Անվտանգային ճգնաժամի նոր փուլ. ԱՄՆ-Իրան երկխոսության փակուղին

ԱՄՆ-Իրան օրերս ստորագրված փոխըմբռնման հուշագիրը խախտվեց ստորագրումից հետո առաջին անգամ։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ հունիսի 26-ին ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև ափամերձ ռադիոլոկացիոն կայաններին:

Վաշինգտոնում հայտարարել են, որ դա պատասխան էր Հորմուզի նեղուցում իրանական կողմից առևտրային նավի վրա կատարված հարձակմանը, ուստի դա անհրաժեշտ էր նավագնացության ազատությունը պաշտպանելու համար:

Հունիսի 26-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն առնվազն չորս անօդաչու թռչող սարք է արձակել Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա, որոնցից մեկը հարվածել է բեռնատար նավի վերին տախտակամածին։

Իր հերթին, իրանական Tasnim գործակալությունը հայտնել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ հարվածների մասին: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը «բռնությանը կպատասխանի բռնությամբ»:

Կարդացեք նաև

ԻՀՊԿ-ն պնդում է, որ հետ է մղել ամերիկյան ուժերի հարձակումը և զգուշացրել, որ ԱՄՆ-ի գործողություններն «անպատասխան չեն մնա»՝ խոստանալով «ջախջախիչ հարված»: Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ անցած գիշեր ԱՄՆ բանակի կողմից Իրանի հարավային ափին գտնվող ափամերձ հսկողության մի քանի օբյեկտների վրա ավիահարվածները ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի առաջին կետի ակնհայտ խախտում են։

«Իրանի արտաքին գործերի նախարարությունը վճռականորեն դատապարտում է անցած գիշեր ԱՄՆ բանակի կողմից Իրանի հարավային ափին գտնվող օբյեկտների վրա հասցված ավիահարվածները: Իրանը ափամերձ հսկողության մի քանի օբյեկտների վրա հարվածները դիտարկում է՝ որպես ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ստորագրված Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի առաջին կետի ակնհայտ խախտում»,- նշվում է հայտարարության մեջ:

Իրանի ԱԳՆ-ն ընդգծում է, որ միևնույն ժամանակ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումը, որը համակարգվել է ԱՄՆ-ի հետ, փոխըմբռնման հուշագրի առաջին կետի ակնհայտ խախտում է:

«Իրանը, ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, իր ողջ ուժով կպաշտպանի իր ինքնիշխանությունը, անվտանգությունը և ազգային շահերը: Իրանի զինված ուժերի կողմից ԱՄՆ դիրքերի ուղղությամբ պաշտպանողական բնույթի հարվածների հասցնելը նույնպես տեղի է ունեցել այդ շրջանակներում: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը կրում են ԱՄՆ-ը և այն կողմերը, որոնք ինչ-որ ձևով մասնակցում են Իրանի դեմ հարձակումներին»,- ասվում է հայտարարության մեջ:

ԱԳՆ-ում նշել են, որ Իրանը Պարսից ծոցի հարավային մասում գտնվող երկրներին կոչ է անում պահպանել միջազգային իրավունքի նորմերը և բարիդրացիության սկզբունքը՝ կապված Իրանի վրա հարձակումներ իրականացնելու համար իրենց տարածքների օգտագործումը թույլ չտալու հետ:

Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հորմուզի նեղուցում վերջին ժամերին տեղի ունեցած միջադեպերն ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջնականապես վերացրին վերջերս ստորագրված փոխըմբռնման հուշագրից հետո ձևավորված լավատեսական սպասումները։

Նրա խոսքով, ինչպես և կանխատեսում էին շատերը, այս սրացումը ցույց է տալիս, որ դիվանագիտական պայմանավորվածությունները չեն դարձել անվտանգային մեխանիզմ, իսկ հակամարտող կողմերի միջև վստահության մակարդակը մնում է ցածր։

«Տեղի ունեցածը ցույց է տալիս, որ երկու պետությունների միջև առկա հիմնարար հակասությունները շարունակում են գերակայել բանակցային գործընթացի նկատմամբ։

Դժվար չէ կանխատեսել, որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը կանխորոշում է անկայունության մի փուլ, որտեղ ցանկացած տեխնիկական կամ անզգույշ միջադեպ կարող է վերաճել լայնամասշտաբ ռազմական բախման։ Կարելի է ակնկալել լարվածության աճ Պարսից ծոցի ավազանում՝ իր բոլոր հետևանքներով, այդ թվում՝ ազդեցություն էներգակիրների գլոբալ մատակարարման շղթաների վրա։ Այստեղ նորություն չկա հարակից ռեգիոնների համար, Իրանը շարունակելու է կենտրոնացած մնալ Հարավային Կովկասում Իսրայելի կամ ԱՄՆ-ի ազդեցության մեծացման հարցի վրա, զուգահեռաբար՝ սահմանային անվտանգության մասին մտածելով։ Իրանի այս դիրքավորումը մոտ ապագայում կպահպանվի, քանի դեռ չկա կայունություն ԱՄՆ-ի հետ գործարքներում»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Նրա խոսքով, պետք է արձանագրել, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները մտնում են փակուղի, որտեղ «վերջնական համաձայնության» մասին խոսելը դեռևս շատ վաղ է։

«Հուշագիրը դարձել է միայն դիվանագիտական արձանագրություն՝ առանց իրական մեխանիզմների։ Հետևաբար, գլոբալ դերակատարները պետք է պատրաստ լինեն երկարատև անորոշության»,- ասաց վերլուծաբանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում էր Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությունը։ Իրանի փոխնախագահը ՀՀ-ում հանդիպել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, հանդիպման ընթացքում Գրիգորյանն ու Փուրմոհամմադին քննարկել էին սահմանային անցակետի արդիականացման և սահմանահատման թողունակության բարձրացման վերաբերյալ հարցերը: Նրանք անդրադարձել էին նաև տրանսպորտի, էներգետիկայի, առևտրատնտեսական հարաբերությունների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընթացքին: Փուրմոհամմադին հանդիպել է նաև Նիկոլ Փաշինյանի հետ։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը: Մասնավորապես, երկրորդ կամրջի և նոր տերմինալի կառուցման, մաքսային ոլորտում համագործակցության հետևողական զարգացման ու մաքսային ընթացակարգերին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է էներգակիրների ոլորտում փոխգործակցության զարգացումը։

Անդրադարձ է կատարվել ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, ինչպես նաև գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը միտված քայլերին։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և նոր հնարավորությունների շուրջ»,- ասված էր հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930