Ադրբեջանը չի գնա հայելային հետքաշման, ավելին՝ հավակնում է շփման գծի այլ հատվածներում ռազմավարական բարձունքներ վերցնել. Հայկ Նահապետյան
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը շուտով կներկայացնի իր դիրքորոշումը Հայաստանի կողմից առաջարկված խաղաղության համաձայնագրի պայմանների վերաբերյալ։
Բայրամովն արձագանքել է նաև երկու երկրների զորքերը սահմանից դուրս բերելու՝ Երևանի առաջարկին, որի մասին օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել էր ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը: Նա մասնավորապես ասել էր. թե քննարկվել են և կշարունակվի քննարկվել հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հարցը։ «Կարծում ենք, որ զորքերի հետքաշումն իսկապես դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր նոր էսկալացիան։ Այստեղ չեմ ասում, որ ունենք համաձայնություն։ Սա գաղափար է, որը քննարկվում է»:
Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը պատասխանելով Միրզոյանի հնչեցրած առաջարկին՝ ասել էր.
«Եթե զորքերը դուրս բերվեն չսահմանազատված սահմանից, ո՞վ է երաշխավորելու, որ այնտեղ ոչինչ չի լինելու։ Այս առաջարկն անընդունելի է ադրբեջանական կողմի համար։ Ադրբեջանական բանակն այսօր պաշտպանում է իր սահմանները. Համաձայն չեմ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարության հետ սահմանից զորքերի դուրսբերման վերաբերյալ»:
Բայրամովը դա որակել է սխալ նախաձեռնություն մի իրավիճակում, երբ սահմանի վերաբերյալ համաձայնություն չկա։
168.am-ի հետ զրույցում ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանը մեկնաբանելով զորքերի հայելային հետքաշումը մերժելու վերաբերյալ Բայրամովի հայտարարությունը՝ նկատեց՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն առնվազն երեք անգամ ռազմական գործողություն է սկսել ՀՀ տարածքում՝ իշխող բարձունքներ և մարտական հենակետեր վերցնելու համար։
«Ամենալայնածավալ ռազմական գործողությունները եղան 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին, երբ ռազմավարական նշանակության բարձունք ու մոտ 60 հենակետ վերցրեց։ Այդ ամենը նա վերցրել է ոչ թե զուտ նրա համար, որ բարձունքներում իշխող առավելություն ունենա և վերահսկելի դարձնի Հայաստանի բավականին մեծ տարածք։ Նաև վերցրել է նրա համար, որ անհրաժեշտության դեպքում, եթե Հայաստանի դեմ սկսի ռազմական գործողություններ, ավելի շահեկան վիճակում լինեն ադրբեջանական զինված ուժերը։ Նրանք ուղղակի կրակահերթով կարող են լռեցնել հայկական մի քանի կմ հեռավորության վրա գտնվող մարտական ու կրակային հենակետերը՝ շփման գիծն ամբողջությամբ իրենց վերահսկողության ներքո կլինի։
Հետևաբար՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Ադրբեջանը պետք է այդ ամենը զիջի, եթե դա ստանալու համար երեք անգամ ռազմական գործողություն է իրականացրել: Բնականաբար, չի զիջելու»,- շեշտեց Հայկ Նահապետյանը։
Ըստ փորձագետի, զորքերի հայելային հետաքաշումը Փաշինյանի հերթական մտավարժանքներից մեկն է, ըստ որի, ինքը շատ խաղաղասեր է, որ հնարավորություն է ուզում տալ Ադրբեջանին, որպեսզի նա հայելային հետքաշումով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծի որոշակի դեմիլիտարիզացված գոտի, որտեղ ըստ Փաշինյանի ու նրա քաղաքական խմբակի՝ կարող են տեղավորվել ԵՄ դիտորդները, որոնք էլ կարող են երաշխիք լինել, որ Ադրբեջանը երբեք չհարձակվի։
«ԵՄ դիտորդները միայն Հայաստանում են, սա նշանակում է, որ նրանց աշխատանքի արդյունավետությունը, այն նպատակները, որոնց մասին իրենք բարձաձայնել ու հայտարարել էին՝ զրո է, որովհետև այդ դիտորդների աշխատանքն արդյունավետ կլիներ, եթե նրանք լինեին սահմանի երկու կողմերում։ Ադրբեջանը մերժել է ԵՄ դիտորդների ներկայությունն իր տարածքում, սա նշանակում է, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդներն ունեն այլ առաքելություն։ Փաստացի նրանք իրականացնում են հետախուզական աշխատանքներ՝ ընդդեմ Հայաստանի և իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և ռազմավարական գործընկեր Իրանի։ Ըստ այդմ, Ադրբեջանը երբեք այս տարածքներից հետ չի գնա։ Ավելին՝ Ադրբեջանը հավակնում է նաև շփման գծի այլ հատվածներում ռազմավարական բարձունքներ վերցնել»,- շեշտեց Հայկ Նահապետյանը։
Շարունակելով միտքը՝ մեր զրուցակիցն ասաց, որ այդ բարձունքները գտնվում են Հայաստանի և Նախիջևանի սահմանին, ինչպես նաև Տավուշի հատվածում։ Հետևաբար, այդ նպատակները հաշվի առնելով՝ Ադրբեջանը չի գնա հայելային հետքաշման, ինչը միայն Փաշինյանի ցանկությունն է։
«Փաշինյանն ու Ալիևը որքան շատ են խոսում խաղաղությունից, պատերազմն այնքան օր ու ժամ առաջ մոտենում է մեր երկրին։ Այնպես որ, նրանց դեպքում մենք պետք է զգուշանանք «խաղաղություն» բառից, նույնիսկ այն դեպքում, եթե պատերազմական հռետորաբանությամբ հանդես գան երկուսն էլ»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը։