «լուրջ և անդառնալի վնաս» են հասցրել իրենց աշխատանքին։ Նրանց տվյալներով՝ կազմակերպությունները ստիպված են եղել կրճատել փոխգործակցությունը Միջազգային քրեական դատարանի հետ՝ քաղաքացիական և քրեական պատիժներից, ինչպես նաև իրենք էլ պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգից մտավախություն ունենալու պատճառով։
Պատժամիջոցների զգալի մասի պատճառ է դարձել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության հրամանագիրը, որը Միջազգային քրեական դատարանն արձակել է Գազայի պատերազմի կապակցությամբ։ Վաշինգտոնը քննադատում է նաև դատարանի կողմից ԱՄՆ-ի ղեկավարությամբ Աֆղանստանի պատերազմի ընթացքում ենթադրաբար կատարված խախտումների հետաքննությունները։
Հայցը ներկայացրել են Human Rights Watch, American Friends Service Committee, Center for Constitutional Rights և Open Society Institute կազմակերպությունները։ Պատասխանողներ են նշված, բացի Թրամփից, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, գլխավոր դատախազ Թոդ Բլանշը և Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության (OFAC) ղեկավար Բրեդլի Սմիթը։
Միջազգային քրեական դատարանը ստեղծվել է 2002 թվականին՝ ամենածանր միջազգային հանցագործություններում մեղադրվող անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով, երբ ազգային դատական համակարգերը չեն կարող ապահովել արդարադատություն։ ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն վավերացրել դատարանը հիմնադրած Հռոմի ստատուտը։
Ավելի վաղ ՄԱԿ-ը և Եվրամիությունը կոչ էին արել Թրամփի վարչակազմին չեղարկել Միջազգային քրեական դատարանի աշխատակիցների դեմ պատժամիջոցները։ Հունիսին դատարանի երեք դատավորներ, որոնք հայտնվել էին ամերիկյան սահմանափակումների տակ, նույնպես հայց էին ներկայացրել Թրամփի և ԱՄՆ-ի այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ պատժամիջոցներն անվանելով դատարանի վրա ճնշում գործադրելու ապօրինի գործիք։

