Քանդել եկեղեցին՝ նշանակում է քանդել հայի հոգին․ այս ընթացքը պետք է կանգնեցնել․ Մերուժան Տեր-Գուլանյան
Կարծես թե 5-րդ դարից ի վեր ոչինչ չի փոխվել։ Ի՞նչն է խաթարվել մեր ժողովրդի մեջ, որտե՞ղ է, որ մենք շարունակ սխալվում ենք։ Չէ՞ որ մենք մի ժողովուրդ ենք, որն ապրել է ջրհեղեղից առաջ։ Նոյ նահապետը ոչ թե եկել ու պատահաբար իր տապանը կանգնեցրել է Արարատի գագաթին, այլ վերադարձել է։ Մենք ջրեղեղից առաջ ապրել ու գիր ենք ունեցել, մենք աշխարհի հնագույն ժողովուրդն ենք։ Մեր պատմությունը թալանված է, Մովսես Խորենացին ակնարկում է այդ մասին։ Ո՞վ է ասում, որ մեր ազգի հիմնադիրը Հայկ Նահապետն է։ Նա Բաբելոնից վերադարձավ ի՛ր երկիր՝ Արամի երկիր։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:շ

«Այսօր Խորենացուն ու Մաշտոցին դանդաղ ջնջում են դպրոցներից։ Սկսվեց Արարատի պատկերով, հիմա ասում են՝ Մաշտոցի նկարը չպիտի լինի դասագրքերում։ Սա ո՞ւր է տանում մեզ, պետք է կանգնեցնել սա։ 200 տարի առաջ Աբովյանի «Վերքի» առաջաբանը միջնադարյան թմբիրից արթնացրեց մի ամբողջ ազգի։ Իսկ այսօր մենք, լինելով աշխարհի հնագույն ազգը, կորցնում ենք։ Ինչ էլ ունենք, տանուլ ենք տալիս, հաշտվել ենք այդ ամենի հետ, կորուստները դարձել են սովորական, մեկը մյուսին է փոխարինում, մինչև նախորդը մոռանում ես»,- ասաց հրապարակախոսը:
«Ինչպե՞ս կարելի էր այսկերպ վերաբերվել մեր եկեղեցուն։ Աշխարհի հնագույն քրիստոնեական եկեղեցին է այն։ Մեր ազգը հավերժական է, մենք շատ բան ենք տեսել։ Հայն աշխարհի հիշողությունը գենետիկորեն պահպանած ազգն է։ Հայը կրթել է այլ ազգերին։ Փոխանակ մեր ունեցածն աշխարհին ներկայացնելու՝ ոչնչացնում ու ջնջում ենք այն։ Այդ ջնջող ձեռքը պետք է բռնել։ Ամեն հայ մարդու համար պիտի պատիվ լինի այս ժողովրդի զավակը լինել։ Ամեն հայ մարդ պիտի երջանիկ զգա իրեն, որ իր երակներում խոսում է մի արյուն, որն այսքան դարերի ընթացքում չժանգոտեց։ Ի՞նչ է, այն եկավ, հասավ մեզ, որ պահպանվածը ոչնչացնե՞նք»,- նշեց Տեր-Գուլանյանը:

Հասարակական գործչի կարծիքով՝ քանդել եկեղեցին՝ նշանակում է քանդել հայի հոգին. «Մենք բազում հավաքական վրիպումներ ենք թույլ տվել։ Մենք երամի տրամաբանությունը չպահեցինք։ Անհատը կարող է սխալվել, բայց երամը, ազգը չպիտի սխալվի։ Հայի մեջ երկու հայ կա, մեկը հավերժական հայն է, մյուսը՝ կենցաղային։ Հավերժական հայը միշտ պատրաստ է զոհվելու, բայց մեռնել չի ուզում։ 44-օրյա պատերազմի օրերին տղերքը երգելով գնում էին զոհվելու։ Դա հավերժական հայի հոգին է։ Բայց կենցաղային հայը քարի պես հետ է քաշում այնտեղ, ուր ինքը սիրում է իր նեղ կենցաղը, ուզում է պաշտոն ունենալ»:
«44-օրյա պատերազմից հետո կենցաղային հայն է շատացել մեր մեջ։ Ո՞ւր են այն տղերքը, որոնք երգելով գնում էին զոհվելու։ Այն մարդիկ, որոնք իրենց մտավորական են համարում, կենցաղային հայեր են։ Չդառնա՛նք գետնաքարշ ու ոտքի կոխան։ Բարոյալքված մարդու ձին չի կարող երկար վազել։ Ցեղական ձին պղտոր ջուր չի խմում։

Մենք թույլ տվեցինք մեզ պղտոր ջուր խմել, բայց մենք ազնվացեղ ազգ ենք։ Մենք Աստծու արցունքի երկիրն ենք։ Մենք սրբազան ձյուների և փրկարար նավի պահապաններն ենք, Աստված մեզ կտակել է դա։ Մենք կհառնենք, միայն թե պետք է մեր մեջ արթնացնենք հավերժական հային և անենք մեր ընտրությունը»,- ամփոփեց Մերուժան Տեր-Գուլանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
