«Իրավական գործընթացների ճնշման ներքո Ադրբեջանն ուղեկալները չի հանի. մինչև քաղաքական սանկցիաներ չլինեն, Ադրբեջանը չի փոխի վարքագիծը». Արա Ղազարյան

Միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ապրիլի 23-ին հայտարարել էր, որ Լաչինի միջանցքում ապրիլի 23-ին ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան:

Ըստ Եղիշե Կիրակոսյանի՝ Ադրբեջանի քայլը Հաագայի դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման խախտում է, ինչի մասին ներկայացվել է Հայաստանից Հաագա ուղարկված նամակում:

Ի՞նչ սպասել Հաագայի դատարանից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի փետրվարի 22-ի որոշումը՝ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Եթե մաքսակետերն ապամոնտաժելու որոշում լինի, իրատեսակա՞ն է, որ այս անգամ Ադրբեջանը կկատարի այս որոշումը։

168.am-ի հետ զրույցում միջազգային իրավունքի փորձագետ, իրավաբան Արա Ղազարյանը պատասխանելով այս հարցերին՝ ասաց, որ իրատեսական չի համարում, որ Հաագայի դատարանի որոշումն Ադրբեջանը կկատարի, քանի որ Ադրբեջանը որոշել է գնալ նման ռիսկի, այսինքն՝ ուղղակիորեն հակադրվել միջազգային հանրությանը։

Կարդացեք նաև

«Չեմ կարծում, որ այս փուլում զուտ իրավական գործընթացների ճնշման ներքո այդ ուղեկալներն Ադրբեջանը կհանի։ Մյուս կողմից էլ՝ այս իրավական գործընթացներն անհրաժեշտ են, որպեսզի հետո քաղաքական գործընթացներում լինեն չափանիշներ, որոնց վրա պետք է հիմնվել, այնպես, ինչպես մենք ենք այժմ հիմնվում Հաագայի դատարանի նախկին որոշումների վրա, օրինակ, ականների կեղծ պատմությունը և այլն։ Այնպես որ՝ այս գործընթացը մի կողմից՝ անհրաժեշտ է, բայց մյուս կողմից՝ շատ քիչ հույս կա, որ Ադրբեջանը կենթարկվի դատարանի որոշմանը։ Մինչև քաղաքական սանկցիաներ չլինեն, Ադրբեջանն ըստ էության չի փոխի իր վարքագիծը»,- նշեց Արա Ղազարյան։

Հարցին՝ Հաագայի դատարանը որոշումներ կայացնելուց հետո այն իրականացնելու համար ժամկետներ նշո՞ւմ է, Արա Ղազարյանը պատասխանեց, որ սովորաբար մինչև այժմ կայացվել են որոշումներ միայն հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Բնականաբար, այստեղ ժամկետներ չի նշվում, որովհետև ակնհայտ է, որ անմիջապես պետք է որոշումը կատարվի։

«Սակայն նաև նշվում է, որ որոշակի ժամանակահատվածում պետք է պետությունը ներկայացնի, թե ինչ միջոցներ է ձեռնարկել։ Կարծում եմ՝ խոսքը 1-2 ամսվա մասին է։ Եթե նկատել եք, Հայաստանը սպասում է, բայց որևէ բան չկա, և նորից նոր փաստեր է ներկայացնում։ Այսինքն՝ դատարանի որոշումն անհապաղ պետք է կատարվեր, հաջորդ օրը, և որոշումը բողոքարկման ենթակա չէ»,- շեշտեց նա։

Միաժամանակ Արա Ղազարյանն ընդգծեց, որ միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումների չիրականացնելը միանշանակ ազդում է Ադրբեջանի հեղինակության վրա։

«Ադրբեջանը դեռևս ունի քաղաքական ռեսուրսներ, որպեսզի կարողանա հակակշռել, բայց արդեն Ադրբեջանի ներսում էլ կան կարծիքներ, որ դատարանների որոշումների չկատարելը միջազգային իրավական ատյաններում նրա հեղինակության վրա լուրջ ազդեցություն են թողնում։

Այսինքն՝ ձևավորում է ավտորիտար, ավելին՝ տարածաշրջանում խաղաղությունը վտանգող պետության պատկերը։ Դրա համար Ադրբեջանը փորձում է կեղծ նարատիվներ օգտագործել, որ, օրինակ, Հայաստանը չի ուզում բանակցել, բանակցային սեղանից հեռու է, չի կատարում 2020 թվականի պայմանագրի կետերը՝ փորձելով այդ ամենով հակակշիռներ ստեղծել։

Սակայն տարբերությունն այն է, որ Հայաստանն ունի դատական ակտ, իսկ իրենք չունեն։ Միջազգային հանրությունն առաջին հերթին հավատում է դատական ակտին։ Ի վերջո, փաստը մեր կողմն է, փաստը շատ հասարակ է՝ իրենք ուղղակի բլոկադայի են ենթարկել 120 հազար բնակչի։

Բնականաբար, սա չի արվում այդ մարդկանց բարօրության համար, այլ էթնիկ զտման նպատակով Է։ Եվ շատ ավելի հեշտ է սա մատուցել միջազգային հանրությանը, քան Ադրբեջանն է մատուցում, հայտարարելով, որ կարգ ու կանոնի համար են անում, կամ, որ բնապահպանները խաղաղ ակցիաներ են իրականացնում, բայց հո նրանք ամիսներով չե՞ն կարող անել։ Պարզ է, որ սա Ադրբեջանի կողմից իրականացվող գործընթաց է»,- եզրափակեց Արա Ղազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս