Առաջին պատուհանի պարագայում պետք է իրականացվեն անհրաժեշտ գործողություններ. տնտեսագետը՝ Արցախում տնտեսական բուֆերների ստեղծման մասին

110 օր շարունակ Արցախի Հանրապետությունը շրջափակման մեջ է: Տնտեսագետներն արձանագրում են՝ Արցախը կարող է զրկվել տնտեսական կյանքից. հաշվարկվել է՝ շրջափակման հետևանքով օրական առնվազն 1.9 միլիոն դոլար են կազմում Արցախի ֆինանսատնտեսական կորուստները:

Տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանը թեև այս պահին բարդագույն խնդիր է համարում Արցախում տնտեսական երաշխիքների ու բուֆերների ստեղծման մասին քայլերը, այդուհանդերձ նկատում է՝ այդ ուղղությամբ պետք է մշակվեն ծրագրեր:

«Պետք է ամեն դեպքում ելնել այն կանխավարկածից, որ շրջափակումը միջազգային ճնշումների և այլնի ներքո վերացել է (հայկական իշխանություններին չեմ ուզում հղում անել, որովհետև այստեղից նույնիսկ հնչում են մեսիջներ, թե արցախցիները պետք է իրենց խնդիրների շուրջ բանակցեն և հասկանան): Պետք է նաև հասկանալ, որ դա ռիսկեր ու մարտահրավերներ ունեցող գործընթաց է, որը կարող է պարբերաբար կրկնվել, և, հետևաբար, ցանկացած առաջին պատուհանի պարագայում պետք է իրականացվեն անհրաժեշտ գործողությունները»,- մանրամասնեց տնտեսագետը:

Իրավիճակին համարժեք գործողությունները դիտարկելով կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքներով՝ Լիլյա Ամիրխանյանը կարճաժամկետ հեռանկարում կարևորեց հաշվարկների անհրաժեշտությունը՝ նկատելով, որ շրջափակման այս օրերը առիթ են՝ հասկանալու, թե անհրաժեշտ ապրանքների ինչ ժամկետայնության և պահեստավորման ինչ չափեր պետք է դիտարկել, և թե դրա համար ինչ ենթակառուցվածքներ են անհրաժեշտ:

Կարդացեք նաև

Երկարաժամկետ պլանավորման դեպքում, ըստ նրա, բացի դասական և սպասվող գործընթացներից՝ տնտեսական հզորությունների զարգացում, ներքին արդյունքի աճի, մարդկանց եկամուտների ինքնաբավության ավելացում, պետք է փորձել պլանավորումն իրականացնել՝ ելնելով Արցախի տնտեսության կառուցվածքից:

«Իսկ Արցախի տնտեսության կառուցվածքում առավելապես գերակշռում է գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, և ավելի քիչ մասնաբաժին ունեն առևտուրն ու ծառայությունները՝ ի տարբերություն Հայաստանի տնտեսության: Ինչն էլ իր հերթին, տնտեսական երաշխիքների և անվտանգության համատեքստում դիտարկելիս, ունի՝ ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական կողմեր:

Դրական է այն ենթատեքստում, որ  գյուղատնտեսական, արտադրական և արդյունաբերական կարողությունների զարգացման պարագայում ինքնաբավությունը, և արտաքին գործոնների բացակայության պարագայում (ինչպես շրջափակման ժամանակ) տնտեսությանը հասցվող վնասները գուցե ոչ այնքան արագ լինեն և ոչ այնքան խորը լինեն, որքան, եթե տնտեսական կառուցվածքում գերիշխող լինեին ծառայությունների և առևտրի ոլորտները:

Բայց կառուցվածքային այդպիսի առանձնահատկությունը նաև իր բացասական կողմն էլ ունի, քանի որ շրջափակման պարագայում տնտեսական հզորությունների գործարկման համար անհրաժեշտ նյութատեխնիկական և այլ ներմուծումների կասեցման պարագայում՝ տնտեսության անկումը շատ արագ է գրանցվում»,- պարզաբանեց տնտեսագետը:

«Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով կոնֆլիկտայնությունը և մոտ հեռանկարում որևէ կերպ լավատեսություն չներշնչող զարգացումները՝ պետք է որդեգրվի հակազդող կամ դիմադրող տնտեսության մոդելը: Վերջինս ենթադրում է ինքնաբավության վրա շեշտադրում, այդ թվում՝ առաջին անհրաժեշտությանն ու տնտեսական անվտանգությանն առնչվող ուղղություններում:

Դրա համար, բնականաբար, անվտանգային կայուն միջավայր է անհրաժեշտ, մեծ ֆինանսական ռեսուրսներ և ժամանակ է անհրաժեշտ, ինչն Արցախի համար այսօր սուղ է, և, իհարկե, կամք է պետք՝ նման ծրագրեր ներմուծելու, իրականացնելու համար»,- ամփոփեց Լիլյա Ամիրխանյանը:

Տեսանյութեր

Լրահոս