Ի՞նչ սպասել Հարավային Կովկասում մինչ մայիսի 24-ը․ ինչո՞ւ է Ալիևը շտապում

Արևմտյան և ռուսական հեղինակավոր պարբերականները վստահեցնում են, որ Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո մեկ ամսից սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններն Էրդողանի համար կդառնան մեծ փորձություն։ Եթե քվեարկության առաջին փուլում թեկնածուներից որևէ մեկին չհաջողվի ստանալ ձայների կեսից ավելին, ապա երկու շաբաթ անց տեղի կունենա երկրորդ փուլը։ Վերլուծաբանների համոզմամբ՝ այն դաշինքը, որը խորհրդարանում մեծամասնություն կստանա, կկարողանա երկրորդ փուլում ավելի մեծ աջակցություն ցուցաբերել իր թեկնածուին։ Հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանի կուսակցությունը կարող է շարունակել մնալ խորհրդարանի ամենամեծ քաղաքական ուժը, սակայն նրան միանշանակ չի հաջողվի ստանալ ձայների մեծամասնությունը։

Ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի՝ Քեմալ Քըլըչդարօղլուի տարբերությունը Էրդողանի ցուցանիշներից կազմում է մոտ 2 տոկոսային կետ։ Սա հետևում է ապրիլի սկզբին «Optimar» հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հարցումից, որին մասնակցել է մոտ 5 հազար մարդ։ Բացի Էրդողանից ու Քըլըչդարօղլուից՝ ընտրություններին մասնակցում են նաև «Memleket» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն և «Ata» դաշինքի թեկնածու Սինան Օհանը:

«Ո՞ւմ օգտին եք քվեարկելու նախագահական ընտրություններում» հարցին՝ մասնակիցների 45,9%-ը պատասխանել է՝ «Էրդողանի օգտին», Քըլըչդարօղլուի անունը տվողները 43,9%-ն են: Ինջեի օգտին մտադիր է քվեարկել 8,3 տոկոսը, Սինան Օհանի աջակցությունը կազմում է 1,7 տոկոս: 18-24 տարիքային խմբում Էրդողանի օգտին քվեարկելու մտադրություն ունեցողների մասնաբաժինը կազմում է 13,6%, Քըլըչդարօղլուին պատրաստ է աջակցել 15,2 %, Ինջեին՝ 19,5 %, իսկ Օհանին՝ 15,3 %։

Ըստ մի շարք վերլուծաբանների՝ մայիսի 14-ին Թուրքիայում սպասվող նախագահական ընտրությունները և Էրդողանի՝ իշխանությունը կորցնելու հեռանկարը ճակատագրական է նաև Հարավային Կովկասի համար, քանի որ այս մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանն էլ ավելի է մեծացնելու ճնշումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ մինչ Թուրքիայում հնարավոր իշխանափոխությունը հետպատերազմյան իրավիճակից և Էրդողանի աջակցությունից առավելագույնը քաղելու նպատակով։

Կարդացեք նաև

168․am-ի հետ զրույցում ռուս արևելագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Ադրբեջանի շտապողականությունն ունի մի քանի պատճառ։ Նրա խոսքով՝ Թուրքիայի ներքին զարգացումները և Էրդողանի՝ ընտրություններում չհաղթանակելու գործոնն առկա է, բայց ոչ այնքան առանցքային, որքան աշխարհաքաղաքական իրավիճակը, որը զարգանում է Ռուսաստանի ու Իրանի շուրջ, առաջինը՝ Ուկրաինայում, երկրորդը՝ Մերձավոր Արևելքում։

«Ադրբեջանն արել է բոլոր հնարավոր կանխատեսումները։ Եվ Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքերի ամրապնդումը՝ մասնավորապես ուկրաինական հակամարտությունում, ինչպես նաև Իրանի ամրապնդվող դիրքերը Պարսից ծոցի ավազանում, հարաբերությունների կարգավորումը Սաուդիան Արաբիայի հետ Չինաստանի միջնորդությամբ, որը մեծ ազդակ դարձավ ողջ ռեգիոնի համար, մտահոգում է Ադրբեջանին։ Իսրայելը ևս կարծես էլ ավելի չի սրում հռետորաբանությունն Իրանի ուղղությամբ։ Ադրբեջանին մտահոգում են նաև ռուս-իրանական սերտացող և ընդլայնվող հարաբերությունները, որոնք մոտենում են ռազմավարականին, և կողմերը փաստաթուղթ են նախապատրաստում։ Դա ևս ավելի վճռական է դարձնելու Իրանին Հարավային Կովկասում։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի շուրջ իրավիճակի փոփոխության դեպքում անմիջապես փոխվելու է ՌԴ քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Ներկայումս հայ-ադրբեջանական հակամարտությունը մեծապես ազդվում է աշխարհաքաղաքական տեղաշարժերից և հատկապես՝ Իրանի ու Ռուսաստանի դիրքավորումից։ Ռուսաստանի հարավկովկասյան թուլությունից, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններում միտումնավոր գեներացվող խնդիրներից, Արևմուտքի միջամտությունից Ադրբեջանը չափազանց շատ օգտվեց և շարունակում է օգտվել, քանի դեռ կա դրա աշխարհաքաղաքական հնարավորությունը։ Արևմուտքն իր քայլերով նպաստում է դրան և Արևմուտքը հասավ նրան, որ արևմտյան դիտորդներ տեղակայվեն ՀՀ-ում, որոնք չեն նպաստում ՀՀ անվտանգության բարձրացմանը, այլ պարզապես ապահովում են արևմտյան ներկայություն ռեգիոնում, որը փորձելու են էլ ավելի ընդլայնել՝ հասնելով ՌԴ լիակատար դուրսբերման ռեգիոնից։ Այս հարցում ՌԴ իրական դաշնակիցն Իրանն է, և իրավիճակը կանխորոշող զարգացումներն Իրան-Ռուսաստան-Չինաստան-Արևմուտք հարաբերություններում են»,- ասաց վերլուծաբանը։

Նա նաև այն կարծիքին է, որ Ադրբեջանը հասկանում է՝ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի նկատմամբ ամիսներ շարունակ նախապատրաստվող հակագրոհի ֆոնին Ռուսաստանն էլ ավելի է ընկղմվել ուկրաինական հակամարտության մեջ և գտնվում է սպասման, պատասխան քայլերի գծագրման փուլում։

«Ռուսաստանի համար նաև չափազանց կարևոր է, որ այլ գոտիներում նոր ճակատներ չստեղծվեն, բայց քանի որ պատերազմի դաշտում կարող են իրավիճակները փոխվել կտրուկ կերպով, ապա Ադրբեջանը հնարավորինս շտապելու է՝ անտեսելով նաև արևմտյան ներկայությունը»,- նկատեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա, փորձագետի կանխատեսումների համաձայն՝ Էրդողանի իշխանությանը վտանգ է սպառնում վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ։

«Կանխատեսումներ անելը չափազանց բարդ է, ընդդիմության թեկնածուի հնարավորությունները համարյա թե այնքան են, որքան իշխող ուժինը, և երկրում ստեղծված տնտեսական վատթար իրավիճակը նպաստում է ընդդիմության թեկնածուի դիրքերի ամրապնդմանը։ Ասեմ նաև այն, որ Էրդողանն այնքան խնդիրներ ունի այսօր, որ շատ ավելի քիչ է զբաղվում նաև Ադրբեջանի խնդիրներով, և հայ-թուրքական հարաբերություններով՝ առավել ևս։ Բայց Ալիևն Էրդողանի աջակցության քողը մինչև նրա իշխանության ավարտ կօգտագործի»,- մեկնաբանեց ռուս թուրքագետը։

 

Տեսանյութեր

Լրահոս