Պուտինը Ռոբերտ Գիլմանին ազատել է՝ փոխարենը որևէ պահանջ չներկայացնելով. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ռուսական կալանքից նախկին ամերիկացի ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ազատման մասին։
«Ես հպարտությամբ հայտարարում եմ, որ ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Գիլմանը՝ ԱՄՆ նախկին ծովային հետևակայինը, վերադառնում է տուն»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
ԱՄՆ նախագահը նշել է, որ Գիլմանը Ռուսաստանում բանտարկվել էր 2022 թվականին՝ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։ Թրամփը հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր բանակցություններից հետո Մոսկվան համաձայնել է ազատել ամերիկացուն՝ մարդասիրական նկատառումներից ելնելով։
Թրամփն ընդգծել է, որ Ռուսաստանը փոխարենը ոչինչ չի պահանջել, և բանտարկյալների փոխանակում չի եղել։
ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Գիլմանը երեքշաբթի երեկոյան պետք է ժամանի Վաշինգտոնի Էնդրյուս ավիաբազա, որտեղ նրան կդիմավորեն ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները։ Թրամփը նշել է, որ նրանցից մի քանիսը Գիլմանի հետ միասին գտնվում են ինքնաթիռում։
«Ես հենց նոր խոսեցի նրա հետ, և նա միայն մեկ խնդրանք ուներ՝ ժամանելուն պես՝ հիանալի չիզբուրգեր։ Ես դրա մասին կհոգամ»,- գրել է Թրամփը։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ նրա վարչակազմն առաջնահերթ ուշադրություն է դարձնում արտերկրում պահվող ԱՄՆ քաղաքացիների վերադարձին։ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմի ընթացքում հարյուրավոր ամերիկացիներ վերադարձվել են տուն։
Նա հայտնել է նաև, որ Գիլմանն արդեն վերամիավորվել է իր մոր՝ Նենսիի հետ, որը նրա հետ միասին գտնվում է ինքնաթիռում, և շուտով կկարողանա հանդիպել նաև մյուս հարազատներին։
Թրամփը շնորհակալություն է հայտնել իր թիմի այն անդամներին, որոնք մասնակցել են Գիլմանի ազատմանը, նրանց թվում՝ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին, պատանդների ազատման հարցերով հատուկ բանագնաց Ադամ Բյոլերին, ահաբեկչության դեմ պայքարի ավագ տնօրեն Սեբաստիան Գորկային, Ջարեդ Քուշներին և վարչակազմի այլ ներկայացուցիչների։

