«Հարցով սահմանապահներն են զբաղվում. Ինքս այս պահին զբաղված եմ սահմանի դրոշով՝ պատռվել է, խիստ զգուշացում են արել». Ոսկեպարի վարչական ղեկավար
Նախորդ տարի ապրիլին Տավուշում Ադրբեջանի հետ սահմանազատում ու սահմանագծում անելուց հետո, տևական դադարից հետո իշխանությունները նորից հայտարարեցին, որ գործընթացը կրկին շարունակելու են Տավուշից։
ՀՀ փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատում ու սահմանագծում իրականացնող հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանն օրերս լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից։
«Սահմանազատման վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հրապարակային է, վերջին հանդիպումից հետո մենք հրապարակել ենք և մատնանշել` ոնց ենք շարունակելու։ Իմ կարծիքով՝ մինչև սկսվելը մեկ հանդիպում էլ կլինի, որովհետև դեռ հարցեր կան քննարկելու»,- նշել էր Մ. Գրիգորյանը։
Հարցին՝ ո՞ր կողմի առաջարկն է եղել սահմանազատումը սկսել այդ հատվածից, փոխվարչապետը պատասխանել էր. «Դա ընդհանուր կոնսենսուսային որոշում է»։
Երբ խոսակցություններ շրջանառվեցին, որ գործընթացը շարունակվելու է Տավուշից, մեզ հետ զրույցում մի քանի տավուշցիներ նշեցին, որ մեծ մտահոգություններ ունեն, որ զիջումները ՀՀ իշխանությունների կողմից շարունակվելու են, ինչպես տեղի ունեցավ նախորդ տարվա ապրիլին։ Նրանց խոսքով՝ եթե այս անգամ էլ իշխանությունները գնան զիջումների, Կիրանցի նման կրկին շատ գյուղերի տարածքներ մնալու են Ադրբեջանի հսկողության տակ, իսկ Ոսկեպարը հնարավոր է դառնա անկլավ։
168.am-ը սահմանամերձ Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանից հետաքրքրվեց՝ արդյոք գյուղում սահմանազատման համար նախապատրաստական աշխատանքներ իրականացվո՞ւմ են, բնակիչներն ինչպե՞ս են տրամադրված գործընթացին։
Ի պատասխան՝ նա ասաց, որ դրանով սահմանապահներն են զբաղվում, իրենք դրա հետ կապ չունեն, հետևաբար՝ որևէ բան չի կարող ասել.
«Ինքս այս պահին կարևոր գործով եմ զբաղված՝ սահմանին դրոշի հետ կապված։ Սահմանին դրված դրոշը պատռվել է, խիստ զգուշացում են արել, տուգանքի ենթակա եմ, էլի։ Այնպես որ՝ հիմա ես այդ հարցերով եմ զբաղված։ Դրոշը քամուց է վնասվել, փոխում ենք»։



