
Կոռեկտ չեն արևային էներգետիկայի հետ տարվող քանակական զուգահեռները․ արևային հզորությունները չեն կարող ապահովել էներգետիկ անվտանգությունը․ Վահե Դավթյան

Ատոմակայանի շահագործումը մինչև 2036 թվականը երկարացնելը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը չափազանց կարևորում է, սակայն առաջարկում է մտածել երկարաժամկետ լուծումների մասին։
«Շահագործումը երկարացվելու է, ինչը տեղավորվում է Հայաստանի՝ ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի առջև ստանձնած պարտավորությունների մեջ, և իր հերթին նշանակում է, որ առաջիկա տարիներին մեր ընդհանուր էլեկտրաէներգետիկ համակարգում Հայկական ատոմակայանի բաժինն առնվազն կազմելու է 30 տոկոս։ Սակայն այս ամենին զուգահեռ՝ խնդիրը պետք է դիտարկել առավել հեռանկարային կտրվածքով․ մասնավորապես, անհրաժեշտ է կայացնել որոշում առ այն, թե ատոմային էներգետիկայի զարգացման ո՞ր սցենարով ենք մենք ուղղորդվելու» ,- 168․am-ի հետ զրույցում մանրամասնեց Վահե Դավթյանը՝ նկատելով, որ Հայաստանն այսօր կանգնած է ռազմավարական հետևյալ դիլեմայի առաջ՝ ընտրել փոքր հզորության մոդուլային կայանի նախագի՞ծ, թե՞ մեծ հզորության ատոմակայան։
Նկատենք՝ Հայաստանն իր էներգետիկայի պաշարի մեծ մասը ստանում է Մեծամորի ատոմակայանից, որի էներգաբլոկի շահագործման ժամկետը լրանում է 2036-ին: 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը վերջին անգամ երկարացվել է 2023-ին՝ մինչև նոր ատոմակայանի կառուցումը: Իսկ կառավարությունը դեռևս քննարկում է, թե ո՞ր երկրի տեխնոլոգիայով և ի՞նչ հզորության նոր միջուկային էներգաբլոկ պետք է կառուցել։ Ի դեպ, այս և այլ հարցերի Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաև օրերս «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովի շրջանակում կայացած հանդիպումներին։
Փոքր հզորության մոդուլային կայա՞ն , թե՞ մեծ հզորության ատոմակայան ընտրությանն անդրադառնալով՝ Վահե Դավթյանը նկատեց, որ երկուսն էլ ունեն իրենց առավելությունները, սակայն հավելեց․
«Դատելով իշխանությունների կողմից արվող հայտարարություններից և քննարկումների վեկտորից՝ ակնհայտ է, որ այսօր Երևանն ավելի հակված է ընտրել առաջին տարբերակը՝ փոքր մոդուլային ռեակտորի կառուցման տարբերակը։ Բայց եթե դիտարկում ենք երկարաժամկետ կտրվածքով, ապա ակնհայտ է՝ մեզ անհրաժեշտ է մեծ հզորության ատոմակայան (առնվազն 600 մեգավատտանոց)։ Նշածս հզորության ատոմակայանը կկարողանա ապահովել ոչ միայն ներքին պահանջարկը, որն իրապես հնարավոր է բավարարել եղած հզորությունների՝ հիդրո, ջերմային, վերականգնվող էներգետիկայի հաշվին, այլև՝ արտաքին պահանջարկը, եթե մենք փորձում ենք դիրքավորվել որպես էլեկտրաէներգիա արտահանող պետություն։
Դրա հետ մեկտեղ՝ ավանդական մեծ հզորության ատոմակայանի առկայությունը թույլ կտա Հայաստանին ապահովել խաղաղ ատոմ զարգացնող պետության բարձր ռազմավարական կարգավիճակը, որը մեզնից բացի չունի Հարավային Կովկասում ոչ մի երկիր (թեև գիտենք, որ նաև մեր շուրջը մեծ ատոմային էներգետիկան է դինամիկ զարգանում Թուրքիայում, Ադրբեջանն է քննարկումներ սկսում այս ուղղությամբ, Իրանում ու Մերձավոր արևելքում ռազմավարական որոշումը կայացված է հօգուտ խաղաղ ատոմի զարգացման, և այլն)»։
Վահե Դավթյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է գնահատում Նիկոլ Փաշինյանի՝ «երկու ատոմակայաններ»-ի մասին հայտարարություն-համեմատությունը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն օրերս կառավարության նիստին նկատի ունենալով արևային կայանները՝ ասել էր․ «Մենք երկու ատոմակայան ենք ստեղծել վերջին 7 տարում՝ առանց աղմուկ-աղաղակի»։
Ի պատասխան՝ Դավթյանն ասաց․ «Արևային էներգետիկայի հետ տարվող քանակական զուգահեռներն իրականում կոռեկտ չեն․ ինչո՞ւ, որովհետև եթե անգամ կառուցվեն երկու կամ երեք Մեծամորի ատոմակայանի հզորության արևային հզորություններ, սա չի կարող ապահովել մեր էներգետիկ անվտանգությունը։ Դրա պատճառները մի քանիսն են․ որևէ արևային կամ հողմային կայան չունեն այն բարձր ՕԳԳ-ն, որն ունի Ատոմակայանը, ուստի չունեն այն անվտանգային նշանակությունը համակարգի համար՝ հատկապես պիկային ծանրաբեռնվածության ժամանակ։
Մյուս կողմից, Հայաստանը, ինչպեսև վերականգնվող էներգետիկա զարգացնող երկրների մեծամասնությունը, չունեն անհրաժեշտ կուտակիչներ, որոնք կարող են թույլ տալ նույն արևային էներգետիկան դիտարկել՝ որպես էներգետիկ անվտանգության հենասյուն։
Առհասարակ, մշտապես պետք է զուգահեռներ անցկացնել միջազգային փորձի հետ․ մասնավորապես, վերջերս Իսպանիայում տեղի ունեցած խոշորագույն վթարը՝ բլեք աութը, մեզ ցույց տվեց, թե ինչո՞ւ չի կարելի «բոլոր ձվերը դնել մեկ զամբյուղի մեջ» և շեշտադրումը դնել բացառապես արևային էներգետիկայի վրա։ Ես կարծում եմ՝ այդ միջադեպը մեզ ցույց է տալիս ավելի մեծ ավանդական հզորությունների անհրաժեշտությունը»։
Ի դեպ, հիշեցնենք, որ Հայաստանի ատոմակայանը մշտապես գտնվել է Թուրքիայի և Ադրբեջանի թիրախում, նրանք մշտապես ձգտել են Հայաստանի ատոմակայանը փակել, զրկել Հայաստանին այդ էներգետիկ անվտանգային հզոր ռեսուրսից: Այնպես որ, Փաշինյանի, այդ թվում՝ արևմտյան որոշ կառույցների այդ մտասևեռումը պատահական չէ և պրոթուրքական, պրոադրբեջանական հերթական շահերի սպասարկման ենթատեքստ ունի:
Հիշեցնենք նաև, որ այս տարվա՝ 2025թ. հունիսի 1-ին Թուրքիայի Իգդիր քաղաքում 33 բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպություններ ցույց էին անցկացրել՝ կոչ անելով փակել Հայաստանում Մեծամորի ատոմակայանը: Ըստ Ermenihaber-ի, ակցիայի մասնակիցները նշել էին, որ չնայած Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը լրանում է 2025 թվականին, այն շարունակում է գործել։ Մերսինի բնության և շրջակա միջավայրի ասոցիացիայի նախագահ Սաբահաթ Ասլանն ասել է, որ Մեծամորի ատոմակայանը չափազանց բացասական ազդեցություն ունի շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա, հատկապես՝ Իգդիր նահանգում։
«Մեծամորի ԱԷԿ-ն աշխարհի ամենավտանգավոր ատոմակայաններից մեկն է։ Այն չափազանց բացասական ազդեցություն ունի շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա, հատկապես՝ Իգդիր նահանգում։ Դիմում ենք ատոմակայաններով զբաղվող միջազգային բոլոր կազմակերպություններին և ՀՀ կառավարությանը՝ փակեք Մեծամորի ԱԷԿ-ը, քանի դեռ Հայաստանը չի վերածվել Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի:
Մեր երկրի համապատասխան մարմինները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն: Մեր պայքարը կշարունակվի, քանի դեռ ԱԷԿ-ը չի փակվել»,- նշել էր նա: Նրա խոսքով՝ Իգդիրը մեծապես տուժում է ատոմակայանի շահագործման հետևանքներից։ Տարածաշրջանում կտրուկ աճել են քաղցկեղի դեպքերը, մարդիկ չեն կարողանում բուժվել, ավելանում է լեյկոզով ծնվող երեխաների թիվը։ Այդ կապակցությամբ Թուրքիայի կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի»։
Այնպես որ, Փաշինյանի կողմից մոդուլային կամ արևային կայանների մասին այդ հայտարարությունները պատահական չեն և ուղղված են Հայաստանի դեմ: Իսկ բնապահպանական և իրավապաշտպան կոչված կազմակերպությունները և Թուրքիայի, և Ադրբեջանի, և Արևմուտքի ձեռքին գործիքներ են, որոնցով քաղաքական հարցեր են առաջ մղվում: