«Վեհափառի նկատմամբ քրական հետապնդումը հակաիրավական է, իրավաբանություն չկա, մաքուր քաղաքական է». Արա Ղազարյան

Փետրվարի 17-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկած Եպիսկոպոսաց հավաքը այսօր կավարտի աշխատանքները։ Հավաքին մասնակցում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ամենայն Հայոց Կաթողիկոսության 25 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, այդ թվում` Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից։

Ամենայն Հայոց կաթողիկոսը մասնակցել է հեռավար, քանի որ Հայաստանի իրավապահները Վեհափառ հայրապետին արգելել են լքել երկրի սահմանները։

Հիշեցնենք, որ Դատախազությունը Վեհափառի նկատմամբ հարուցել է քրեական հետապնդում, ինչն, ըստ Քննչական կոմիտեի՝ կապված է Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի հետ։ Նա կարգալույծ էր հռչակվել, ինչից հետո դիմել էր դատարան, և դատարանն ապահովել էր նրա պահանջը, ըստ Դատախազության՝ Վեհափառը «խոչընդոտել է այդ ակտի կատարմանը»։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը բազմիցս խոսել է պետություն-եկեղեցի այս հակասության մասին՝ ասելով, որ այն, ինչ տեղի է ունենում, անօրինական է։

Կարդացեք նաև

«Կարճ ասեմ՝ Վեհափառի դեմ հարուցված քրական հետապնդումը հակաիրավական է, որովհետև քրեական գործն ընդհանուր առմամբ կրոնական համոզմունքների տեսանկյունից անհամաչափ է, որովհետև դա պետք է լուծվի կրոնական համայնքի ինքնավարության շրջանակներում։ Եթե պետությունը որոշել է մտնել այդ ինքնավարության դաշտը, պետք է շատ զգույշ լինի։

Ինչ վերաբերում է Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցին, ապա ինքներդ դատեք՝ Վեհափառի նկատմամբ ի՞նչ խափանման միջոց։ Խափանման միջոցները կոնկրետ ֆունկցիա ունեն, օրինակ, կանխել ինչ-որ մի արարք, մարդու լեզուն էլ չի պտտվում ասել՝ սրանով կանխում են Վեհափառի փախո՞ւստը։ Բոլորն էլ հասկանում են՝ գործընթացը մաքուր քաղաքական է, այստեղ իրավաբանություն չկա, այս ամենը կարող ենք հենց այս մեկ նախադասությամբ ասել ու ավարտել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արա Ղազարյանը։

Հարցին՝ միջազգային պրակտիկայում նման դեպքի հանդիպե՞լ է, Արա Ղազարյանը պատասխանեց՝ Եվրոպական դատարանն այս պահին քննում է գործ, որը կրկին պետություն-կրոնական կազմակերպություն-համայնք հակասության մեջ է, ընդհուպ՝ մինչև կաթողիկոսի ընտրություն։

«Եվրոպական դատարանն ասում է՝ պետությունը պարտավոր է հարգել դավանաբանության մեկնաբանությունը, օգտագործում է ինքնավարության իրավունքը, այսինքն՝ միջազգային իրավունքում կա կայուն մոտեցում, որ նման հարցերը պետք է համայնքի ներսում որոշեն։ Այլ բան է, որ հարցը հանրային նշանակություն ունի։ Օրինակ, մի գործ կար, որտեղ Ճեմարանի դասախոսին աշխատանքից ազատում են, դասախոսն իր աշխատավարձը ստանում էր բյուջեից։ Դա կարող է համարվել որպես Աշխատանքային օրենսգրքով կարգավորվող հարաբերություն, բայց այստեղ մենք այդ իրավիճակը չունենք։

Բայց այն, ինչ հիմա է տեղի ունենում, աշխատանքային հարաբերություններ չի ներառում, սա ավելի շատ համայնքի ներսում կրոնական համոզմունքների հետ կապված է։ Այսինքն՝ կարգալույծ անելու ընթացակարգն աշխատանքային իրավահարաբերություններ չի ներառում, հետևաբար՝ այստեղ շատ հարցական է նաև դատարանի որոշումը։ Նույնիսկ, եթե մենք հեռանանք քաղաքական կոնտեքստից, որը բոլորս էլ հասկանում ենք, որ կա, և իրավական կանոններով նայենք, նույնիսկ այս հարցը դրան չի դիմանում, էլ չեմ խոսում խափանման միջոցի մասին»,- ընդգծեց Արա Ղազարյանը։

Նշենք, որ Մայր Աթոռը պաշտոնական հայտարարությամբ դատապարտել էր դատախազության կողմից Վեհափառ հայրապետի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը։

«Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ։

Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ակնհայտ հակասահմանադրական և հակաօրինական այս կեցվածքով իշխանությունը խոչընդոտում է Վեհափառ Հայրապետի հովվապետական գործունեությունը։

Այս ամենը նաև անհարգալից վերաբերմունք է միլիոնավոր հավատացյալների և դարավոր այն կառույցի հանդեպ, որը եղել և մնում է հայոց պետականության անսասան հենասյունը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում անհապաղ վերանայել Հայոց Հայրապետի, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և քարտուղարի նկատմամբ կայացված ապօրինի որոշումները, ինչը պառակտում է մեր հասարակությունը, նսեմացնում հայրենի պետության վարկն ու հեղինակությունը»,- նշված էր Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս