Ողորմելի՛ անգրագետներ, խաբեբանե՛ր, որպես Ալիևի ստորադասներ՝ անհանգիստ եք, թե նա ի՞նչ կմտածի․ Պարույր Հայրիկյան
Այս իշխանությունը դեմ է ժողովրդավարությանը և ցուցադրաբար, լկտիաբար հանցագործություն է կատարում, այն է՝ չարաշահում է իշխանությունը։ Հայաստանում ժողովրդավարությունը լուրջ վտանգի տակ է, և այս իշխանության բարքերը, վարկն ու կեցվածքը հակասում են ժողովրդավարությանը։ Չկա գեթ մեկ քաղաքական ուժ ընդդիմադիր դաշտից, որն այս ընտրություններն ընտրություն համարի։ Իսկ քաղաքակիրթ աշխարհում ընդունված է, որ դու համարվում ես արդար ընտրված, եթե ընդդիմադիրները քեզ շնորհավորում են։ Մենք պիտի կանխենք Նիկոլի «լուկաշենկոյացումը»։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

«Վաղը, ի վերջո, պիտի արդարություն լինի այս երկրում, այլապես մենք կործանվելու ենք։ Աշխարհի ոչ մի ազգի ապագան այնքան սերտորեն չի առնչվում արդարություն հասկացության հետ, որքան մեր, որովհետև արդարությամբ է, որ մենք քաղաքակիրթ աշխարհի մաս կարող ենք կազմել։ Իշխանափոխություն արած ուժն ասում էր, թե այս Սահմանադրությունն աննպատակահարմար է, բայց հանկարծ հայ մարդկանց այն պարտադրվում է՝ որպես լավ Սահմանադրություն։ Այս իշխանությունը որևէ արդյունքի չի հասել՝ բացի խոստումներից, սպառնալիքներից կամ օտարի հանդեպ հաճոյակատարությունից»,- ասաց քաղաքական գործիչը։
«Պետք է այնպիսի համակարգ ունենալ, որ Մուսոլինին կամ Մուսոլինիի ուրվականը չորոշի, թե ինքը՝ ձերդ գերազանցությունը, ուզում է ինչ-որ բան անել։ Գրչի մի շարժումով, մի հրամանով Ամիրյան փողոցը դարձավ Պապ թագավորի փողոց, երբ քեզնից առաջ մարդիկ են եղել, որոնք այդ փողոցը կոչել են Վռամշապուհ արքայի անունով։ Սա փողոցի անունը փոխում է, անգամ քննարկման չի դնում այդ հարցը։ Եթե չես քննարկում, ժողովրդավարություն հասկացությունը վերանում է, այսինքն՝ մարդիկ այլևս որևէ լծակ չունեն։ Այսօր մեր գլխավոր խնդիրն այն է, որ երկրի տերը քաղաքացին չէ»,- նշեց Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդի կարծիքով՝ այս իշխանությունները չգիտեն, որ պետություն՝ նշանակում է քաղաքացիների երկիր, քաղաքացի՝ նշանակում է պետության տեր. «Սրանք միայն մի միտք ունեն՝ ինչպե՞ս անեմ, որ իշխանությունը մնա ինձ, որ իմ ենթակայության տակ չգտնվող, ինձ չենթարկվող մարդիկ հանկարծ քվեարկելու իրավունք չունենան։

Ա՛յ անշնորհք, անգրագետ, երկրի տերը քաղաքացին է, դու այդ քաղաքացիներից մեկն ես միայն, և երբ փորձում ես քո կամքը պարտադրել, քեզ սպասում է Չաուշեսկուի կամ Մուսոլինիի ճակատագիրը։ Սրանց արժեհամակարգի հիմքում ընկած է հետևյալը՝ որևէ քայլ անելիս՝ շեֆն ի՞նչ կմտածի, և երբ ես այսինչ բանն անեմ, շեֆին ի՞նչը հաճելի կլինի։ Իրենք դա են պահանջում իրենց ստորադասներից, քանի որ իրենք էլ իրենց են ստորադաս համարում ինչ-որ ուժերի, անհատների, անհանգիստ են՝ Ալիևն ի՞նչ կմտածի»:
«Սարսափելի վիճակ է, համոզել են հայ մարդկանց, որ պատերազմ կլինի։ Ա՛յ ողորմելի անգրագետներ, ա՛յ խաբեբաներ, պատերազմը ձեր հաճոյակատարությունից չի դադարել, հարաբերական խաղաղությունը դրա շնորհիվ չի կայացել։
Նիկո՛լ, քո ողորմելի հաճոյախոսություններով չէ, որ ինչ-որ բան դեպի դրականն է փոխվել։ Ինչպե՞ս կատարեցիր Ալիևի պահանջը Մինսկի խումբը ցրելու վերաբերյալ։ Ասում էիր՝ գերինե՛ր, մի քանի ամիս դիմացեք։ Պոռնկացած, սրիկայացած, տականքացած հայն ասում է՝ գերիները կարևոր չեն, ու չի հասկանում, որ իր զավակներին է պատրաստում գերի դառնալու»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

