Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին

Որպեսզի համատարած աղքատության ֆոնին շատ աչք չծակի, անցած տարի կառավարությունը մի պիլոտային ծրագիր հորինեց ու քողարկված ձևով բարձրացրեց պետական պաշտոնյաների աշխատավարձերը։ Անունը դրեցին՝ խրախուսում կատարված աշխատանքի դիմաց, ու պետական բյուջեի հաշվին միլիոններ բաժանեցին իրար մեջ։ Այնքան անհարկի պարգևավճար բաժանեցին, որ պարգևավճար ասածն արժեզրկեցին, ուստի որոշեցին այն փոխարինել «խրախուսմամբ»։ Բայց անունը փոխելով՝ երևույթը չփոխվեց։

Սա աշխատավարձերի, առաջին հերթին՝ իշխանության վերին օղակների աշխատավարձերի ուղղակի բարձրացում է՝ առանց փաստացի բարձրացման։ Աշխատավարձերը թղթի վրա մնացել են նույնը, բայց եկամուտները կտրուկ ավելացել են։ Անցած տարվա առաջին կիսամյակի կատարողականի արդյունքներով տրված խախուսականներով եղան բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք մեկ կիսամյակի համար ընդհուպ 8-10 մլն դրամ միանվագ գումարներ ստացան։ Ինչի՞ դիմաց, այդպես էլ հասարակությանը բացատրություն չտրվեց։

Չնայած քաղաքացիների շրջանում ի հայտ եկած համատարած դժգոհություններին, իշխանություններն այդպես էլ չհրաժարվեցին ի շահ իրենց արված նորամուծությունից։ Ընդհակառակը՝ գնալով ախորժակներն ավելի բացվեց, հետագայում ավելացրին հատկացվող գումարները։

Կառավարությունն այդ նպատակով արդեն ավելի քան 35 մլն դոլար է դուրս գրել պետական բյուջեից։ Եվ սա՝ ընդամենը մեկուկես տարվա կատարողականի դիմաց։

Կարդացեք նաև

Եթե նույն տրամաբանությունը պահպանվի, միայն այս նոր համակարգով բյուջեից կարող է դուրս գրվել տարեկան շուրջ 30 մլն դոլար։ Այդքան գումար՝ աշխատավարձերից ու մշտական պարգևավճարներից զատ։

Վերջին անգամ գումարը տվեցին պահուստային ֆոնդից, բայց պահուստային ֆոնդն էլ բյուջեի մի մասն է ու այդ ֆոնդն էլ ձևավորվում է հարկատուների վճարած հարկերից։

Հետո էլ կասեն, թե իրենք թալանով չեն զբաղվում, նախկիններն էին, որ թալանում էին երկրիը։

Այնպես, ինչպես ժամանակին Նիկոլ Փաշինյանը գաղտնի որոշումով, ժողովրդից թաքուն բարձրացրեց պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, նույնն էլ հիմա են անում։ Պետական միջոցներին օրինական թալանի տեսք են տվել։ Ստացած, երբեմն էլի միլիոնավոր դրամների հասնող աշխատավարձերից ու պարգևավճարներից դուրս, մի քանի ամսում 35 մլն դոլար են դուրս բերել բյուջեից։ Այդ գումարները դուրս են եկել բյուջեից՝ մտել պետական պաշտոնյաների գրպանը։

Պետական պաշտոնյաներին խրախուսելու համար գումար հատկացնելու վերաբերյալ առաջին որոշումն ընդունվեց անցած տարվա վերջին։ Հատկացվեց 3.5 մլրդ դրամ՝ 2025թ. առաջին կիսամյակի կատարողականի համար։ Անցած տարվա երկրորդ կիսամյակի կատարողականի համար հատկացումները, որն արեցին այս տարվա մարտին, ավելացրին 1.1 միլիարդով՝ հասցնելով 4.6 միլիարդի։ Արդեն այս տարվա առաջին կիսամյակի համար պետական պաշտոնյաների խարխուսումների գումարը հասավ 5 միլիարդի։

Ընդհանուր առմամբ այս 3 որոշումներով պետական բյուջեից տրամադրվել է 13.1 մլրդ դրամ։ Պիլոտային ծրագրի շրջանակներում այդ գումարները մաս-մաս են անում պետական պաշտոնյաների միջև։ Ինչպես նախորդ անգամները, հատկացված հերթական 5 միլիարդի շրջանակներում բարձրաստիճան պաշտոնյաները միանվագ միլիոնների խրախուսումներ կստանան, եթե արդեն չեն ստացել: Ու դա՝ դեռ միայն այս տարվա առաջին կիսամյակի կատարողականի համար։ Հավանաբար ավելի մեծ կլինեն երկրորդ կիսամյակի կատարողականի հատկացումները։

Այսքանից հետո զարամանալի չէ, որ նախարարների միայն աշխատավարձերի, պարգևավճարների, հավելավճարների ու խրախուսումների գծով եկամուտներն արդեն հասել են աստղաբաշխական թվերի։ Ընդհուպ 100 հազար դոլարին հասնող վարձատրություն ստացող պաշտոնյաներ կան։ Ո՞ր լավ աշխատանքի համար, հայտնի չէ։

Կառավարությունն ասում է, թե գումարը տրվում է աշխատանքի արդյունքի դիմաց։ Բայց հասարակությունն իրավունք ունի իմանալ՝ հատկապես ո՞ր արդյունքի։ Ո՞ր նախարարությունն է կատարել այնպիսի բացառիկ աշխատանք, որի դիմաց նրա ղեկավարը պետք է միանվագ մի քանի միլիոն դրամ ստանա։ Ո՞ր պետական ծրագիրն է ավարտվել նախատեսված ժամկետից շուտ և նախատեսված գումարից քիչ ծախսով։ Ո՞ր ձախողված քաղաքականության համար է որևէ ղեկավար զրկվել խրախուսումից։

Այս հարցերի պատասխանները հանրությանը չեն ներկայացվում։ Չկա հրապարակային մի փաստաթուղթ, որտեղ քաղաքացին կարող է տեսնել յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյայի գնահատականը, ստացած գումարը և դրա դիմաց արձանագրված կոնկրետ արդյունքը։ Ընդհակառակը՝ պաշտոնյաներից շատերը թաքցնում են իրենց ստացած գումարները։ Այնուամենայնիվ, հրապարակված առանձին թվեր բավարար են պաշտոնյաների ստացած խրախուսումների իրական չափերի մասին պատկերացում կազմելու համար։ Արդարադատության նախարարը ժամանակին հաստատեց, որ ստացել է մոտ 7 մլն դրամ։ Հրապարակված տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն էլ 2025թ. առաջին կիսամյակի կատարողականի համար ստացել էր շուրջ 11 մլն 951 հազար դրամ։

Եթե մեկ կիսամյակի համար են այդքան ստացել, դժվար չէ հաշվել, թե ինչքան կստանան տարվա կտրվածքով։

Ու սա մի երկրում, որտեղ յուրաքանչյուր 4-րդ կամ 5-րդ քաղաքացին աղքատ է։ Մի երկրում, որտեղ կենսաթոշակը 60 հազար դրամի չի հասնում ու պետական բարձրաստիճան պաշտոնյայի միայն մեկ կիսամյակի խախուսական գումարը հասնում է թոշակառուի 10 տարվա թոշակին։

10 հազար դրամ թոշակ բարձրացրեցին, որպեսզի արդարացնեն իրենց տրված միլիոնները։

Երկիրը թաղել են պարտքերի տակ, իրենց միլիոնների խրախուսումներ են բաժանում։ Առանց այդ էլ միլիոնների աշխատավարձ ու պարգևավճար են ստանում։ Բայց համարում են, որ դա իրենց «հագով» չէ։

Երբ եկան իշխանության՝ գրպաններում սուրճի փող չունեին, հիմա հարյուր-հազարներով չեն բավարարվում։ Ժամանակին ասում էին՝ պատրաստ ենք անվճար ծառայել ժողովրդին, հիմա ժողովրդին են ծառայեցնում իրենց ու իրենց բարեկեցությանը։ Իրենք վայելում են պետական միջոցները, իսկ ժողովուրդը գոյություն է քարշ տալիս։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31