Ինչո՞ւ Իսրայելը կասեցրեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը

Վերջին շաբաթների ընթացքում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ մեծ աղմուկից հետո հայտնի դարձավ, որ Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քվեարկությունը։ Այս մասին  գրել է JNS-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի։

Ավելի վաղ՝ հունիսի վերջին, Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն էր տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին։ Այդ քայլից հետո հարցը պետք է ներկայացվեր Քնեսեթի՝ Իսրայելի խորհրդարանի հաստատմանը։ JNS-ի փոխանցմամբ՝ քվեարկության կասեցումը տեղի է ունեցել դիվանագիտական զգայուն ժամանակահատվածում՝ տարածաշրջանում նոր լարվածության ֆոնին։ Լրատվամիջոցը հիշեցրել է, որ վերջին ամիսներին Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են Գազայի պատերազմի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ Իսրայելի հասցեին հնչեցրած սուր հայտարարությունների պատճառով։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, որը կառավարությունում ներկայացրել էր ճանաչման առաջարկը, ավելի վաղ հայտարարել էր, որ դա ճիշտ քայլ է և պատմական արդարության հարց։ AP-ի հաղորդմամբ՝ Իսրայելի կառավարությունը որոշումը հիմնավորել էր նաև Թուրքիայի կողմից պատմական փաստերի ժխտման և նվազեցման քաղաքականությամբ։ Թուրքիան Իսրայելի կառավարության այդ որոշումը որակել էր քաղաքական դրդապատճառներով պայմանավորված քայլ։

Ըստ JNS-ի՝ խորհրդարանական քվեարկությունը կասեցնելու որոշումը կարող է դիտարկվել՝ որպես Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի մաս։ JNS-ը նաև նշում է, որ նախորդ ամիս Ադրբեջանի իշխանությունները դատապարտել էին Իսրայելի կառավարության որոշումը և կոչ արել այն հետ շրջել։ Պարբերականն ընդգծում է, որ Ադրբեջանը պատմական կապեր ունի՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ՝ Իսրայելի հետ և երկար ժամանակ փորձում է միջնորդական դեր ունենալ երկու երկրների միջև։ Քնեսեթը շաբաթվա վերջին պետք է գնա ամառային արձակուրդի, և ըստ JNS-ի՝ նստաշրջան չի անցկացնի մինչև հոկտեմբերի 27-ին նախատեսված ազգային ընտրությունները։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկության  կասեցումը հերթական անգամ ապացուցում է, որ պատմական արդարության հարցերը հաճախ ստորադասվում են ընթացիկ աշխարհաքաղաքական շահերին և «Realpolitik» կանոններին։ Նրա խոսքով, թեև Իսրայելի կառավարության հավանությունը դիտարկվում էր՝ որպես պատասխան քայլ Անկարայի կոշտ հակաիսրայելական հռետորաբանությանը, Քնեսեթում քվեարկության կասեցումը վկայում է Թել Ավիվի զգուշավորության մասին: Ըստ վերլուծաբանի՝  իսրայելական վերնախավը գիտակցում է, որ Ցեղասպանության պաշտոնական ճանաչումն անդառնալիորեն կլարեր իրավիճակը Թուրքիայի հետ հարաբերություններում՝ զրկելով Իսրայելին ապագայում Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու որևէ հնարավորությունից։

«Ակնհայտ է, որ առանցքային նշանակություն ունի Թուրքիայի հետ հարաբերությունները ծայրահեղ սրացումից զերծ պահելու Իսրայելի  ցանկությունը։ Չնայած Էրդողանի կոշտ հայտարարություններին և տնտեսական սահմանափակումներին՝ երկու երկրների միջև կապերը լիովին խզված չեն։ Իսրայելի համար Թուրքիան մնում է կարևոր աշխարհագրական և լոգիստիկ հարթակ, որի հետ լիակատար դիմակայությունը կարող է էլ ավելի բարդացնել Իսրայելի շուրջ ձևավորված սպառնալիքների օղակը։ Բանաձևի սառեցմամբ Թել Ավիվը «դիվանագիտական դադար» է վերցնում՝ ցույց տալով, որ պատրաստ չէ գնալ վերջնական կամուրջների այրման, հատկապես, երբ միջազգային ճնշում կա Իսրայելի նկատմամբ տարբեր հարցերով»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

Մյուս կողմից, նրա կարծիքով, այս գործընթացում, ամենայն հավանականությամբ, որոշիչ դեր խաղաց Ադրբեջանի ակտիվ միջնորդական և լոբբիստական գործունեությունը։

«Բաքուն, ունենալով ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Թուրքիայի հետ և խորը ռազմաքաղաքական գործընկերություն Իսրայելի հետ, հայտնվել էր բարդ իրավիճակում։ Ադրբեջանի համար Թուրքիա-Իսրայել լիակատար բախումն անցանկալի սցենար է, քանի որ այն կարող է վտանգել Բաքվի շահերը, որտեղ իսրայելական զենքն ու թուրքական աջակցությունը հավասարապես կենսական են։ Ակտիվորեն միջամտելով և Թել Ավիվին կոչ անելով հետ կանգնել այդ քայլից՝ Ադրբեջանը ոչ միայն հանդես եկավ որպես Անկարայի շահերի պաշտպան, այլև փորձեց պահպանել տարածաշրջանային ուժերի այն հավասարակշռությունը, որն իրեն թույլ է տալիս մանևրել երկու դաշնակիցների միջև»,- ասաց նա:

Վիկտոր Նադեին-Ռաևսկին գտնում է, որ ներքաղաքական օրակարգն ու սպասվող ընտրությունները լրացուցիչ պատրվակ դարձան հարցը երկարաժամկետ «դարակներում» տեղավորելու համար։

«Նմանատիպ մարտավարությունը նորություն չէ իսրայելական քաղաքականության մեջ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը տասնամյակներ շարունակ օգտագործվել է որպես քաղաքական մտրակ Թուրքիայի դեմ, որն ակտիվանում էր հարաբերությունների վատթարացման պահերին և անմիջապես սառեցվում՝ հենց  դիվանագիտական հետնաբեմում սկսվում էին կուլիսային առևտուրն ու հաշվարկները։ Ուստի Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հերթական կասեցումը ոչ թե պատահականություն էր, այլ հստակ հաշվարկված աշխարհաքաղաքական նահանջ։ Թել Ավիվը գերադասեց չխորացնել հակամարտությունը Թուրքիայի հետ և ընդառաջեց Ադրբեջանի միջնորդական հորդորներին՝ լինելով ներկայումս ոչ այնքան պարզ արտաքին քաղաքական իրավիճակում»,- պարզաբանեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031