ԱԺ-ով կամ փողոցով իշխանություն փոխելուց առաջ կարևոր է դա անել քաղաքացիների տանը՝ խոսելով նրանց հետ․ Հակոբ Բադալյան
Անկախ նրանից, թե ինչպիսի վերաբերմունք կունենանք անցած տարիների ընթացքում ընդդիմության գործունեության մեթոդաբանության հանդեպ, այդուհանդերձ պետք է ընդունել, որ իրենք աշխատում են շատ դժվար իրավիճակում՝ ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին միջավայրի իմաստով։ Այս հանգամանքը շատ էական է Հայաստանում հասարակական-քաղաքական ներքին մթնոլորտը և միջավայրը ձևավորելու տեսանկյունից։ Ընդդիմության համար գլխավորը ոչ թե «անսակարկ» մնալն է, այլ՝ թե ինչպես այն կշարունակի աշխատել հասարակության հետ այն տրամաբանությամբ, որով աշխատեց նախընտրական մի քանի ամիսներին։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

«Եթե մտածենք, թե որևէ մեկը կսկսի գործակցել իշխանության հետ՝ բաց կամ անուղղակի, միշտ էլ մեկին կարող են գտնել՝ մանդատավոր կամ առանց մանդատի։ Կարևորը ոչ թե այն է, թե ինչպե՞ս կաշխատեն խորհրդարանում, կփոխե՞ն իշխանություն ԱԺ-ով, թե՞ ոչ, այլ՝ թե ինչպես կաշխատեն հասարակության հետ, այլ կերպ ասած՝ քաղաքացիների տանը։ Հիմա շատ է խոսվում խորհրդարանով կամ փողոցով իշխանություն փոխելու մասին, բայց իշխանությունը պետք է առաջին հերթին փոխել քաղաքացիների տանը՝ խոսելով մարդկանց հետ և փոխելով նրանց պատկերացումները և սպասումներն իրավիճակի և ապագայի նկատմամբ»,- ասաց վերլուծաբանը:
«Նախընտրական շրջանի ամիսները տվեցին իրենց որոշակի արդյունքը, և իշխանությունը պարտվեց։ Ընդդիմությունը չհաղթեց ընտրությունը, բայց իշխանությունը պարտվեց՝ առնվազն ինքն իրեն՝ 2021-ի արդյունքին։ Դա հենց ընդդիմության նախորդ ամիսների աշխատանքի արդյունքն էր, որը մեթոդական տեսանկյունից տարբերվեց, օրինակ, դրան նախորդած 4-5 տարիներից։
Ընդդիմությունը ժամանակ կորցրեց խորհրդարանում իշխանության հետ դիմակայության ռեժիմում աշխատելու հետևանքով։ Պետք էր ոչ թե գլխավորը համարել այդ դիմակայությունը և այդտեղ ավելի համոզիչ ու հաղթող լինելը, այլ մոռանալ իշխանությանը և աշխատել հասարակության հետ»,- նշեց հանրային գործիչը:
Բադալյանի պնդմամբ՝ բացի սեփական ընտրազանգվածից՝ ընդդիմությունը պետք է աշխատի նաև այդ ընտրազանգվածն ընդլայնելու ուղղությամբ, և ոչ միայն պարզապես ընտրող ստանալու տեսանկյունից.

«Պետք է փոխվի միջավայրը, պատկերացումներն ապագայի վերաբերյալ, և դա է իշխանություն փոխելու տրամաբանությունը՝ ձևավորել նոր օրակարգի իշխանություն։ Դրա միջոցով արդեն հնարավոր է փոխել քաղաքական իրավիճակ, և որևէ իշխանություն, անկախ նրանից՝ իրեն ինքնավստահ կզգա՞, թե՞ ոչ, չի կարող հաշվի չնստել այդ իրականության հետ։ Դրան պետք է ծառայի խորհրդարանի մանդատը՝ որպես գործիք։ Պետք չէ այդ մանդատի վերաբերյալ ավելորդ սպասումներ ձևավորել մարդկանց մեջ։ Այդ մանդատը պետք է ծառայեցնել նաև արտաքին քաղաքական աշխատանքի համար»:
«Ռեպրեսիվ տրամաբանությամբ գործողությունների հարցում իշխանությունը չի վարանում, շատ բարդ խնդիրներ կան ընդդիմության առաջ։
Այն պետք է հաղորդակցվի սեփական քաղաքական օրակարգով՝ փոխելու այն հարացույցը, որն իշխանությունն է փորձում պահել։ Եթե մենք ակնկալում ենք, որ պետք է այլ կենտրոններում լսեն Հայաստանի ընդդիմությանը, իրենք բացարձակապես մտադիր չեն լսելու բողոքներ Հայաստանի իշխանության վարքագծից։ Իրենք շատ լավ գիտեն այդ վարքագիծը, և իրենց անհայտ որևէ բան չկա, որը Հայաստանի ընդդիմությունը կարող է ներկայացնել»,- ասաց Հակոբ Բադալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում

