«Փաշինյանի լպիրշությունն այն աստիճանի է հասել, որ 5000-ից ավելի մարդ կոտորեց, բայց հոխորտում է, ահաբեկում». Հռիփսիմե Առաքելյան

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. այդ օրերին Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում տնից կասկա և բրոնեժիլետ վերցնել և մեկնել ռազմաճակատ, քանի որ, ըստ նրա՝ դա մեր երկրորդ Սարդարապատն է: 44-օրյա պատերազմի արդյունքում ունեցանք հազարավոր զոհեր, վիրավորներ, ի վերջո, կորցրինք Արցախը: Հիմա Փաշինյանն ասում է, որ սխալվել է, որ այն ժամանակ հայրենասիրության այլ մոդելի մեջ է եղել:

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում հեռուստալրագրող Հռիփսիմե Առաքելյանը ցավով արձանագրեց, որ արյունալի պատերազմից 5 տարի անց Փաշինյանը, որը խոստովանել էր, որ կարելի էր նույն արդյունքն ունենալ, պարզապես առանց զոհերի, չի կանգնել դատարանի առջև՝ պետական դավաճանի հոդվածով դատապարտվելու, բայց Առաքելյանը լիահույս է, որ այս «դարակազմիկ հանցագործությունների համար, որ այդ մարդը կատարել է հայ ժողովրդի հանդեպ՝ Արցախից մեզ զրկելու խայտառակ ակտի շրջանակում, նա միանշանակ պատասխան է տալու»:

Նիկոլ Փաշինյանն այսօր միայն ՔՊ համագումարից լուսանկար էր հրապարակել, որում ինքը խոնարհված է, այն մակագրելով. «Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»: Ոչ մի խոսք ո՛չ Արցախի, ո՛չ իր մարտակոչի, ո՛չ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին:

«Փառք նահատակներին՝ այն նահատակներին, որոնց ինքը կասկա-բրոնեժիլետ վերցնելու և ռազմաճակատ մեկնելու կոչ էր անում, և արդյունքում սեպտեմբերի 27-ից այդ կոտորածը՝ հատուկ օպերացիան, որը հեղինակեց նա՝ թշնամի ղեկավարի հատուկ ցուցումով, կամ հատուկ պրովոկացիա արեց, որ դա տեղի ունենա, այդ կասկա-բրոնեժիլետներով տարավ՝ 5000-ից ավելի մարդու կոտորեց և արդյունքում ամբարտավան կերպով հոխորտում է մեզ վրա:

Կարդացեք նաև

Այսօր նա արդեն ահաբեկում է բոլորիս: Խոսքի ազատությունը մեր երկրում տոտալ սահմանափակվել է: Իր լկտիությունն ու լպիրշությունն արդեն հասել է այն չափերի, որ այլևս ինքը չի էլ ամաչում և նույնիսկ այդ ամենի տակ կեղծ օրենք էլ չի դնում, ասում է՝ ես այսպես եմ ուզում, այսպես եմ անում: Բայց այս բարձիթողի վիճակի պատճառը նաև մենք ենք, որ թույլ ենք տալիս այս սարսափելի հանցագործությունները կատարի մեր գլխին:

Մենք չենք կարողանում բռնել նրա ձեռքը, բայց նա մուրճով… Մի մարդ, որ 2020թ. կոտորածից հետո 2021-ին մուրճով գնար խորհրդարանական ընտրությունների, հետո ո՞նց կարող էր նույնը չլինել: Կարող է այս անգամ էլ կացինով գնալ ընտրությունների: Նրա լկտիության և լպիրշության չափը հասել է այնպիսի գերադրական աստիճանի, որ նա կարող է արդեն մուրճի փոխարեն՝ կացինը ձեռքին գնալ-մասնակցել նախընտրական քարոզարշավին»,- շեշտեց Հռիփսիմե Առաքելյանը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս