Մեր կոնկրետ հարցերն ու առաջարկներն արել ենք Նիկոլ Փաշինյանին առաջին հանդիպման ժամանակ, գա, տեսնենք՝ ինչ է պատասխանելու. Ոսկեպարի գյուղապետ

Մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը գնացել էր Տավուշի մարզ, հանդիպել սահմանամերձ գյուղի բնակիչների հետ, հայտնել, որ տարածքներ պետք է հանձնվեն Ադրբեջանին, «այն տարածքները, որոնք հայկական չեն», հիմնավորելով, որ եթե այդ քայլին չդիմեն, վաղը կարող է Ադրբեջանը դիմի պատերազմի։

Մարտի 18-ից հետո իշխանության տարբեր ներկայացուցիչներ, իշխանական պատգամավորներ սկսեցին հայտարարել, թե այն տարածքները, որոնք հանձնվելու են Ադրբեջանին՝ «հայկական» չեն։ Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ-ում Կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելու ժամանակ հայտարարեց, թե որևէ երաշխիք չկա, որ, օրինակ, Տավուշից գյուղեր տան Ադրբեջանին՝ Ադրբեջանը չի դիմի սադրիչ գործողությունների։

Այսօր կրկին լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանը գնում է Ոսկեպար։

168.am հետ զրույցում Ոսկեպարի գյուղապետ Իշխան Աղբալյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի այցի վերաբերյալ դեռևս որևէ բան չգիտի, նրա այցի վերաբերյալ բնակիչներին բան չեն ասել, ինքն էլ նոր է լսել:

Կարդացեք նաև

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնալո՞ւ է, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Իհարկե, անպայման գնալու եմ, իմ գյուղն է գալու, իմ գյուղի վերաբերյալ հարցեր են քննարկելու, ինչպե՞ս չգնամ»։

Հարցին՝ կոնկրետ ի՞նչ հարցեր ունի Նիկոլ Փաշինյանին ուղղելու, գյուղապետը պատասխանեց.

«Մենք մեր հարցերն ու առաջարկները Նիկոլ Փաշինյանին արել ենք դեռևս առաջին հանդիպման ժամանակ, կգա, կտեսնենք՝ ինչ է պատասխանելու»։

Թե որո՞նք են եղել կոնկրետ հարցադրումներն ու առաջարկները, մեր զրուցակիցն ասաց, որ այս պահին շատ զբաղված է, ժամանակ չունի մանրամասնելու, հետո կխոսի։

Հիշեցնենք, որ օրերս Նոյեմբերյանի փոխհամայնքապետ Սամվել Բուդաղյանը 168.am-ին ասել էր, որ կիսում է համայնքապետի տեսակետն այս ամբողջ գործընթացների վերաբերյալ։ Իսկ համայնքապետը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ասել էր, որ ներկայացրել են կոնկրետ պահանջներ, որոնցից մեկը միակողմանի զիջումների չգնալն է, այսինքն, եթե հայկական կողմը տարածքներ է զիջելու, ապա Ադրբեջանն էլ իր հերթին՝ պետք է վերադարձնի 90-ականներին օկուպացրած հայկական տարածքները։

Տեսանյութեր

Լրահոս