Հայաստանն աստիճանաբար մտնում է պատժամիջոցների տակ. Ահա, թե ինչու է ԱՄՆ-ը սկսել արտահանման սահմանափակումներ կիրառել հայկական ընկերությունների նկատմամբ

Հայաստանի արտահանման մեջ կան ապրանքներ, որոնք չեն արտադրվում, բայց դրանց արտահանումն անգամներով ավելացել է։ Սա այն է, ինչ մտնում է վերարտահանումների տակ։

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումից հետո, երբ բազմաթիվ ապրանքների ուղղակի մատակարարումները ռուսական շուկա դադարեցին, հնարավորություններ ստեղծվեցին այլ երկրներից դրանք ներմուծել ու արտահանել Ռուսաստան։ Դրա արդյունքում էլ Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրային հարաբերություններն արտահանման մասով կտրուկ մեծացել են։

Այս տարվա առաջին երկու ամիսներին մատակարարումները ռուսական շուկա 3,4 անգամով աճել են։

Անցած տարի արտահանումը կազմել էր 149 մլն դոլար, այս տարի անցել է 509 միլիոնից։

Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններում վերարտահանումների արդյունքում առաջին անգամ արտահանումը նույնիսկ գերազանցել է ներմուծմանը։

Արտահանման մեջ երբեմն հանդիպում են միլիոնավոր դոլարների հասնող ապրանքներ, որոնք ընդհանրապես չեն արտադրվում Հայաստանում։

Այդպիսի ապրանքներից են նաև վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտային միջոցները։

Այս տարվա միայն առաջին երկու ամիսներին այդ ապրանքախմբում ընդգրկված ապրանքների արտահանումն անցել է 109 մլն դոլարից։ Այն դեպքում, երբ անցած տարի 5 միլիոնի չէր հասնում։ Մեկ տարում արտահանումն ավելացել է 22 անգամով։

Այդ ապրանքներն այլ տեղերից բերվել են ու արտահանվել։ Դա երևում է նաև ներմուծման ցուցանիշներում. ներմուծումը տարվա առաջին երկու ամիսներին աճել է 5,2 անգամով և կազմել շուրջ 285 մլն դոլար։

Սա ընդամենը մեկ օրինակ է պատկերացնելու, թե ինչպես է անցած տարվանից սկսած Հայաստանի արտաքին առևտուրը մեծ տեմպերով ավելանում։ Դրա արդյունքում էլ ունենում ենք թեʹ առևտրի, և թեʹ տնտեսության նման բարձր աճեր։

Արտահանվող այդպիսի ապրանքները բավական շատ են և ամենևին չեն սահմանափակվում միայն վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտային միջոցներով։

Պաշտոնական տվյալներով, տարեսկզբի առաջին երկու ամիսներին Հայաստանից արտահանվել է ավելի քան 169 մլն դոլարի մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ։ Անցած տարի այս ապրանքների արտահանումը կազմել էր ընդամենը 9 մլն դոլար։

Տարբերությունը հասնում է 18 անգամի։

Հայաստանում այդպիսի ապրանքներ արտադրվում են, բայց տասնյակ անգամներով ավելի քիչ, քան կազմել է արտահանումը։

Տարեսկզբի առաջին երկու ամիսներին Հայաստանում արտադրվել է ընդամենը 5 մլն դոլարի էլեկտրական սարքավորումներ։ Եվս 4 միլիոն կազմել են այլ խմբերում չներառված մեքենաներն ու սարքավորումները։ Ընդհանուրը՝ 9 մլն դոլար, երբ միայն արտահանումն անցնում է 169 միլիոնից։

Որտեղի՞ց այդ ապրանքները, եթե չեն արտադրվել։ Այս հարցի պատասխանը տեսնում ենք ներմուծումների մեջ։ Մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների ներմուծումն այս տարի ավելացել է 2,7 անգամով՝ անցնելով 355 միլիոնից։ Դրա մի մասն էլ, բնականաբար, արտահանվել է։

Հինգ անգամով աճել է նաև սարքերի և ապարատների արտահանումը, չնայած դրանց ծավալները համեմատաբար ավելի քիչ են՝ 2 ամսում 20 մլն դոլար։

Այս ապրանքների ներմուծումների ու արտահանումների այսպիսի հսկայական աճերն են, որոնք կասկածներ են հարուցում Միացյալ Նահագների ու Արևմուտքի մոտ։ Դրա համար վերջին շրջանում սկսել են ավելի ուշադիր հետևել Հայաստանի արտաքին առևտրի տեղաշարժերին։

Նաև դրա հետ էր կապված օրերս ԱՄՆ առևտրային դեպարտամենտի պատվիրակության այցը Երևան։ Որքան էլ այն ներկայացվեց ԱՄՆ-Հայաստան առևտրային հարաբերությունների խորացման կոնտեքստում, նպատակն իրականում այլ էր։ Այս այցից հետո հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը արտահանման սահմանափակումներ է մտցրել 10 երկրների 28 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց մեջ կա նաև հայաստանյան ընկերություն։ Եվ դա զարմանալի չէ. ԱՄՆ-ը ևս դարձել է այն երկրներից մեկը, որտեղից ապրանքներ են ներմուծվում՝ վերարտահանումների նպատակով։

Առաջին հերթին դրանով է պայմանավորված Հայաստան ներմուծման այն հսկայական աճը՝ 4,3 անգամով, որը տարեսկզբին նկատվել է Միացյալ Նահանգներից։ Նախորդ տարվա 25 միլիոնից այն հասել է 107 միլիոնի։

Փոխարենը՝ Հայաստանից ԱՄՆ արտահանման առումով «մեռած» վիճակ է։ Այն առանց այդ էլ մեծ չէր, ավելի է կրճատվել՝ կազմելով հազիվ 6 մլն դոլար։ Կիսով չափ պակաս,  քան անցած տարի։

Առկա աշխարհաքաղաքական փոփոխություններն իրենց ազդեցությունն են թողել նաև Հայաստանի արտահանման ապրանքային կառուցվածքի վրա։

Մատակարարումների ամենամեծ բաղադրիչը թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերն են, թանկաժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը։

Ընդհանուր արտահանման մեջ այս ապրանքների ծավալը հասել է գրեթե 21 տոկոսի՝ անցնելով անգամ հանքահումքային ապրանքներին, որոնք տարիներ շարունակ արտահանման առաջատարն են եղել։ Թանկարժեք-կիսաթանկարժեք քարերի, ոսկու ու ոսկյա զարդերի արտահանումը գերազանցել է 208 մլն դոլարը։ Այն 82 միլիոնով ավելի է նաև պատրաստի սննդի արտադրանքի արտահանումից։ Աճը նախորդ տարվա համեմատ 3,5 անգամ է։ Բայց ի տարբերություն բազմաթիվ այլ ապրանքների, այս աճը կապ չունի Ռուսաստան մատակարարումների հետ։ Այդ ապրանքներն արտահանվել են հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններ։

Դրանով է պայմանավորված, որ այս երկրի հետ ևս արտահանումների ռեկորդային բարձր աճ է գրանցվել՝ նախորդ տարվա համեմատ 16,5 անգամով։

ԱՄԷ արտահանումը տարեսկզբի 2 ամիսներին հասել է 162 մլն դոլարի՝ անցած տարվա շուրջ 10 միլիոնի փոխարեն։

Այդ ցուցանիշով այդ երկիրը դարձել է Հայաստանի արտահանման երկրորդ ամենախոշոր գործընկերը՝ Ռուսաստանից հետո։ Ռուսաստանի մասնաբաժինը անցնում է՝ 51, իսկ ԱՄԷ-ինը՝ 16 տոկոսից։

Ադամանդյա և ոսկու ու ոսկուց պատրաստված արտադրատեսակների արտահանման ծավալների արձանագրված կտրուկ աճերը կարող են կապ ունենալ նաև ռուսական շուկայի հետ, այնքանով, որ դրանց մի մասը կարող էր ներմուծվել Ռուսաստանից և հայկականի անվան տակ վերարտահանվեր։

Կան նաև այլ ապրանքներ, որոնց արտահանումները ևս անգամներով աճել են, բայց դրանք մեծ ծավալ չեն կազմում։ Արտահանման կառուցվածքում հիմնական փոփոխությունները տեղի են ունեցել վերը նշված ապրանքատեսակների մասով, որոնք ավելի հաճախ կապված են մեր տնտեսությունից անկախ գործոնների հետ, բայց մեծապես «ծաղկացնում» են տնտեսական ցուցանիշները՝ հաճելի պահեր պարգևելով իշխանություններին և ոչինչ չավելացնելով քաղաքացիների եկամուտներում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս