«Նման իշխանություն մենք չպետք է ունենանք, այս խմբակը պետք է գնա, դրա համար ժողովուրդը պետք է ոտքի կանգնի ու գնա ընտրությունների». Մերուժան Տեր-Գուլանյան
Գրեթե մեկ շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, Կառավարությունում խոսում է սպասվող խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի կողմից «ջախջախիչ հաղթանակ» տանելու մասին։ Նա և իր թիմակիցները վստահ են, որ ժողովուրդը հունիսի 7-ին կգնա ու կքվեարկի «ժողովրդավարությանն» ու «խաղաղությանը», որը, ըստ Փաշինյանի՝ ինքն է բերել Հայաստանին ու հայ ազգին։
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը վստահ է՝ ժողովուրդն իր ընտրությունը կատարել է, և այդտեղ Նիկոլ Փաշինյանը չկա։
«Նիկոլ Փաշինյանը չի ընտրվելու, ոչ էլ իր խմբակը, որովհետև ժողովւորդն իր ընտրությունը կատարել է։ Այն լեզուն, որով Նիկոլ Փաշինյանը խոսում է, այն վարքն ու բարքը, որն այս տարիների ընթացքում ցուցաբերել է, քայլերը, որով ամեն ինչ ոչնչացրել է, փոխարենը ոչինչ չստեղծելով, ժողովուրդը տեսել է, հասկացել ու կատարել ընտրություն։
Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ժամանակին այս իշխանության կողքին էին, նրան սատարողներն ու աջակցողները, այսօր նրանք էլ խիստ հիասթափված են և ավելի հակաիշխանական են, որովհետև խաբվել են, իրենց խաբված ու վիրավորված են զգում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մերուժան Տեր-Գուլանյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ չպետք է Նիկոլ Փաշինյանն այդքան մեծ-մեծ խոսի, վերջին 8 տարիների ընթացքում նրա արածները բոլորն են տեսել։
«Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ գնում է այստեղ ու այնտեղ, կանգնում է մարդկանց հետ նկարվում, բարևում է, ուզում է ցույց տա, թե՝ տեսեք, իրենց ինչպես են մարդիկ ընդունում, բայց սա իրականությունը չէ։ Այդ նկարվող մարդկանց մեծ մասն իրենց թիմից են, աջակիցներից, որոնք ամեն տեղ գնում են նկարվելու համար։
7 տարի է՝ ես բարձրաձայնում եմ, որ նման իշխանություն մենք չպետք է ունենանք, այս խմբակը պետք է գնա, իսկ դրա համար ժողովուրդը պետք է ոտքի կանգնի ու գնա ընտրությունների։ Մարդիկ պետք է իրենց տանից դուրս գան, ոչ թե նստեն հեռուստացույցի առաջ ու սկսեն բողոքել, գնա ընտրություն կատարի և ընտրի ընդդիմադիր այն ուժին, որին ցանկանում է։ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը ու այլ ուժեր մասնակցում են ընտրություններին, թող նրանցից մեկն ու մեկին ընտրեն»,- հավելեց Մերուժան Տեր-Գուլանյանը։
Հրապարակախոսը հետևում է ներքին քաղաքական գործընթացներին, ասում է՝ տեսնում է, որ ժողովուրդն «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Սամվել Կարապետյանի հանդեպ մեծ սեր է տածում, նրա ներկայացրած ծրագրերով հետաքրքրված է։ Դրա համար մարդիկ պետք է գնան ընտրություններին մասնակցեն, որպեսզի իրենց նախընտրած թեկնածուն ստանձնի իշխանությունը։
«Ես մի անգամ մեկ բան ասացի, շատերը չէին ընկալում, ասացի՝ մենք հայրենիք կորցրեցինք, բայց որևէ մեկն ինքնասպան չեղավ, նկատի ունեի Արցախի կորուստը։ Դրա համար հիմա ես չեմ ուզում պատկերացնել, որ հանկարծ այս իշխանությունը կարող է վերարտադրվել՝ դա սահմռկեցուցիչ է, սարսափելի, չի կարելի նման բան նույնիսկ պատկերացնել։ Եթե մեզ թույլ տանք նման բան պատկերացնենք, նշանակում է՝ այդ գաղափարի հետ հաշտվում ենք։ Այս պահին կա մեկ խնդիր՝ այս իշխանությունը պետք է հեռանա, այլ խնդիր չկա։ Ուղղակի ես մեկ բանի համար եմ տխրում, որ մեր ընդդիմադիրներն այս նեղ իրավիճակում սկսել են միմյանց դեմ խոսել, ծանր բան է՝ բոլորի գործը մեկ պետք է լինի՝ այս իշխանության հեռացումը»,- շեշտեց նա։
Նրա կարծիքով՝ ընդդիմությունը հիմա պետք է համախմբվի, հեռացնի Նիկոլ Փաշինյանի խմբակին, թե ով հետո կդառնա վարչապետ, այս պահին կարևոր չէ, քանի որ Հայաստանում, բացի վարչապետի պաշտոնից, այլ կարևոր պաշտոններ ևս կան։
«Պետք է համախմբվել ու հեռացնել իշխանությանը, հետո ամեն ինչ որոշելը շատ հեշտ կլինի»,- ընդգծեց Մերուժան Տեր-Գուլանյանը։



