
«Խառնածին լակոտ-լուկուտն այսօր եկել ու մեզ ասում է՝ «հրաժարվեք Արցախից, Արարատից, Արևմտյան Հայաստանից, երազանքից, ինքնությունից…». Դավիթ Մշեցի

Բանաստեղծ, 2016 թվականի ապրիլյան քառօրյա, 2020 թվականի 44-օրյա պատերազմների մասնակից Դավիթ Մշեցին վերջին մի քանի օրերի ընթացքում հետևում է, թե ինչպես է իշխանությունը թուրք-ադրբեջանական պահանջով, ամեն բան վերացնելու մոլուցքով առաջ շարժվում՝ սրբություն, արժեհամակարգ, և, թե այդ ամենին ինչպես է արձագանքում հանրությունը։
«Եթե դու ուզում ես Արարատ լեռը քո ինքնությունից ջնջես, դու պետք է անպայման դատի տաս համաշխարահային քաղաքակրթությանը, սկսած՝ շումերներից։ Ամեն ինչ բացառապես կապվում է Արարատի ու հայ մարդու հետ: Այսինքն՝ սա միասնական է. եթե դու ուզում ես այս ամենը ջնջես քո ինքնությունից, պետք է հայտ ներկայացնես համաշխարհային քաղաքակրթությանն ու գիտությանը, ասելով՝ «եղբա՛յր, դուք սխալ եք, որովհետև նման բան չի եղել, փաստերը, պատմությունը, դավանաբանական կարգակառույցները պետք է ջնջեք երկրի երեսից, Աստվածաշունչն էլ՝ հետը»։
Հիմա այս իշխանությունն իրեն այնքան է երևակայել, որ փորձում է «անունը սրտից քերել, կամ գույնը վարդից քերել», ինչն անհնարին է։ Ենթագիտակցորեն հայ մարդը վարդի ու գույնի նման կապված է Արարատի հետ, արյան ու սրտի նման ձուլված։
Հիմա որ վաղը խնդիր դնի, որ պետք է դավանափոխ լինեն ու նամազ անեն՝ կգնան կանեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց բանաստեղծը՝ խոսելով իշխանությունների կողմից հայկական արժեքների դեմ մղվող պայքարի ու դրա նպատակների մասին։
Ըստ նրա, այս դեպքում պետք է համաշխարհային քաղաքակրթությանը հարցնել՝ «Ի՞նչ կա, տղերք»։
«Նույն Հերբերտ Ուելսն իր «Խնձոր»-ում այս ակնարկ-հարցը մեզ ուղղում է՝ ասում է. «այս իմաստնության խնձորի բանալին ձեզ մոտ է, երբ չեք հասկանում ու այն մեկ բաժակ ջրով ու մի քիչ հացով վաճառում եք ուրիշին, այդ ուրիշը վերցնում ու չի կարողանում օգտագործել՝ կորցնում է, որովհետև գաղտնիքը միայն դուք գիտեք»։
Հիմա երեկ սրանք Արցախը տվել են, այսօր ՔՊ-ական պատգամավորներն ասում են՝ «ինչ եք մեծ-մեծ խոսում, Արցախ չէ, չգիտեմ ինչ»։ Երեկ Ջերմուկը մեր սուվերեն տարածքն էր, այսօր որ խոսում ենք, ասում են՝ «լո՞ւրջ եք ասում, դա պետք է քո՞նը լիներ»։
Այս խառնածին լակոտ-լուկուտն այսօր եկել ու մեզ ասում է, թե՝ հրաժարվեք Արցախից, Արարատից, Արևմտյան Հայաստանից, երազանքից, ինքնությունից, ամեն ինչից հրաժարվեք։ Երբ մարդու մեջ սպանում ես երազանք, նպատակ դնելու ցանկությունը, ի՞նչ ես անում՝ ինքնությունն ես ջնջում։
Սրանք այնքան պրիմիտիվ դեբիլներ են, որ առհասարակ աշխարհից տեղյակ չեն, որովհետև աշխարհի պատմության մեջ երբեք կայուն խաղաղություն չի եղել։ Պարթևներն ու Հռոմը կռվում էին, հետո դաշնագիր էին կնքում՝ 40 տարով իրար դեմ չհարձակվելու համար, բայց 3 տարի անց հարձակվում էին»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նրա բնորոշմամբ՝ սա բնության օրենքն է՝ եղիր ուժեղ և ավելի ուժեղ, որովհետև խաղաղություն չեն մուրում՝ նվաճում են։
«Մուրացկաններ կան, չէ՞, որոնց բոլորս էլ գումար ենք տալիս, բայց երբ նույն մուրացիկը մի քանի անգամ է գումար ուզում նույն օրվա մեջ, ճիշտ է, տալիս ես, բայց արդեն զզվելով։ Հիմա այս իշխանությունն այդ մուրացկանի դերում է»,- շեշտեց նա։
Բանաստեղծը նաև հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած «ղժղժում» էր, 2016 թվականի մայիսին էլ գնացել էր Արցախ՝ իբրև թե ապրիլյան պատերազմին մասնակցելու համար, հետևաբար՝ այսօր ինչո՞ւ է մեղադրում Լ. Տեր-Պետրոսյանին, թե՝ «Հայաստանից 18 տարեկան տղաներին ուղարկել է ՀՀ միջազգայնորեն չճանաչված տարածքում ծառայելու»։
«Գիտեք՝ զարմանալին այն է, որ, օրինակ, Գագիկ Մելքոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու մյուսները խոսում են կոռուպցիայից։ Գ. Մելքոնյանն ասում է՝ բանակում կոռուպցիա է եղել նախկինում, ու ոչ ոք նրան չի ասում՝ դու բանակում թիկունքի պետ ես եղել, այդ կոռուպցիան կարո՞ղ էր առանց քեզ լինել, եթե այդպես է, ուրեմն՝ հանցավոր անգործության համար պետք է դատվես։
Ախր, մենք Նիկոլին ինչպե՞ս կարող ենք լուրջ վերաբերվել. Նիկոլին հարել, նրան սատարել, ուղիղ նշանակում է՝ սատարել անսկզբունքայնությանը, անսրբությանը, ստախոսությանը, ամենավատ վարք ու բարքին։
Հիմա էլ Չորրորդ Հանրապետության սուտն է մեջտեղ բերել, ախր նրա ստերն այնքան շատ են։ Ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», Արցախը տվեց Ադրբեջանին։ 2021 թվականին ժողովրդին ասաց, թե ինքը պետք է ընտրվի, որ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա անի, արե՞ց, չարեց։ Կորոնավիրուսի ժամանակ ասում էր՝ «ժողովուրդ ջան, չվախենաք, տնական օղիով սաղ կհանենք», հանե՞ց, քանի՞ մարդ իրեն հավատալով մահացավ։ Ասում էր, թե ժողովուրդը «տուգանքի մատերիալ» չէ, իրենց կանանց ներքնազգեստը հանում, արագաչափերն էին փակում, հասարակ գույքահարկը, տեսեք՝ ինչքան են բարձրացրել։ 30-40 անգամ ամեն ինչ թանկացել է։
Հայաստանից ո՞վ ռիսկ կաներ գնար, մտներ Ադրբեջան, նրանց մեջ ապրեր ու Ադրբեջանի հերն անիծեր, հօգուտ մեզ, բայց Նիկոլին՝ Ադրբեջանի գործակալին, իր թիմով թողել են գալ Հայաստան»,- ընդգծեց Դավիթ Մշեցին։