Պատեհ առիթի դեպքում՝ կլինենք այդ խստացումների ականատեսը. Տնտեսագետը՝ Արևմուտքից տնտեսական արձագանքների մասին
ԱՄՆ առևտրային դեպարտամենտի պատվիրակության Երևան այցից հետո հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը արտահանման սահմանափակումներ է մտցրել 10 երկրների 28 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց մեջ կա նաև հայաստանյան ընկերություն։
Ու մինչ մասնագիտական տարբեր շրջանակներ ահազանգում էին, թե Վաշինգտոնը ստիպում է Երևանին միանալ հակառուսական պատժամիջոցներին, The New York Times պարբերականն ուղղակի Հայաստանին մեղադրեց՝ պատժամիջոցները շրջանցելու համար ՌԴ-ին աջակցելու մեջ:
Թերթը վկայակոչել էր ԱՄՆ հարկային ծառայությունների և առևտրի նախարարության աշխատակիցների մասնակցությամբ մարտի 24-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացված նյութերը, որոնց համաձայն՝ 2022 թվականին, նախորդ տարվա համեմատ, Միացյալ Նահանգներից Հայաստան չիպերի և պրոցեսորների ներկրումն աճել է 515 տոկոսով։ Նույն ապրանքատեսակների ներկրումը ԵՄ պետություններից Հայաստան 2022 թվականին աճել է 212 տոկոսով։
«Ներկրված արտադրանքի 97 տոկոսը հետագայում վերաարտահանվել է Ռուսաստան»,- պնդել էր ամերիկյան պարբերականը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ի դեպ, այսօր անդրադառնալով այս իրողություններին, չի բացառել հայաստանյան ընկերությունների՝ երկրորդային սանկցիաների տակ հայտնվելու հավանականությունը:
Լրագրողների հետ զրույցում նախարարը, այդուհանդերձ, վստահեցրել է՝ Հայաստանը որևէ կերպ չի փորձում օժանդակել ՌԴ-ին սանկցիաների շրջանցման հարցում։ Նախարարը հիշեցրեց` Հայաստանը ՌԴ-ի հետ գտնվում է նույն մաքսային և տնտեսական գոտում, ինչը նշանակում է, որ ապրանքների տեղաշարժը երկրների միջև ազատ է։
«Այդ մտահոգությունը փարատելու համար մենք խոսում ենք մեր գործընկերների հետ»,- հավելել է նախարարը:
ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում նկատեց, որ մեր հանդեպ արևմտյան կողմն այդ հարցում դեռևս լոյալություն է ցուցաբերում, իսկ հիմնական պատճառն առավելապես աշխարհաքաղաքական է. «Դրանով փորձում են Հայաստանը հեռացնել Ռուսաստանից՝ հասկանալով, որ այս անվտանգային խորացող ռիսկերի իրավիճակում այդ տնտեսական բարձր աճն ինչ-որ չափով կհավասարակշռի ներքաղաքական վիճակը»:
Նա վստահ է, որ պատեհ առիթի դեպքում այդ խստացումների ականատեսը կլինենք:
Ի դեպ, տնտեսագետը նկատեց, որ իշխանությունների կողմից այս թեմային անդրադարձերը ևս պատահական չեն, ըստ նրա՝ այս կերպ նախապատրաստում են հաջորդ փուլի հիմքերը:
«Այսինքն՝ եթե այս տարի խոստացված բարձր աճը չլինի, այս անգամ էլ՝ պատկերավոր մեղավոր ունենան. ասեն՝ սահմանափակումները խստացվել են, կամ որոշակի միջոցներ են կիրառվել, և դրա հետևաքով է այսպես եղել:
Այսօրվա իշխանությունն առաջնորդվում է ոչ թե տնտեսական զարգացման և կայուն աճի հեռանկարներով, այլ աթոռը պահելու բացառիկ շահով, և եթե այդ պահին պետք է տնտեսական աճ գովերգել, դա են անում, եթե արդեն նկատում են, որ գահավիժման փուլ են մտնում, հիմքեր են ստեղծում, որ դա փորձեն իրենցից հեռացնել,- պարզաբանեց Թադևոս Ավետիսյանը և հավելեց՝ չի կարծում, թե Արևմուտքի լոյալությունը կերկարի,- Սա հաշվի առնելով՝ նաև շատ կարևոր էր, որ 2022 թվականի բարձր տնտեսական աճի մակրոգործոնները կապիտալացվեին (սա է, որ համարում ենք կորցրած հնարավորություն): Տնտեսական աճ ունենալը մի բան է, բայց այդ տնտեսական աճը տնտեսական կայուն զարգացմանն ուղղելը՝ այլ բան. պահանջվում է աշխատանք, հետևողականություն, ինչն այս իշխանություններին հակացուցված է»:
Տնտեսագետն ուշադրություն հրավիրեց նաև երկրի անվտանգային խնդիրներով պայմանավորված տնտեսական անվտանգության խորացող ռիսկերի վրա՝ արձանագրմամբ, որ դրական ֆոնի, իներցիոն գործոններով բարելավված ցուցանիշների բացակայության պարագայում լինելու են լրջագույն հետևանքներ: