«Ադրբեջանին տալու որևէ բան չունենք, թե վերևներում ինչ կորոշեն, ինչ չեն որոշի՝ իրենց խնդիրն է». Ոսկեպարի գյուղապետ

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելուց հետո, Ադրբեջանի իշխանությունների կողմից ռազմատենչ ու պահանջատիրական հայտարարությունները չեն դադարում։

Նրանք մեկ առաջ են քաշում Արցախի Կաշենի հանքի շահագործումն Ադրբեջանին հանձնելու պահանջը, մեկ էլ՝ հիշեցնում, թե Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի «ադրբեջանական 8 գյուղեր»։

Վերջին հարցը Ադրբեջանը բազմիցս է թմբկահարել՝ հայտարարելով, որ եթե ժամանակին Տավուշի որոշ գյուղերում ադրբեջանցիներ են ապրել, ուրեմն՝ դրանք «ադրբեջանական են»։ Նրանց այդ ոճին ու տրամաբանությանը համապատասխան՝ բազմաթիվ հայ պատմաբաններ հայտարարել են, որ եթե առաջնորդվեն Ադրբեջանի տրամաբանությամբ, ապա հայերն էլ ժամանակին ապրել են Բաքվում, Սումգայիթում ու այլ քաղաքներում ու բռնի տեղահանվել են կամ ենթարկվել կոտորածի, ուստի պետք է հայերին էլ վերադարձնեն այդ քաղաքները։

Ի դեպ, պատմական արխիվներում պահպանվում են վկայություններ, ըստ որոնց՝ ադրբեջանցիները ժամանակին եկել են Հայաստան՝ անասնապահությամբ զբաղվելու համար, քանի որ Հայաստանն ունեցել է հարուստ արոտավայրեր։ Նրանք իրենց հետ բերել են նաև իրենց ընտանիքներին և որոշ ժամանակ անց արոտավայրերի համար հաստատվել են Հայաստանում։

Կարդացեք նաև

Երեկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կրկին հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում 8 գյուղ պետք է «վերադարձվի» Ադրբեջանին։

Ըստ նրա, այս գյուղերում «հարյուրամյակներ շարունակ ադրբեջանցիներ են ապրել, այդ պատճառով վերադարձվեն Արրբեջանին»։

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի ղեկավար Իշխան Աղբալյանը 168.am-ի հետ զրույցում՝ արձագանքելով Բայրամովի հայտարարությանը, ասաց, որ Ադրբեջանին որևէ տարածք, գյուղ չունեն տալու։

«Այս թեմայի շուրջ շատ ենք խոսել ու մշտապես ասել ենք՝ մենք մեզ համար այստեղ ապրել ենք ու շարունակում ենք ապրել, Ադրբեջանին տալու որևէ բան չունենք։ Թե հիմա վերևներում ինչ կորոշեն, ինչ չեն որոշի՝ իրենց խնդիրն է։

Սա մեր հողն է, մենք այստեղ ենք ապրում։ Եթե այս ամենը մեզանից է կախված, իհարկե, որևէ բան չենք տալու, բայց ի՞նչ իմանանք՝ ինչ կլինի։ Այս հողն արյան գնով է ձեռք բերված։ Թուրքն ասում է՝ հողն արյունով են վերցնում կամ տալիս։ Այնպես չէ, որ պետք է վերցնես ու տաս»,- եզրափակեց Ոսկեպարի գյուղապետը։

Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականի մայիսի սկզբին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր տելեգրամյան ալիքում հրապարակեց փաստաթուղթ, նշելով, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը, որով 6 գյուղ է հանձնելու ադրբեջանին, իսկ դրա դիմաց պահանջում է, որ Ադրբեջանը Հայաստանին վերադարձնի մի քանի հայ գերիների ու հայկական տարածքից դուրս բերի իր զորքը։

2021 թվականի մայիսի 20-ին՝ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ նման փաստաթղթի նախագիծ է քննարկվում և դրա ստորագրումը բխում է Հայաստանի շահերից։

Տեսանյութեր

Լրահոս