Սերբիան ծրագրում է մինչև 2027 թվականի վերջը միանալ Շենգենյան գոտուն

Սերբիան հույս ունի մինչև 2027 թվականի վերջը կատարել Շենգենյան գոտուն միանալու համար անհրաժեշտ պայմանները։ Դրա մասին Ռադիո Բելգրադի եթերում հայտարարել է Սերբիայի եվրոպական ինտեգրման հարցերով նախարար Նեմանյա Ստարովիչը, հայտնում է Deutsche Welle-ն։

Ըստ նրա՝ Բելգրադն արդեն ունի գործողությունների ծրագիր, որը իշխանությունները մտադիր են ամբողջությամբ իրականացնել մինչև 2027 թվականի վերջը, որպեսզի երկիրը պատրաստ լինի միանալ Շենգենյան գոտուն։

Ստարովիչն այդ հարցը կարևոր է անվանել Սերբիայի համար՝ Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացի ձգձգման ֆոնին։ Սերբական իշխանությունների գնահատմամբ՝ ԵՄ-ի լիարժեք ընդլայնումն ու նոր անդամների ընդունումը դժվար թե տեղի ունենան մինչև ընթացիկ տասնամյակի ավարտը՝ բուն միության ներքին խնդիրների պատճառով։

Այդ պայմաններում Բելգրադը մտադիր է հասնել եվրոպական տարածության չորս հիմնական ազատությունների իրականացմանը՝ մարդկանց, ապրանքների, կապիտալի և ծառայությունների ազատ տեղաշարժի։ Շենգենյան գոտուն հասանելիությունը կապահովի քաղաքացիների ազատ տեղաշարժը, իսկ միասնական եվրոպական շուկային ինտեգրումը՝ ապրանքների, կապիտալի և ծառայությունների ազատ շարժը։

Միաժամանակ, Սերբիայի միացումը Շենգենյան գոտուն կարող է երկրի վիզային քաղաքականության փոփոխություն պահանջել։ Մասնավորապես, Բելգրադը, ըստ ամենայնի, ստիպված կլինի չեղարկել Ռուսաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը, քանի որ Շենգենյան գոտու երկրները վարում են միասնական վիզային քաղաքականություն։ Նմանատիպ քայլ ավելի վաղ ձեռնարկել էր Չեռնոգորիան։

Սերբիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2009 թվականին, և միանալու շուրջ բանակցությունները շարունակվում են։ Անցյալ տարի սերբական իշխանությունները հայտարարել էին մինչև 2026 թվականի վերջը երկրի վիզային քաղաքականությունը եվրոպական կանոններին համապատասխանեցնելու մտադրության մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31