Եպիսկոպոսների և Փաշինյանի ստորագրած թուղթն իրավական ուժ չունի. Արա Ղազարյան
Հունվարի 4-ին Նիկոլ Փաշինյանը և հանրության շրջանում «տիրադավներ» անվանումը ստացած եպիսկոպոսները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի կեցավայրում, որտեղ էլ ընդունել են, այսպես կոչված, «Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման» վերաբերյալ հայտարարություն։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ մեկ առ մեկ ցույց է տալիս, թե ինչպես են իր հակաեկեղեցական ու հակակաթողիկոսական արշավին միացած եպիսկոպոսները ստորագրում այդ թղթի տակ, իսկ արդեն րոպեներ անց նա հրապարակել էր այդ թուղթը։
Ի՞նչ իրավական ուժ ունի Նիկոլ Փաշինյանի և «տիրադավներ» անվանումը ստացած անձանց ստորագրած թուղթը։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը պատասխանելով այս հարցին՝ նկատեց.
«Կարծում եմ՝ այդ թուղթն իրավական ուժ չունի, այն կարելի է ներկայացնել մի խումբ մարդկանց, այսպես ասած՝ արտահայտվելու ազատություն։ Ուղղակի, քանի որ Նիկոլ Փաշինյանն է այդ թուղթը ստորագրել, դա վերագրվում է արդեն վարչապետի ինստիտուտին։ Սա պետք է հետազոտել, չեմ մտաբերում որևէ իրավական փաստաթուղթ, որը կարգավորում է նման գործողությունները։ Կա սահմանադրական նորմ, որ եկեղեցին անջատվում է հանրային ծառայությունից»։

Արա Ղազարյանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ եկեղեցին անջատ է հանրային ծառայությունից, ավելին՝ եկեղեցին էլ ունի շատ կարևոր իրավունքներ, իսկ գլխավորն ինքնավարության իրավունքն է։
«Այս ամենը հետազոտման առարկա է, չեմ կարծում, որ կա որևէ օրենք, որը կարգավորում է նման գործողությունները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մեր զրուցակիցը։
Արա Ղազարյանը նաև շեշտեց՝ այս ամենով խախտվում է չեզոքության պարտավորությունը և կրոնական համայնքի ավտոնոմ իրավունքը։
«Միանշանակ թվարկածս իրավունքներն այս ամենով խախտվում են։ Գործադիր իշխանությունը չպետք է միջամտի եկեղեցու կանոնական հարցերին, դավանաբանության հետ կապված խնդիրներին, կաթողիկոսի ընտրություններին, նույնիսկ Եվրոպական դատարանի որոշումներ կան դրա հետ կապված։ Կրոնական համայնքն ունի ինքնավարության իրավունք, որը պետք է հարգի գործադիր իշխանությունը։ Այս քայլերն իսկապես այդ սկզբունքների ակնհայտ խախտում է»,- նշեց Արա Ղազարյանը։

Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերին էին 10 եպիսկոպոսներ հանդիպել Նիկոլ Փաշինյանին, Վեհափառ հայրապետին հեռացնելու երդում տվել նրան, որին էլ արդեն հաջորդեցին հայտարարություններ նրանց կողմից, նույնիսկ գրոհ կազմակերպեցին Մայր տաճարի դեմ։
